Մինչ շարունակվում է Աֆրիկյանների շենքի ապամոնտաժումը, հանրության ուշադրությունը օր-օրի է’լ ավելի է սևեռվում պատմամշակութային արժեք ներկայացնող այս շինության վրա:
Աֆրիկյանների շենքի պահպանման համար պայքարող քաղաքացիական ակտիվիստները շարունակում են շենքի հարևանությամբ բողոքի ակցիաներ, մշակութային միջոցառումներ կազմակերպել:
Պայքարին միանում են մտավորականության ներկայացուցիչները: Դերասան, հաղորդավար Հովհաննես Ազոյանը, օրինակ, հեծանվով շրջում է տարածքում ու փորձում հասկանալ, թե այդ ինչ հանցագործներից են այդպես աչալրջորեն պաշտպանվում ոստիկանները:
«Ես եկա ոստիկաններին ասեմ, որ քիչ են, մի երկու հազար հոգի էլ թող կանչեն: Որ ավելի վախենալու լինի, ավելի ուժային լինեն: Տեսնեմ ինչ են ուզում անեն այս երկրում, ինչին են ուզում հասնեն», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ազոյանը` շարունակելով. - «Խնդրին այդքան էլ լավ ծանոթ չեմ: Ես գիտեմ, որ սա պատմամշակութային արժեք ունեցող շենք է, և լավ կլինի, եթե այդ հինը պահպանվի: Եթե նորն են կառուցում, թող չքանդեն և դրա կողքին կառուցեն նորը»:
Աֆրիկյանների շենքի մոտ էր նաև Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը: «Ազատության» հետ զրույցում նա ասաց, թե մայրաքաղաքում որոշումներ կայացնում են մարդիկ, ովքեր Երևանի հետ կապ չունեն, պարզապես ուզում են շարունակել Հերոստրատի գործը. - «Որովհետև այն, ինչ որ տարիներ շարունակ կատարվում է Երևանի հետ, այսինքն մաքրել այն, ինչ որ թամանյանական է, որպեսզի պատմության մեջ մնա մեկ ուրիշ անուն կամ մեկ-երկու ուրիշ անուններ: Դա ակնհայտ է»:
Ժամանակին Աֆրիկյանների տոհմի մասին ֆիլմ նկարահանած Թուխիկյանը ցավով է նայում, թե ինչպես են շենքը քանդողները առանց հասկանալու խեղում մեր պատմությունն ու մշակույթը. - «Անբարոյականությունը շատ փոքր բառ է, շատ քիչ է բնորոշելու համար: Երևանը չի կարելի աուլի վերածել: Իսկ դրա բոլոր տենդենցները կան: Իբր ժամանակակից այս շենքերին մի նայեք, որ կառուցել են: Սրանք ստից բաներ են, և աշխարհը վաղուց անցել է այս ամեն ինչի միջով: Բայց այն, հիմա ինչ որ ուզում են քանդել, դա չկա աշխարհում, սա միակն է»:
Նշենք, որ ապամոնտաժման աշխատանքներն այսօր էլ շարունակվում են: