Հովիկ Աբրահամյանին ցավ է պատճառում քաղաքական գործիչների «մաղձը»

Your browser doesn’t support HTML5

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը այսօր Ազգային ժողովի ամբիոնից հանդուրժողականության ու համերաշխության կոչ արեց բոլոր քաղաքական ուժերին` որոշ ընդդիմադիրների «մաղձոտ» կեցվածքը համարելով անհարգալից վերաբերմունք ընտրողների նկատմամբ:

Վարչապետը վստահ է, որ ընտրողները քաղաքական գործիչներից դա չեն սպասել, այլ` պատասխանատու վերաբերմունք երկրի հանդեպ։ Հովիկ Աբրահամյանի կառավարության ծրագրի քննարկումը խորհրդարանում, հիշեցնենք, ուղեկցվեց ընդդիմադիրների սուր քննադատությամբ, ովքեր տարբեր որակումներով կասկածի տակ էին դնում Հայաստանը արժանապատիվ երկիր դարձնելու, իշխանական լծակների օգնությամբ ուրիշի ունեցվածքը յուրացնելու, ստվերի դեմ անողոք պայքար վարելու, պայքարը հենց իր մերձավորներից սկսելու՝ վարչապետի հայտարարությունները։

«Ինձ ցավ է պատճառում, որ մեր քաղաքական մշակույթում դեռևս առկա է ծրագրային փաստարկների բացակայության դեպքում հարցը քաղաքական գործիչների անհատական անվանարկման մաղձոտ դաշտը տեղափոխելու պրակտիկան», - հայտարարեց Հովիկ Աբրահամյանը: - «Չեմ կարծում, որ մեր ժողովուրդը դա է սպասում քաղաքական գործիչներից, և, իմ կարծիքով, դա նշանակում է անհարգալից վերաբերմունք սեփական ընտրողների նկատմամբ։ Իշխանությունը և ընդդիմությունը գտնվում է նույն նավում, և մենք բոլորս նավարկում ենք միասին, այսինքն մեր երկրի համար յուրաքանչյուրս պատասխանատու ենք մեր չափով»։

Հովիկ Աբրահամյանը ողջունելի համարեց նախկին վարչապետ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի պատգամավոր Հրանտ Բագրատյանի կեցվածքը, ով, ի տարբերություն խմբակցության մյուս անդամների, դրական կողմեր տեսել էր Կառավարության ծրագրում, և ոչ թե բոյկոտեց քվեարկությունը, այլ մասնակցեց և քվեարկեց ձեռնպահ.

«Իշխանություն-ընդդիմություն փոխհարաբերությունների դասական օրինակ կարող է համարվել Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի կեցվածքը։ Բագրատյանի ելույթը ոչ թե քաղաքական գործչի, այլ պետական գործչի ելույթ էր, որովհետև քաղաքական գործիչը մտածում է հաջորդ ընտրությունների մասին, իսկ պետական գործիչը՝ պետության և ժողովրդի մասին՝ անկախ իր քաղաքական հայացքներից և իշխանության հետ իր ունեցած տարաձայնություններից», - նշեց գործող վարչապետը: - «Հարգելի ընդդիմադիրներ, մտածեք, իմ նպատակն է՝ մենք հանդուրժողականության, համերաշխության մթնոլորտում աշխատենք բոլորս միասին: Դա իմ ցանկությունն է եվ առաջարկը»։

Աբրահամյանը վստահեցրեց, որ հաշվի են առնվելու բոլոր հնչեցված մտահոգությունները ու կարծիքները, և Կառավարությունը դրանց անպայման անդրադառնալու է։

Նախկին վարչապետ Հրանտ Բարգրատյանը «Ազատության» հետ զրույցում մեկնաբանելով իր ձեռնպահ քվեարկությունը` ասաց, որ ծրագիրը տնտեսական խնդիրների 35-40 տոկոսի լուծում նախատեսում է. - «Հիմնական, ամենակարևոր տնտեսական խնդիրների 35-40 տոկոսն է լուծված: Մնացածը` մեծ մասը, կա ընդհանուր ձևակերպում, լուծումները մեզ պարզ չեն։ Ասեցինք՝ կսպասենք, տեսնենք ինչ լուծումներ եք տալու, նախ՝ այս, որ գրել եք, անելո՞ւ եք, թե՞ ոչ, և երկրորդը՝ մյուս կետերը ոնց եք լուծելու, որոնք ի դեպ ավելի շատ են։ Մեզ պետք է կարգի բերել հարկային համակարգը, ներդաշնակեցնել փոքրը, միջինը: Կա ծրագրում կետ՝ հավասարեցնել, մեզ պետք էր իմանալ՝ ոնց»։

Ինչ վերաբերում է ծրագրի ամենավիճելի կետերից մեկին՝ կուտակային կենսաթոշակային համակարգին վերաբերող մասին, որը Հովիկ Աբրահամյանը բնորոշել էր «պարտադիր, բայց ոչ պարտադրված», նախկին վարչապետն ասաց, որ Կառավարության և քաղաքացիական նախաձեռնության հետ համատեղ աշխատանքի շնորհիվ լուծումներ գտնելու հնարավորություն տեսնում է։

Քառյակի բոյկոտի տակտիկայից տարբերվող տակիտիկա որդեգրելու և ձեռնպահ քվեարկելու իր որոշումը Հրանտ Բագրատյանը հիմնավորեց նրանով, որ բոյկոտը չի համարել ճիշտ մարտավարություն և խմբակցությանը՝ Կոնգրեսին տեղեկացրել է այդ մասին. - «Որովհետև բերված են կետեր, որոնց համար Կոնգրեսը տասը տարի է պայքարում էր, ծրագրերում կային այդ կետերը։ Նախկին Կառավարությանն ասում էինք՝ այս քայլը պիտի անեիր, ասում էր՝ չէ, հիմա այս Կառավարությունը եկել է, ասում է՝ այս քայլը ես ուզում եմ անեմ»:

Դիտարկմանը` այսինքն պետք է հնարավորություն տալ այնուհանդերձ», Բագրատյանն արձագանքեց. - «Բա մենք հո թշնամին չե՞նք այս պետության»։

Ձեռնպահ քվեարկած երկրորդ պատգամավորը Հայաստանի նախկին արտգործնախարար, «Ժառանգություն» խմբակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանն էր։ Նա «Ազատությանը» փոխանցեց, որ Հրանտ Բագրատյանը ներկայացրել է իրենց երկուսի դիրքորոշումը, ինքը ևս համամիտ է, որ պետք է Կառավարությանը 2-3 ամիս ժամանակ տալ, եթե սխալ կանեն, այն ժամանակ կքննադատեն։