Նախարար. Պետական ծառայողները չեն կարողանա հրաժարվել նոր համակարգից

Your browser doesn’t support HTML5

Կառավարությունն այսօրվա արտահերթ նիստում հավանության արժանացրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների նախագիծը, ըստ որի հուլիսի 1-ից կենսաթոշակային նոր համակարգը կգործի պետական մարմինների աշխատակիցների համար, եթե փոփոխությունը հաստատվի Ազգային ժողովի կողմից:

Չնայած վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրապարակային բազմաթիվ հավաստիացումներին, որ կենսաթոշակային նոր համակարգը պարտադրված չի լինի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին հայտարարեց՝ պետական ծառայողները չեն կարողանա հրաժարվել նոր համակարգից:

Հաշվի առնելով նշվածը՝ նախարարին խնդրեցինք նշել, թե ինչո՞վ է տարբերվում Հովիկ Աբրահամյանի կառավարության առաջարկած կենսաթոշակային համակարգը Տիգրան Սարգսյանի առաջարկածից:

Հիշեցնենք, հանրությունում իսկական ընդվզում առաջացրեց նախկին կառավարության ներկայացրած կենսաթոշակային համակարգի պարտադիր կամ, ինչպես պնդում էին բողոքի ընդլայնվող ակցիաների մասնակիցները, պարտադրված, ստիպողական լինելը:

«Հիմնական տարբերությունը այն է, որ պարտադիր կուտակային վճար այլևս չի կատարվի, լինելու է նպատակային սոցիալական վճար»,- ասաց նախարարը և պարզաբանող հարցերին էլ հակադարձեց.- «Դա հարկատեսակ չէ, դա նպատակային սոցիալական վճար է»։

«Ազատության» դիտարկումից հետո, որ եթե պետական հատվածի աշխատողները չեն կարող հրաժարվել այդ վճարները կատարելուց, հետևաբար ստացվում է՝ ստիպողաբար են դա անելու, նախարարն այլևս չցանկացավ խոսել լրագրողների հետ:

Կառավարության կողմից այսօր հավանության արժանացած նախագծի համաձայն, կուտակային կենսաթոշակային նոր համակարգը մասնավոր հատվածի համար պարտադիր է դառնալու 2017-ի հուլիսի 1-ից:

Ըստ գործադիրի մամուլի ծառայության հաղորդագրության, նոր օրենքով պարտադիր վճարը կոչվելու է «նպատակային սոցիալական վճար»՝ 5 տոկոս դրույքաչափով: Ընդ որում, սահմանվում է 500 հազար դրամ աշխատավարձի շեմ, որից ավելիի դեպքում նպատակային սոցիալական վճար չի գանձվելու: Այսինքն, եթե մարդը ստանում է, օրինակ, 600 հազար դրամ աշխատավարձ, միևնույն է կատարելու է 25 հազար դրամի սոցվճար: