«Շոկոլադի արքայի» աստեղային ժամը

Your browser doesn’t support HTML5

Պետրո Պորոշենկոն, ում կարողությունն ընդհանուր առմամբ գնահատվում է շուրջ 1.6 միլիարդ դոլար, համարվում է Ուկրաինայի ամենահարուստ մարդկանցից մեկը, ով հայտնի է նաև որպես «Ռոշեն» հանրահայտ շոկոլադի ապրանքանիշի սեփականատեր։

Ուկրաինայի 48-ամյա ընտրյալ նախագահը միևնույն ժամանակ փորձառու քաղաքական գործիչ է, ով վերջին տասնհինգ տարիների ընթացքում լինելով ակտիվ քաղաքականության մեջ՝ մի քանի անգամ զբաղեցրել է նախարարի աթոռներ։

2000 թվականին Պորոշենկոն եղել է Ռեգիոնների կուսակցության հիմնադիրներից մեկը։ Հենց այդ կուսակցության շնորհիվ էր, որ վերջերս պաշտոնանկ արված Վիկտոր Յանուկովիչը դարձավ երկրի նախագահ։

Կուսակցության կայացման գործում մեծ դերակատարություն ունենալուց մեկ տարի անց Պորոշենկոն, խզելով իր կապերը նախագահ Լեոնիդ Կուչմայի հետ, դարձավ Վիկտոր Յուշչենկոյի գլխավորած կուսակցության հիմնական ֆինանսական հովանավորը։ 2004-05 թվականներին նա աջակցեց «նարնջագույն» հեղափոխությանը և որոշեց մաս կազմել Յուշչենկոյի կառավարությանը։ 2009-10 թվականներին նշանակվեց Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում, Իսկ Յանուկովիչի օրոք՝ առևտրի և տնտեսական զարգացման նախարար, ինչը սակայն տևեց ընդամենը ութ ամիս։ Դրան հաջորդեց ակտիվ պատգամավորական գործունեությունը, ապա դարձավ Եվրամայդանի գլխավոր ֆինանսական աջակիցներից մեկը՝ նախընտրելով սակայն մնալ ստվերում:

Ուկրաինայի «շոկոլադի արքայի» աստեղային ժամը մարտի 12-ին։ Այդ օրը նա որոշեց այցելել Ղրիմի մայրաքաղաք Սիմֆերոպոլ՝ փորձելով կանխել Ռուսաստանին միանալու հանրաքվեն։ Այդ օրերին նկարահանված մի սիրողական տեսանյութում հստակ երևում է Պորոշենկոն, ով քայլում է քաղաքի մութ փողոցներով, իսկ նրա ետևից գնում է ռուսամետ ցուցարարների մի ամբոխ և վանկարկում Ռուսաստանին միանալու կոչեր։ Սիմֆերոպոլյան այդ գիշերը դարձավ ճակատագրական դրվագ Պորոշենկոյի քաղաքական կենսագրության համար։

Քաղաքագետների պնդմամբ՝ այդ տեսանյութը դիտելուց հետո հազարավոր ուկրաինացիների աչքերում օլիգարխ և գործարար Պորոշենկոն դարձավ վստահելի և լուրջ քաղաքական գործիչ։ Պորոշենկոն Ուկրաինայի այն քաղաքական գործիչներից է, ով ի սկզբանե հետևողական էր Ուկրաինան Եվրոպական միությանն ինտեգրվելու հարցում, ինչի շնորհիվ նա արժանացավ ժողովրդական համակրանքի։

Արտգործնախարար Պետրո Պորոշենկոն հաճախ էր հանդես գալիս նաև Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու օգտին, չնայած իր նախընտրական ծրագրում այդպես էլ չհստակեցրեց այդ հարցում իր ներկայիս պատկերացումները։

Բոլորովին վերջերս «Ֆորբս» ամսագիրը հերթական անգամ իր ընթերցողներին հիշեցրել է միլիարդատեր Պորոշենկոյի կենսագրական տվյալները: Պորոշենկոն Ուկրաինայի քսան ամենահարուստ պատգամավորներից է և այդ երկրի ամենահարուստ ինը մարդկանցից մեկը։ 2013 թվականին նրա կարողությունը գնահատվել է 1.6 միլիարդ դոլար։ «Ֆորբս»-ի տվյալներով՝ մեկ տարվա ընթացքում նրա կարողությունը ռեկորդային աճ է գրանցել՝ շուրջ 60 տոկոս։ Լինելով «շոկոլադի արքա»՝ Պորոշենկոն քաղցր չի ուտում, նա շաքարախտ ունի։ «Ֆորբս»-ը նշում է, որ Պորոշենկոն իր առաջին՝ «Վոլգա» մակնիշի մեքենան ձեռք է բերել հինգերորդ կուրսում, ներկայումս երթևեկում է «Բենթլի»-ով։