Մատչելիության հղումներ

Խորհրդային այլախոհները քննադատում են Միկոյանի արձանի տեղադրելու որոշումը


Խորհրդային այլախոհները քննադատում են Միկոյանի արձանի տեղադրելու որոշումը
please wait

No media source currently available

0:00 0:04:43 0:00

ՀՀԿ Խորհրդի անդամ․ Միկոյանի արձանի տեղադրումը աններելի է

Խորհրդային ժամանակներում Հայաստանի անկախության համար պայքարած քաղբանտարկյալները սուր քննադատության են ենթարկում բոլշևիկ Անաստաս Միկոյանի բրոնզաձույլ արձանը Երևանի կենտրոնում տեղադրելու իշխանությունների որոշումը։

Իշխող Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ Վազգեն Կարախանյանը, ով խորհրդային տարիներին անդամակցել է Հայաստանի անկախության վերականգնման համար պայքարող Ազգային միացյալ կուսակցությունը և այդ պատճառով դատապարտվել է, այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց, թե Միկոյանը եղել է խորհրդային այն համակարգի մասը, որն իրականացրել է հայ ժողովրդի բազմաթիվ կարկառուն ներկայացուցիչների աքսորն ու գնդակահարությունը:

«Աքսոր, գնդակահարություն... ինքը եղել է այս ջարդի, սպանիչ մեքենայի կիզակետում։ Ես կարծում եմ՝ նրա արձանը չպետք է դրվի։ Ես կարծում եմ, որ նրա արձանը տեղարդրելը աններելի վատ իրողություն է»,- ասաց Կարախանյանը։

Կարախանյանը նկատում է.- «Հայ ժողովուրդը բազում արժանի զավակներ է տվել հենց Հայաստանի անկախության և բարգավաճման համար։ Դժվար չէ մեկ առ մեկ թվարկել այդ մարդկանց անունները, և եթե անհրաժեշտություն կա, ուրեմն այդ մարդկանց անունները պետք է առաջին հերթին կանգնեցվեն Հայաստանի Հանրապետությունում»։

«Ազատության» դիտարկմանը, որ իշխող կուսակցության գաղափարական հայրը Գարեգին Նժդեհն է, որի արձանը, սակայն, չի տեղադրվում, Կարախանյանը արձագանքեց.- «Աբսուրդ է, բայց հանուն արդարության պետք է ասեմ, որ Նժդեհի արձանի տեղադրման հարցը օրակարգային է»։

«Տեղադրելով հայկական շահերի դավաճան բոլշևիկ Անաստաս Միկոյանի արձանը՝ Հայաստանի ներկայիս իշխանությունները ասում են մեր հանրությանը, որ հայկական պետականությունն իրենց համար կարևոր չէ»,- «Ազատությանը» փոխանցեց խորհրդային տարիներին այլախոհության համար տասը տարվա ազատազրկման դատապարտված Ազատ Արշակյանը:

«Սա քծնանք է և կոպիտ քծնանք։ Դարի ողբերգությունը կոչվածը, Սովետական Միության փլուզումը համարվեց դարի ողբերգությունը, որը շատ վիճելի է... ուրեմն մի տեսակ քծնել կա, հաճոյանալ, դե Պուտինն է հայտարարել, ռուսական իշխանությունը, Կրեմլը այդ միտումը ունի, որ ողբերգություն էր, հարկավոր է բուժել, մեղմել, վերականգնել ինչ-որ բան։ Ես կարծում եմ, որ մերոնք կոպիտ քծնում են՝ առանց հասկանալու, որ հենց այդ նույն ռուսական իմպերիայի ջատագովները լավ հիշում են Միկոյանի գործունեության հետևանքները, նրանք դատապարտում են բոլշևիզմը, որովհետև բոլշևիզմը ռուսական իմպերիան կործանող ուժ էր»,- ասաց Արշակյանը։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանն, ով ութ տարի անցկացրել է խորհրդային բանտերում և նույնպես Ազգային միացյալ կուսակցության անդամ էր, համոզմունք հայտնեց, որ Միկոյանի արձանի տեդադրմամբ Հանրապետական կուսակցությունը ցույց է տալիս, որ Հայաստանի անկախության հետ որևէ առնչություն չունի:

«Դա նշանակում է, որ Հայաստանի անկախության գաղափարը իրենց համար խորթ է, որովհետև այդ ամեն ինչը խորթ էր Միկոյանին։ Միկոյանը ոչ միայն պայքարել է Հայաստանի առաջին հանրապետության դեմ, նա պայքարել է, որ ընդհանրապես Հայաստան չլինի։ Նրա գրագրությունները հայտնի են։ Նա եղել է մի կուսակցության և մի կլանի անդամ, որը իր էությամբ հակամարդկային է եղել։ 20-րդ դարի ամենամեծ հանցագործությունները գործել են նրանք։ Եվ այդ ամենամեծ հանցագործությունները գործած կլանի կարկառուն ներկայացուցիչներից մեկի արձանը ցանկացած պատճառաբանությամբ տեղադրել Երևանում նշանակում է լինել նրա գաղափարակիցը, նրա կողմնակիցը, նշանակում է դեմ լինել Հայաստանին»,- ասաց իրավապաշտպանը։
XS
SM
MD
LG