Հիսուն տարի տանն էլեկտրաէներգիա օգտագործելու, ձմռանն էլ առանց խնայելու ջերմանալու համար բավական է վճարել 1000 դոլար։ Հայկական արտադրության «Ախթամար» արևային սարքը այս ամենը կարող է ապահովվել առանց էլցանցերի ու տարեցտարի բարձրացվող սակագների։
«Ախթամար»-ը տեխնիկական գիտությունների դոկտոր Վահան Համազասպյանի 20 տարիների աշխատանքի արդյունքն է։ Սարքի վերջին տարբերակը ստեղծել է մեկ տարի առաջ, փորձարկումների արդյունքում պնդում է, որ աշխարհում լավագույններից մեկն է։ Վերջերս էլ դրա միջոցով մշտական տաք ջուր ապահովվելու տեխնոլոգիա են ստեղծել, որը գիտնականը փորձարկեց հենց մեր աչքի առջև։
Գիտնականի կողմից «Հելիոֆիկացիա» անունը ստացած ծրագիրը մեկնարկել է 1993 թվականին, մութ ու ցուրտ օրերին սկսված այլընտրանքային էլեկտրաէներգիայի փնտրտուքը շարունակվել է երկու տասնամյակ է, այդ օրերից Համազասպյանը մոտ 1000 գիտնականների հետ է աշխատել սարքը կատարելագործելու համար և ստացել վերջնական տարբերակը, որը պատրաստ է արտադրության։ Անհատական մոդելներ չեն վաճառում, ուզում են զանգվածային արտադրություն հիմնել, որի համար, սակայն, գիտնականը մինչ օրս չի կարողանում ստանալ կառավարության թույլտվությունը։
«Սա առաջին հերթին ուժեղ հարված կլինի հոսանք արտադրող և գազ մատակարարող ընկերություններին, որոնք կզրկվեն իրենց եկամուտների մեծ մասից։ Երևի սա է պատճառներից, որ սովորաբար աշխատանքները խոչընդոտվում են Հայաստանում, հետաքրքրված չեն, անտեսում են։ Վստահություն չկա հենց ներդրողների մոտ, որ ամեն ինչ հարթ կգնա այս երկրում»,- ասաց գյուտարարը։
Գիտելիքահեն տնտեսություն ու էլեկտրաէներգիայի այլընտրանքային աղբյուրներ գտնելու մասին խոստումներ Համազասպյանը շատ է լսել. ամենաթարմ հայտարարությունը հնչեց այսօր, էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը խոստացավ քայլեր է ձեռնարկել՝ արևային և հողմային էներգետիկան զարգացնելու ուղղությամբ: Իրականում, սակայն, կառավարությունը խոստումներից այն կողմ չի անցնում, ասում է գիտնականը, ով վերջերս նամակ է գրել վարչապետ Հովիկ Աբրահամյանին, փորձել է ցույց տալ իր գյուտի արդյունքները, սակայն վարչապետի փոխարեն գիտնականին պատասխանել են էկոնոմիկայի նախարարությունից։
«Նամակը գնաց էկոնոմիկայի նախարարություն, էնտեղից բաժին, բաժնից կոնկրետ աշխատողի և վերջացավ մի փոքր զրույցով»։
Չնայած հայրենի պաշտոնյաների անտարբերությանը, սարքով հետաքրքրված են դրսում, քանի որ այն ըստ գիտնականի նմանատիպ մյուս սարքերի համեմատ ավելի մատչելի է։ Վերջին անգամ սարքը դիտելու համար Համազասպյանին է այցելել Հայաստանում Ղազախստանի դեսպանը, պայմանավորվել են, որ առաջիկայում Ղազախստանում «Ախթամար» արևային սարքերի արտադրություն կսկսվի։
«Իրենք իրենց աուլներում էներգիայի խնդիր ունեն, ճիշտ է գազ շատ ունեն, բայց հազար կմ-ի վրա, ասենք, մի աուլ է, որը պետք է էներգիա ունենա, և քոչվոր ցեղերը անընդհատ տեղափոխվում են։ Պայմանավորվեցինք, որ կանենք միասին»,- պատմեց գիտնականը։
Ի դեպ, երեկ հանրապետության նախագահը վարչապետին առաջարկել է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ազդեցությունը սոցիալապես անապահով 105 հազար ընտանիքների համար մեղմելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել։ Որոշվել է, որ առաջիկայում կբարձրացվի նրանց տրամադրվող ընտանեկան նպաստի չափը։ Գիտնականը առաջարկում է դրա փոխարեն ամեն ընտանիքի այսպիսի սարք նվիրել։