Մատչելիության հղումներ

Աֆրիկյանների տան համար քաղաքացիների դիմակայությունը շարունակվում է


Համասյանական Կոմիտասը չազդեց ոստիկանների գործողությունների վրա
please wait

No media source currently available

0:00 0:05:15 0:00

Աֆրիկյանների շենքի պահպանության համար պայքարող ակտիվիստներին իր համերգային կատարումով աջակցելու էր եկել աշխարհահռչակ դաշնակահար Տիգրան Համասյանը։

Այսօր տասնյակ քաղաքացիներ կրկին հավաքվել էին Տերյան փողոցի վրա գտնվող Աֆրիկյանների շենքի հարակից տարածքում՝ հայտնելու իրենց բողոքն այնտեղ տեղի ունեցող քանդման աշխատանքների հետ կապված։ Նրանք ձեռքերով հարվածում էին շինհրապարակի թիթեղյա ցանկապատին։

«Ազատության» դիտարկմամբ, ոչ պակաս քան ութ տասնյակ ոստիկաններ պահպանում էին շինհրապարակի ցանկապատը և հեռացնում քաղաքացիներին. նրանք մոտենում էին թիթեղներին հարվածող քաղաքացուն ու ուժ գործադրելով, երբեմն գետնից բարձրացնելով, երբեմն հրելով մի կողմ տանում։ Ոստիկանները հսկում էին տարածքը վաղ առավոտից, ակտիվիստները սկսեցին հավաքվել ժամը 15-ից. օրինակ, ակտիվիստ Հելենա Մելքոնյանին երկու ժամվա մեջ մի քանի անգամ բռնի ուժով հեռացրին շինհրապարակի ցանկապատից, ինչի հետևանքով նա քերծվածքներ ստացավ։

Ոստիկանները շուտով կենդանի պատ կազմեցին շինարարական հրապարակի շուրջը, իսկ ակտիվիստները հարվածում էին թիթեղյա ցանկապատին միայն այն հատվածներում, որտեղ ոստիկանները չկային։ Ոստիկանները ավելի կտրուկ գործողությունների դիմեցին Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ժամանելուց հետո. նրանք սկսեցին ազատել փողոցների երթևեկելի հատվածը քաղաքացիներից, հրելով շատերին, ինչի հետևանքով ներկաներից մի քանիսը գետնին ընկան, լրագրողներից մեկը ընկավ մայթին դրված հեծանիվի վրա՝ վնասելով ոտքը։ Վալերի Օսիպյանը մինչդեռ ասաց, որ ոստիկանության բոլոր գործողություններն օրինական են եղել ողջ օրվա ընթացքում, ավելին, ասաց, որ քաղաքացիներն են քաշքշել ոստիկաններին։

Փորձեցինք ճշտել իսկապես քաղաքացիները քաշքշել են ոստիկաններին, քանի որ մեր տեսախցիկը չի ֆիքսել որևէ քաղաքացու, որ մոտենում է ոստիկանին ու քաշքշում կամ հրում նրան։

«Այո, քաշքշում են»,- պնդեց Օսիպյանը.- «Չեն ենթարկվում ոստիկանի օրինական պահանջներին»։

Այնտեղ ներկա «Ժառանգության» ավագանու խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը մինչդեռ կարծիք հայտնեց, որ այսօր ոստիկանության գործողությունները օրենքի սահմաններում չէին։

«Ոստիկանությունը որևէ կերպ չի կարողանում հիմնավորել, թե ինչու պիտի ինքը խոչընդոտի միանգամայն օրինական գնահատականների հիման վրա բողոքող քաղաքաղացուն, խոչընդոտի նրա ազատ տեղաշարժը, անգամ խաղաղ բողոքը»,- ասաց Սաֆարյանը։

Երեկ Մշակույթի նախարարության հուշարձանների պահպանության գործակալության պետը կարգադրել է դադարեցնել քանդման աշխատանքները, քանի որ քանդման նախագծի փաստաթղթերը լիարժեք չեն։ Ակտիվիստները վկայակոչում էին հենց այս կարգադրությունը, ոստիկանները մինչդեռ այս մասին ոչինչ չգիտեին։

Ակտիվիստներից բացի Աֆրիկյանների շենքի ճակատագրով մտահոգ է նաև ջազ երաժիշտ, հայտնի դաշնակահար Տիգրան Համասյանը։ Այսօրվա հավաքը Աֆրիկյանների շենքի տարածքում սկսվեց նրա երաժշտական կատարմամբ, Համասյանի համար դաշնամուր էր բերվել, որը տեղադրվեց ոչ թե շենքի բակում, ինչպես նախատեսված էր, այլ շինհրապարակից դուրս։ Տիգրան Համասյանին էլ թույլ չտվեցին մտնել ներս։

«Պատմություն կա էս շենքում, քարի կտորը ինչ-որ պատմութոյւն ունի, ու պատմությունը պետք է պարզապես հարգել և սիրել այն, ինչ արել են մարդիկ մեզնից երկու դար առաջ»,- ասաց Համասյանը։

XS
SM
MD
LG