«Կուտակային կենսաթոշակների մասին» լրամշակված օրենքը նույնպես կվիճարկվի ՍԴ-ում

Your browser doesn’t support HTML5

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի փոխանցմամբ` ոչ իշխանական քառյակը սեպտեմբերին Սահմանադրական դատարանում երկրորդ անգամ կվիճարկի «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի սահմանադրականությունը:

«Ունենք այսօր մի իրավիճակ, երբ Ազգային ժողովը նույնպես միացել է հակաիրավական այս ընթացքին», - «Ազատության» հետ զրույցում ասաց պատգամավորը:

Սահմանադրական դատարանը, հիշեցնեմ, այս տարվա ապրիլին Սահմանադրության հակասող ու անվավեր էր ճանաչել նախկին օրենքի մի շարք դրույթներ` ներառյալ պարտադիր բաղադրիչը: Ազգային ժողովն ու Կառավարությունը մինչև սեպտեմբերի 30-ը հնարավորություն ունեին մշակելու Սահմանադրությանը համապատասխանող օրենք: Իշխանությունը, սակայն, որոշեց այդ գործընթացն արագացնել ու երկուևկես ամսում մշակեց և բացառապես Հանրապետականի ուժերով ընդունեց մի փաթեթ, որը ընդդիմությունը շարունակում է հակասահմանադրական համարել:

Քառյակից Դաշնակցությունն ու «Բարգավաճ Հայաստան»-ը նամակով դիմել էին խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանին` իշխող մեծամասնությունից պահանջելով կասեցնել հակասահմանադրական օրենքի գործադրումը, քաղաքական կոնսուլտացիաների և հանրային քննարկումների միջոցով նոր օրենսդրական փաթեթ մշակել: Քառյակի 12 էջանոց առաջարկներին Ազգային ժողովի նախագահը պատասխանել է երեք նախադասությամբ, ինչը Նաիրա Զոհրաբյանի (ԲՀԿ) գնահատմամբ`ըստ էության մերժում է:

«Կոչը, հորդորը` բոլոր հարցերը քննարկել խորհրդարանական լսումների կամ ինչ-որ այլ ձևաչափերով, իհարկե, մեզ համար ընդունելի չէ: Մենք խորհրդարանական լսումների հորդոր չէինք արել, մենք շատ հստակ խնդիր էինք ձևակերպել, որ օրենքը, ըստ էության, լեգիտիմ չէ, որովհետև ահա այս ընթացակարգերը չեն պահպանվել, և, բնականաբար, դա խորհրդարանական լսումներով չպիտի լուծվի: Պիտի ընդամենը օրենքը հայտարարվեր չեղյալ, ինչը, իհարկե, չի արվել: Թե’ խորհրդարանական մեծամասնության, թե’ այս օրենքի մոլի պաշտպանների հետ քառյակը, կարծում եմ, հաջորդ և հերթական անգամ կհանդիպի Սահմանադրական դատարանում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Զոհրաբյանը:

Քառյակը հիասթափված է. ընտրած քաղաքակիրթ ձևն իշխանությունը չընդունեց: «Նրանք չգնացին այդ քայլին», - ասաց Արծվիկ Մինասյանը` շարունակելով. - «Հակառակը. ըստ էության մերժում են և վերահաստատում են իրենց մոտեցումը, որ իրենք խախտել են, և գտնում են, որ ճիշտ են արել, որ խախտել են Սահմանադրությունը: Ես կարծում եմ, որ սա երկու պատճառ ունի իր հիմքում: Առաջինը, իսկապես մասնագիտական թույլ վիճակը այդ առումով իշխանության համապատասխան մարմինների: Երկրորդը, հարցին ըստ էության խորամուխ չլինելու և ամեն ինչ պարզ քաղաքական հաշվարկի մեջ դիտարկելու խնդիրը փորձում է լուծել: Որ եթե մեծամասնությունը որոշել է, ուրեմն ճիշտը դա է»:

Այս տարվա ապրիլին հակասահմանադրական ճանաչված կուտակային վճարները Կառավարությունը նոր օրենքում փոխարինել է սոցիալական վճարով: Պարտադրանքը, սակայն, չի վերացել: Սոցիալական վճար կատարելը հուլիսի 1-ից պարտադիր է 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված պետական ծառայողների, 18 տարին լրացած, աշխատաշուկա նոր-նոր մտնող երիտասարդների, իսկ 2017-ի հուլիսի 1-ից` մասնավոր հիմնարկներում զբաղվածների համար:

Քառյակի առաջին դիմումը Սահմանադրական դատարանում ներկայացրած Արծվիկ Մինասյանն ասաց, որ հաջորդն իր ծավալով ավելի ընդգրկուն է լինելու: Նախ նոր փաթեթում ավելացած հակասահմանադրական նորմերի, նաև նախաձեռնությունն Ազգային ժողովում Սահմանադրության կոպիտ խախտումներով քննարկվել-ընդունվելու պատճառով. - «Այս դեպքում շավ ավելի մեծ խախտումներ են արձանագրված: Եթե հասարակական պահանջը, աջակցությունը լինի առնվազն այն նույն չափով, ինչ առաջին դիմումի ժամանակ էր, վստահաբար մենք արդյունքի կհասնենք: Գտնում եմ, որ միակ ճանապարհը դա է»:

«Դ!եմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Գևորգ Գեորգիսյանը ողջունեց խորհրդարանական ոչ իշխանական ուժերի նախաձեռնությունը: «Ազատության» հետ զրույցում նա ասաց, որ իրենք պատրաստվում են ամառն արդյունավետ օգտագործել, նոր մարտավարություն մշակել. - «Մի քանի ամսում եղավ միջանկյալ օրենք, որտեղ կարող էին բոլորը դիմում գրել և դուրս գալ: Եվ փաստը այն էր, որ պետական ոլորտը չարեց դա, պետական ոլորտի հիմնական աշխատողները չարեցին, որովհետև վախեցան ճնշումից, վախեցան աշխատանքը կորցնելուց: Տեստային ինչ-որ փուլ էր, երբ տեսան` կարո՞ղ են արդյոք ճնշել և դա անհետևանք կմնա: Տեսան, որ ստացվում է և գնացին առաջ»:

Տեղեկացնեմ նաև, որ այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում կուտակային կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ ընկերության ներկայացուցիչներին և գոհունակությամբ խոսել կուտակային կենսաթոշակային համակարգը կարգավորող նոր օրենսդրության մասին: