Վրաստանի դատախազությունը նոր մեղադրանք է առաջադրել Սաակաշվիլիին

Միխեիլ Սաակաշվիլի, արխիվ

Մեղադրանքն ապացուցվելու դեպքում Վրաստանի նախկին նախագահին 3-8 տարվա ազատազրկում է սպառնում:

Այսօր հրապարակված այս նոր գործով Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ինչպես նաև ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլին և նախարարության հատուկ օպերատիվ դեպարտամենտի նախկին ղեկավար Էրեկլի Կոդուան մեղադրվում են 2005 թվականին պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու մեջ:

Դատախազության հայտարարությունում Սաակաշվիլին նշված է որպես հանցագործության կազմակերպիչ:

Դատախազության վարկածը այսպիսին է․ 2005 թվականի հունիսի 29-ին պատգամավոր, գործարար Վալերի Գելաշվիլին «Ռեզոնանս» թերթում հոդված է հրապարակել, որում քննադատել է Սաակաշվիլիին, մեղադրել է նրան իր ունեցվածքը վերցնելու մեջ, վիրավորական արտահայտություն է արել Սաակաշվիլիի անձնական կյանքի մասին:

«Գրուզիա օնլայն» պարբերականի փոխանցմամբ՝ դատախազությունը պնդում է, որ հոդվածը լույս տեսնելուց հետո Սաակաշվիլիին, անձնական վրեժխնդրությունից ելնելով, Գելաշվիլիին պատժելու նպատակով պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլիին հանձնարարել է հաշվեհարդար տեսնել պատգամավորի հետ, սակայն վերջինս հրաժարվում է:

Սաակաշվիլին դիմում է ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլիին: Ըստ դատախազության՝ ներքին գործերի նախարարության հատուկ օպերատիվ ծառայությունների ղեկավար Էրակլի Կոդուան իրականացնում է հանձնարարությունը: Հատուկ ջոկատայինները Թբիլիսիում շրջափակում են պատգամավորի ավտոմեքենան, հարձակվում նրա վրա և հրազենի խզակոթերով դաժան ծեծեի ենթարկում Վալերի Գելաշվիլիին ու նրա հետ գտնվող մարդկանց:

Գելաշվիլին գանգուղեղային վնասվածք է ստանում ու դեմքի ոսկորների ու ծնոտի բազմաթիվ կոտրվածքներ:

Սա մի նոր օղակ է Վրաստանի նախկին բարձրաստիճան պաշտոնյաների դեմ շարունակվող քրեական գործերից:

Մեկ շաբաթ առաջ՝ հուլիսի 28-ին, Վրաստանի գլխավոր դատախազությունը Միխեիլ Սաակաշվիլիի դեմ քրեական գործ է հարուցել պաշտոնական լիազորությունները չարաշահելու, 2007 թվականի նոյեմբերին ցուցարարների դեմ բռնություն կիրառելու, «Իմեդի» հեռուստաընկերություն ներխուժելու և աշխատակիցներին ծեծի ենթարկելու հրահանգներ տալու համար:

Օգոստոսի 2-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը Սաակաշվիլիին հեռակա կարգով կալանավորելու որոշում է ընդունել:

Միխեիլ Սաակաշվիլին հիմա գտնվում է Միացյալ Նահանգներում: Օգոստոսի 3-ին Նյու Յորքում նա հայտարարել է, որ իր դեմ գլխավոր դատախազության մեղադրանքները անհիմն են:

Եվրամիությունը, Միացյալ Նահանգները մտահոգություն են հայտնել Սաակաշվիլիի դեմ հարուցված մեղադրանքների կապակցությամբ:

ԱՄՆ-ի պետդեպարտամենտի հուլիսի 30-ի հայտարարությունում նշված է, որ իրավապահ համակարգը չպետք է վերածվի քաղաքական հաշիվները մաքրելու զենքի:

Մեկ օր առաջ՝ օգոստոսի 4-ին, Վրաստանի վարչապետ Իրաքլի Ղարիբաշվիլին, արձագանքելով Արևմուտքի մտահոգություններին, ասել է` իրենք սկսել են իրական ժողովրդավարական պետություն կառուցել, և ոչ մեկը չի կարող օրենքից վեր դասվել: Նա լիակատար աբսուրդ է համարել այն շահարկումները, թե «նախկին նախագահը իբր ավելի կարևոր է, քան պետականությունը»:

«Սպասենք հետաքննությանը, դատարանը պետք է որոշի այս կամ այն անձի մեղավորությունը»,- լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետը՝ հավելելով, թե իշխանությունները առավելագույն թափանցիկություն կապահովեն:

Իրաքլի Ղարիբաշվիլին նաև նշել է, որ Սաակաշվիլիի դեմ հարուցված գործերը ազդեցություն չեն ունենա Վրաստանի եվրաինտեգրման գործընթացի վրա:

Միխեիլ Սաակաշվիլին ինը տարի՝ 2004-2013 թվականըՎրաստանի նախագահն էր: