Պաշտոնական Ստեփանակերտի ներկայացմամբ, Մոսկվայում ռուսական հատուկ ծառայությունների կողմից մեծահարուստ Լևոն Հայրապետյանի ձերբակալությունը, ով մեծ ավանդ ունի Լեռնային Ղարաբաղում տնտեսության զարգացման, բանակաշինության գործում, «Ադրբեջանի համար տոն է»:
«Ազատության» հետ զրույցում, անդրադառնալով հուլիսի 15-ին ռուսաստանյան Անվտանգության դաշնության ծառայության՝ ФСБ-ի, կողմից Հայրապետյանի ձերբակալությանը, այսպիսի համոզմունք հայտնեց Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:
«Այն, որ Ադրբեջանի համար դա մի տոն է լինելու՝ դա միանշանակ: Փաստորեն նրանք ցանկացած հայի հանդեպ, ու ոչ միայն Լևոն Հայրապետյանի պես խոշոր դեմքի, այլ ցանկացած հայի՝ որ վնաս պատճառել է, նրանց համար դարձել է ապրելակերպի էություն: Հետևաբար, բնական է, որ շատ ուրախանալու են, տոն է լինելու իրենց համար դա», - նշեց ԼՂ նախագահի խոսնակը:
Ըստ Բաբայանի, ժամանակը ցույց կտա՝ արդյո՞ք Ադրբեջանը օգտագործել է Ռուսաստանի հետ իր հարաբերությունները, նավթադոլարները՝ հասնելու արցախյան տնտեսությունում խոշորագույն ներդրողներից մեկի՝ Լևոն Հայրապետյանի ձերբակալությանը:
Մինչդեռ, «Արցախի հերոս», գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի համոզմամբ, Լևոն Հայրապետյանի ձերբակալությունը քաղաքական պատվեր է, որի հետևում կանգնած է Ադրբեջանը:
«Ցավոք, ՌԴ որոշ կառույցներում, այդ թվում՝ Անվտանգության դաշնային ծառայությունում, դեռևս խարդախ մարդիկ են աշխատում, որոնք պատրաստ են 30 արծաթի դիմաց ելույթ ունենալ իրենց սեփական երկրի շահերի դեմ: Այս ակցիան նպատակ է հետապնդում ստվեր նետելու հայ-ռուսական բարեկամության վրա և կասկածի տակ դնելու Հայաստանի Հանրապետության՝ Եվրասիական միությանն անդամակցելու նպատակահարմարությունը, ինչպես նաև որոշակիորեն ազդելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի կառուցման վրա»,- կարդում ենք Կոմանդոսի՝ երեկ տարածած հայտարարությունում:
Հայաստանի արտգործնախարարությունում հրաժարվեցին արձագանքել Հայրապետյանի ձերբակալությանը:
Ազգային ժողովում իշխող Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասաց, թե պետք չէ բացառել, որ Լևոն Հայրապետյանի ձերբակալությունը քաղաքական ենթատեքստ ունի, բայց պետք չէ նաև շտապողականություն ցուցաբերել ու պետք է համբերել՝ տեսնելու քննությունն ինչպես է ընթանում և ինչ մեղադրանք է առաջադրվում:
«Կատարված արարքին ծանոթ չեմ, բայց, համենայնդեպս, որպես հայ մարդու՝ ցավալի է բոլորիս համար, որովհետև բազմիցս ականատես ենք եղել Լևոն Հայրապետյանի հայրենասիրությանը, և նրա նվիրվածությանը և՛ Հայաստանին, և՛ Լեռնային Ղարաբաղին», - մեկնաբանեց Բաղդասարյանը:
ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը Լևոն Հայրապետյանին բնորոշեց որպես մի մարդ, ով «երկար տարիներ ամեն ինչ արել է, որպեսզի Լեռնային Ղարաբաղը կայանա իբրև ինքնուրույն պետություն»:
«Գործի մանրամասներին դժվար է այսօր անդրադառնալ, երևի ժամանակը լույս կսփռի: Բայց ակնհայտ է, որ ինչ-որ առումով սա և՛ հայ-ռուսական հարաբերությունների վրա կարող է ազդեցություն ունենալ, և՛ Ղարաբաղի վրա կարող է ազդեցություն ունենալ: Ես չէի ուզենա այս պահին գնահատականներ տալ, բայց ակնհայտ է, որ չի կարելի բացառել նաև ադրբեջանական գործոնի ազդեցությունը նման զարգացման մեջ», - ասաց Աղվան Վարդանյանը:
«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը նույնպես կանգ առավ այն հանգամանքի վրա, որ Հայրապետյանը «շատ մեր հասարակական գործունեություն էր ծավալում Արցախում»:
«Այս առումով, բնականաբար, ադրբեջանական իշխանությունները հնարավոր է փորձեին, որ նմանատիպ քայլեր իրականացնեին իր նկատմամբ: Սակայն այս դեպքում դուրս կգար, որ ռուսական կողմը միանշանակ ադրբեջանամետ կողմնորոշում է բռնել և նույնիսկ արդեն հասարակական գործիչների մակարդակով հետապնդում է իրականացնում», - նշեց նա:
«Риа Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ, այսօր Մոսկվայի Բասմանյան դատարանը, հիմք ընդունելով Ռուսաստանի Քննչական կոմիտեի միջնորդությունը, կալանավորել է Լևոն Հայրապետյանին: Նրան մեղադրում են դեռ 2008թ․-ին՝ «Башнефть» ընկերության վաճառքի ժամանակ իրականացված ֆինանսական մեքենայությունների, փողերի լվացման մեջ: Իր հերթին՝ «РБК» գործակալությունը գրել է, որ Ռուսաստանի Քննչական կոմիտեի միջնորդությամբ Մոսկվայի Բասմանյան դատարանը կալանավորել է «Башнефть»-ի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը, որը պատկանում է АФК «Система» ընկերությանը: Հաղորդվում է, որ հետաքննությունը կապ չունի АФК «Система»-ի հետ, այլ վերաբերում է 2008-ին տեղի ունեցած «Башнефть»-ի վաճառքին, որը գնել էր հենց АФК «Система» ընկերությունը, իսկ գործարքի կնքման հարցում միջնորդ է եղել Լևոն Հայրապետյանը: Այստեղ հիշեցնենք, որ АФК «Система»-ի տնօրենների խորհրդի անդամ է նաև Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: