Ամերիկայի Միացյալ Նահանգների հետախուզության ծառայության պաշտոնյաների կարծիքով, մալազիական «Բոինգը» վայր են գցել ռուս անջատականները, հավանաբար, սխալմամբ, Ռուսաստանի Դաշնության հետ այդ գործողության անմիջական առնչության փաստեր չկան։
«Բոինգը», ամենայն հավանականությամբ, ոչնչացվել է ՍԱ-11 տեսակի հրթիռով, որը հայտնի է նաև «Բուկ» անվամբ։ Եվ թեպետ չկան այդ գործողության ու Ռուսաստանի Դաշնության միջև անմիջական կապի մասին վկայող ազդակներ, ամերիկյան հետախուզության մասնագետների կարծիքով, Ռուսաստանն է ստեղծել օդանավը վայր գցելու պայմաններ։
Մասնագետները նաև հայտնել են, թե չեն կարող այս պահին պնդել, որ ռուսաստանցիներ են ներկա եղել հրթիռի արձակման վայրում, նրանք չեն կարող նաև պնդել, որ հրթիռն արձակողները համապատասխան ուսումնական վարժանքներ են անցել Ռուսաստանում։
Սխալմամբ թե միտումնավոր կատարված հանցագործության հետևանքով սպանվել է 298 մարդ։ Դիակները Խարկովից օդանավով ուղարկում են Հոլանդիա` զոհվածների ինքնությունը պարզելու համար։ 16 դիակ փոխադրող առաջին օդանավն արդեն հասել է Հոլանդիա։
Խարկովի օդակայանում սգո արարողության ժամանակ խոսել է Ուկրաինայում Նիդերլանդների դեսպանատան պաշտոնյա Հանս Դոկտերը։
«Սկսվում է ուղևորությունը տուն, երկար ուղևորություն։ Առջևում զոհվածների ինքնությունը պարզելու ցավալի աշխատանք է։ Հոլանդիայի կառավարությունն ամեն ինչ կանի այն արագ ավարտելու և այդ ծանր ընթացքում յուրաքանչյուր զոհի մարդկային արժանապատվությունն ապահովելու համար», - ասել է դիվանագետը։
Ռուսական կողմն ամեն կերպ հերքում է օդանավի կործանման հետ առնչություն ունենալու մեղադրանքները և պնդում է, որ այն վայր են գցել ուկրաինացիները։
Ուկրաինական կողմը պնդում է, որ օդանավը ռուսներն են խփել։ Ուկրաինայի ներքին գործերի նախարարության խոսնակ Անտոն Գերաշչենկոն ասել է, որ ռուսների կողմից անջատականներին զենք տալու փաստն ապացուցված է։
«Մենք ունենք անհերքելի փաստեր, որոնք ապացուցում են, որ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն անձնական պատասխանատվություն է կրում տարբեր զինատեսակներ` «Գրադ» կայանքներ, հրասայլեր ու հրետանի Դոնեցկի և Լուգանսկի ահաբեկիչներին տրամադրելու համար», - ասել է Գերաշչենկոն և ավելացրել, որ հիմա ուկրաինական կողմը պարզում է, թե արդյոք Շոյգուն է տվել ահաբեկիչներին «Բուկ Մ-1» հրթիռներ փոխանցելու թույլտվությունը։
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը նախազգուշացրել է, որ իր երկիրը պատժամիջոցներ է սահմանելու Ռուսաստանի ցանկացած քաղաքացու նկատմամբ, ով այս կամ այն կերպ սատարում է ահաբեկիչներին և անջատականներին։
Հոլանդիայում այսօր սուգ է։ Կործանված օդանավի սև արկղերը հոլանդացիների խնդրանքով հետազոտելու են բրիտանացի մասնագետները։