Կառավարությունը այսօր որոշեց 1000 դրամով օգնել սոցիալապես անապահով 105 հազար ընտանիքի:
Կառավարության նիստի ժամանակ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը օգնության չափը հիմնավորեց հետևյալ կերպ. քանի որ ընտանիքները միջինը սպառում են 200 կվ/ժամ էլեկտրաէներգիա, իսկ հոսանքի գինն էլ թանկանում է 3.85 դրամով՝ 38-ից դառնալով 42 դրամ, ապա կառավարությունը հաշվարկել է՝ ընտանիքների ուսերին ավելացող ֆինանսական ամսական բեռը կազմելու է 770 դրամ: Բայց կառավարությունը ավելի մեծահոգի է գտնվել և որոշել է անապահովներին օգնել ոչ թե 700, այլ միանգամից 1000 դրամով:
Երկու օր առաջ Սերժ Սարգսյանը առաջարկել էր վարչապետ Հովիկ Աբրահամյանին եղանակներ գտնել՝ մեղմելու էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ազդեցությունը սոցիալապես անապահով ընտանիքների համար: Աբրահամյանն էլ հանձնարարել էր ֆինանսների, էկոնոմիկայի և սոցիալական հարցերի նախարարներին մշակել շուրջ 105 հազար սոցիալապես անապահով ընտանիքների ընտանեկան նպաստի չափը ավելացնելու մասին կառավարության որոշման նախագիծ:
«Կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների միջին ամսական չափը կբարձրանա ամսական 1000 դրամով՝ կազմելով 29 350 դրամի փոխարեն 30 350 դրամ»,- ասաց սոցիալական հարցերի նախարարը։
«Փաստորեն 105 հազար ընտանիքի այդ ծախսը պետությունը իր վրա է վերցնում»,- հայտարարեց Աբրահամյանը։
Պաշտոնական տվյալներով Հայաստանում աղքատ է բնակչության 1/3-ը, այսինքն մոտ մեկ միլիոն մարդ, մինչդեռ կառավարությունը որոշել է 1000 դրամով օգնել 105 հազար ընտանիքի: Այսինքն աղքատների զգալի մասը պարզապես զրկվում է թանկացած հոսանքի դիմաց օգնություն ստանալու հնարավորությունից:
Հաշվի առնելով այս հանգամանքը ընդդիմադիրները փաստում են՝ մեկ տարվա ընթացքում մոտ 40 տոկոսով էլեկտրաէներգիայի թանկացումը ավելի է մեծացնելու աղքատների թիվը, իսկ արդեն պաշտոնապես աղքատի կարգավիճակ ունեցողները պարզապես դառնալու են չքավոր:
Կառավարությունը դեռևս չի վերլուծել, թե օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի թանկացումը ինչպիսի հավելյալ գնաճի կհանգեցնի և որքանով կավելացնի աղքատության մակարդակը: Ամեն դեպքում սոցիալապես անապահով վիճակում գտնվող քաղաքացիները արդեն իսկ ելքեր են փնտրում էլեկտրաէներգիայի թանկացման հետևանքների դեմ պայքարելու համար։ Ոմանք որոշել են սննդի վրա քիչ ծախսել, ոմանք էլ՝ հոսանքը ավելի խնայողաբար ծախսել։ Ինչպես քաղաքացիներից մեկը մանրամասնեց՝ արդեն որոշել է, հեռուստացույց չի միացնելու.- «Լուրերը միայն կնայեմ ու կանջատեմ»,- ասաց քաղաքացին։
«Եթե միս էինք ուտում, հիմա էդ միսը պիտի չուտենք, որ հոսանքի վարձը մուծենք, ի՞նչ անենք»,- ասաց երևանցի մի կին։
Արձագանքելով անապահով ընտանիքներին ամսական 1000 դրամ տրամադրվելիք փոխհատուցման՝ քաղաքացիներից մեկն էլ նկատեց.- «Ստեղից օգնում են, էնտեղից քերթում են»։