Մատչելիության հղումներ

ԵՄ նախարարները հայտարարություն ընդունեցին Ուկրաինայում իրավիճակի վերաբերյալ


Բելգիա - Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Քեթրին Էշթոնը ասուլիս է տալիս նախարարների հանդիպումից հետո, Բրյուսել, 22-ը հուլիսի, 2014թ․
Բելգիա - Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Քեթրին Էշթոնը ասուլիս է տալիս նախարարների հանդիպումից հետո, Բրյուսել, 22-ը հուլիսի, 2014թ․

Ութ կետից բաղկացած հայտարարությունը առաջարկներ ու պահանջներ է ներկայացնում` «Բոինգ-777»-ի կործանման մեղավորներին գտնելու և Ուկրաինայում իրավիճակը կայունացնելու հետ կապված:

Եվրոպական միության արտգործնախարարների խորհուրդը Եվրամիության արտաքին հարաբերությունների գծով բարձր հանձնակատար Քեթրին Էշթոնի նախագահությամբ երեքշաբթի օրը քննարկեց իրավիճակն Ուկրաինայում:

Եվրամիության արտգործնախարարները երկար տևած ժողովից հետո ընդունեցին 8 կետ պարունակող հայտարարություն, որտեղ իրենց խորին ցավակցությունն են հայտնում «Մալազիական ավիաուղիներ»-ի օդանավի աղետի զոհերի ընտանիքներին և առաջարկներ ու պահանջներ ներկայացնում` մեղավորներին գտնելու և Ուկրաինայում իրավիճակը կայունացնելու հետ կապված:

Այսպես, Եվրամիությունը կոչ է անում անջատողական խմբավորումներին ապահովել անհապաղ, լիարժեք և անվտանգ մուտք դեպի շրջակա տարածք`զոհերի ինքնության հաստատման և հայրենիք նրանց աճյունների արժանապատիվ տեղափոխման նպատակներով: Միաժամանակ, ԵՄ-ն ակնկալում է, որ «Բոինգ-777»-ի կործանման վայրը կպահպանվի այնպես ինչպես կա`առանց զոհերի անձնական իրերը ոչնչացնելու:

Եվրամիությունն ակնկալում է նաև միջազգային պրոֆեսիոնալ և թափանցիկ հետաքննության անցկացում, որին կմասնակցեն հոլանդացի, մալազիացի և ուկրաինացի փորձագետներ:

Ռուսաստանի Դաշնությանը Եվրամիությունը կոչ է անում օգտագործել իր ազդեցությունը Ուկրաինայի զինված անջատողականների շրջանում` հետաքննությունը հնարավոր և թափանցիկ դարձնելու համար: Եվրոպական միության խորհուրդը Ռուսաստանին հորդորում է անջատողականներին չմատակարարել զենքի նոր պաշարներ և հետ քաշել իր զորքերը սահմանային հատվածից` պատրաստակամություն հայտնելով աջակցել հակամարտության խաղաղ հանգուցալուծմանը:

Մեղավորները պետք է գտնվեն և հանձնվեն արդարադատությանը` նշված է հայտարարության տեքստում:

Հիշեցնենք՝ սպասվում էր, որ երեկ արդեն կհրապարակվի Եվրամիության կողմից նոր, ավելի խիստ պատժամիջոցների ցուցակը: Եվրամիությունը նախատեսում է հուլիսի 24-ին հայտնել, թե որ անհատներն ու կազմակերպությունները կհանդիսանան նոր պատժամիջոցների թիրախը` Ուկրաինայում անկայունություն և պատերազմական դրություն հրահրելու պատճառով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG