Սուլոցներ ու «ամոթ» վանկարկումներ Ազգային ժողովի մոտ

Հայաստան -- «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության բողոքի ակցիան ԱԺ մուտքի մոտ, Երևան, 18-ը հունիսի, 2014թ․

Քվորում չապահովելու պատճառով այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում մի շարք հարցերի քննարկումներ հետաձգվեցին և Կուտակային կենսաթոշակների մասին օրենքում Կառավարության կողմից առաջարկվող փոփոխություններին հերթը չհասավ: Ազգային ժողովից դուրս եկած ոչ իշխանական քառյակի ներկայացուցիչները շտապեցին սա համարել իրենց միասնական հաջողությունը:

«Ժառանգությունից» Ռուբիկ Հակոբյանը, ՀԱԿ-ից Լևոն Զուրաբյանը, ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանը և ԲՀԿ-ից Միքայել Մելքումյանը խորհրդարանի առջև բողոքող «Դեմ եմ» շարժման ակտիվիստներին հորդորեցին շարունակել պայքարը՝ ցանկալի արդյունքներին հասնելու համար:

«Քառյակը պաշտպանեց Կանոնակարգ օրենքը, ինչի արդյունքում տապալվեց այն նախագիծը, որը ուզում էին անցկացնել այս արտահերթ նիստում», - Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա անցկացնող «Դեմ եմ» շարժման անդամներին ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը:

Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հավելեց, այսօր իշխող կուսակցություն էլ քվեարկություն չի անի՝ «լավ խրատվել են»:

«Ես չգիտեմ՝ վաղը կդնե՞ն քվեարկության, թե՞ չէ: Համենայնդեպս հիմա իրենք զբաղված են իրենց պատգամավորներին հավաքելով», - նշեց Զուրաբյանը, - «Այսպիսի բան չէր եղել, որ մեծամասնությունը չկարողանա իր ուզած օրինագիծը անցկացնել: Այսօր, երկարատև այս համագործակցության ընթացքից հետո մենք հասանք նաև այս պահին: Սա մեզ ցույց է տալիս, որ կարող ենք իրականում շատ լրջորեն պայքարել»:

Ընդդիմությունը ավելի վաղ հակասահմանադրական էր որակել Կառավարության առաջարկած փոփոխությունները: Իսկ «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամները, ում համար օրինագիծը նույնպես անընդունելի է, այսօր խորհրդարանի շենքի դիմաց սուլոցներով և «ամոթ» վանկարկումներով էր դիմավորում ու ճանապարհում Հանրապետական խմբակցության պատգամավորներին և աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին:

Կառավարության նոր մշակումներով` պարտադիր վճարներին փոխարինելու է սոցիալական վճարը: Ընդդիմադիրների ձեռքի տակ հայտնված նախագծում 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված պետական հիմնարկների աշխատակիցների, ինչպես նաև 1996 թվականի հունվարի 1-ից հետո ծնված ու հուլիսի 1-ից աշխատանքի անցնողների համար սոցիալական վճարները պարտադիր են լինելու հենց այդ օրից:

Մասնավոր հիմնարկներում զբաղվածների համար Կառավարությունը հետաձգել է սոցիալական վճարի գանձումը մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը:

«Քառյակը մեկ անգամ ևս արձանագրում է, որ ինքը միասնական է, հետամուտ է իր բոլոր առաջադրած խնդիրներին և քայլ առ քայլ մենք պետք է հասնենք մեր նպատակներին անպայման», - ցուցարարների և լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ ներկայացուցիչ Միքայել Մինասյանը:

ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանն էլ դժվարացավ կանխատեսել, թե Կառավարության առաջարկած օրինագիծն ի վերջո ինչ ճակատագիր կունենա:

«Բայց վստահ եմ, որ մենք բոլորս այս հարցում միասնական ենք և փորձելու ենք թույլ չտալ հարցի քննարկումը և քվեարկությունը առնվազն գոնե այնքան ժամանակ, քանի չի հրապարակվել և մեր հանրությունը՝ դուք բոլորդ, ծանոթ չեք, ձեր տեսակետները չեք ներկայացրել և նաև քաղաքական պահանջները, ըստ էության, չեն իրացվել այդ փաստաթղթում ու այդ փաստաթուղթը չի համապատասխանեցվել Բարձր դատարանի որոշման պահանջներին», - ասաց Դաշնակցության ներկայացուցիչը:

ՀՅԴ պատգամավորը պնդեց նաև, որ հարցը արտահերթ քննարկման հասել է կոպիտ խախտումներով:

«Նորմատիվ-իրավական ակտերի նախագծերը պարտադիր հանրային քննարկման են դրվում, և նվազագույնը 15 օր: Կառավարության որոշում էլ կա համապատասխան, որ նախատեսում է հանրային քննարկման ընթացակարգ: Մենք արձանագրեցինք, որ դա պահպանված չէ, նման ձևով չի կարող այս հարցը քննարկվել», - նաև ասաց Արծվիկ Մինասյանը:

«Դ!եմ եմ» նախաձեռնության անդամներն ասում են՝ թեև մասնավոր սեկտորի հարցը ժամանակավորապես լուծվել է, սակայն պայքարելու են այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանում չեն դադարել գործել հակասահմանադրական օրենքները։ Իսկ նախագծի ընդունման դեպքում նրանք չեն բացառում, որ կրկին կդիմեն Սահմանադրական դատարան և միջազգային կառույցներին:

Աղմկահարույց այս հարցի շուրջ քննարկումը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա վաղը: Ակտիվիստները պատրաստվում են նորից հավաքվել ԱԺ-ի դռների մոտ և բողոքի ցույցով ազդել խորհրդարանի որոշման վրա: