Չարենցի թոռնուհին նվաստացուցիչ է համարում Միկոյանի արձանի տեղադրումը

Your browser doesn’t support HTML5

Եղիշե Չարենցի թոռնուհին՝ Հասմիկ Չարենցը, Երևանում խորհրդային պետական ու կուսակցական գործիչ Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման մասին խոսելիս, հուզմունքը հազիվ է զսպում. ասում է` դա պատվի հարց է մի ազգի համար, որը Չարենցի նման բազմաթիվ զոհեր է տվել ստալինյան ռեպրեսիաների հետևանքով:

«Ես՝ Հասմիկ Չարենցս, որպես Չարենցի ժառանգը և նրա գենետիկ վկան, դեմ եմ, որ մեր քաղաքում դրվի Անաստաս Միկոյանի արձան», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց մեծ բանաստեղծի ժառանգը, - «Ասում եմ Չարենցի անունից՝ դրա իրավունքը ես ունեմ, նրա երկու գնդակահարված եղբայրների, նրանց ընտանիքների, իմ տատիկի՝ Իզաբելա Չարենցի անունից, որը այն տարիներին նամակ է գրել Միկոյանին՝ իր ամուսնուն փրկելու հույսով, և որից մի քանի օր անց նրան աքսորել են և ուղարկել են Սիբիր՝ տաժանակիր աշխատանքի, փողոցում թողնելով մորս և մորաքրոջս: Իմ մայրիկը 2 տարեկան է եղել, մորաքույրս՝ 5»:

Չարենցի թոռնուհին ասում է՝ դժվարանում է պատկերացնել, որ այդ արձանը պետք է տեղադրվի Նաիրին երգող Չարենցից մի քանի հարյուր մետր հեռավորությամբ վրա` մայրաքաղաք Երևանի կենտրոնում:

«Ես դատավոր չեմ, որ դատեմ Միկոյանին», - ասում է Հասմիկ Չարենցը և ավելացնում, թե չի հասկանում՝ ինչպե՞ս կարող է միայն Միկոյանի ազգականների ցանկության հիման վրա որոշում կայացվել` առանց հանրության կարծիքը լսելու:

Թերթելով պատմության էջերը՝ մեծ գրողի ժառանգը ընդգծում է` Ղարաբաղը Ադրբեջանին հանձնելու գործում նույնպես Միկոյանը անմասն չէր:

Պատմական իրողություն է, որ հենց Միկոյանն է միջնորդել, որ Չարենցը վերադարձվի հայ ընթերցողին: Չարենցի ժառանգը, սակայն, կարծում է, որ Միկոյանի այդ քայլը պայմանավորված էր քաղաքական իրավիճակի փոփոխությամբ:

«Քանի որ Խրուշչովն էր եկել, քաղաքական իրավիճակը այլ էր, անշուշտ 37 թվի զոհերին պիտի ռեաբիլիտացիա անեին: Այո, առաջինը Միկոյանը իր հայտնի ճառում հայտնեց Չարենցի անունը, բայց դա ընդամենը քաղաքական փոփոխությունների արդյունքում էր և ոչ թե նրա բարի ջանքերի», - ասում է նա:
Այս քաղաքում 37 թվի զոհերի հուշարձան, մի խղճուկ խաչքար անգամ չկա ...
Հասմիկ Չարենց
Եթե գիտակից հասարակությունը թույլ տա, որ Միկոյանի արձանը, այնուամենայնիվ, կանգնեցվի, ապա ինչպե՞ս են այդ գաղափարի կողմնակիցները նայելու 37 թվականի ռեպրեսիաների ժառանգների աչքերին, հարց է բարձրացնում Չարենցի թոռնուհին:

«Ես սա ասում եմ նաև այն հազարավոր հայրենակիցներիս անունից, որոնց տառապյալ հոգիները դեռ չեն հանգստացել, քանի որ այս քաղաքում 37 թվի զոհերի հուշարձան, մի խղճուկ խաչքար անգամ չկա, իսկ այդ մարդիկ՝ նրանցից շատերը, գերեզման անգամ չունեն», - ասում է Եղիշե Չարենցի թոռնուհին: