«Ռուսաստանն Ուկրաինայի հետ պատերազմի մեջ է»

Ուկրաինացի զինվորների պահակակետը Սլավյանսկի մոտակայքում, 5 մայիսի, 2014թ.

Ուկրաինայի հարավային և արևելյան շրջաններում բախումներ են։
Ռուսներն արդեն երեք ուղղաթիռն են վայր գցել

Այսօր Սլավյանսկում տեղի են ունեցել նոր մարտեր։ Ուկրաինայի ներքին գործերի նախարարության փոխանցմամբ, զոհվել է ուկրաինացի 4 զինծառայող, կա 30 վիրավոր։

Ռուսներն այսօր վայր են գցել հերթական ուղղաթիռը. այսպիսով, ուկրաինացիները մայիսի 2-ից սկսած արդեն երեք ուղղաթիռ են կորցրել։

Ռուսներն էլ կորուստներ ունեն, սակայն ստույգ թվեր դեռ չկան։ Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը պնդում է, որ ռուս անջատողականները Սլավյանսկի բնակիչներին որպես կենդանի վահան են օգտագործում և կրակ են բացում շենքերի տանիքներից։

Ներքին գործերի նախարար Արսեն Ավակովն ասել է, որ Սլավյանսկում դիմադրում է մոտ 800 զինված ռուս անջատողական։

Սլավյանսկում ապրում է մոտ 140 հազար մարդ։ Բնակիչների գերիշխող մեծամասնությունը ռուսամետ դիրքորոշում ունի։

Ուկրաինայի անվտանգության ծառայության խոսնակ Մարինա Օստապենկոն այսօր ասել է, որ մոտ 150 կոզակներ Ղրիմից ժամանել են Սլավյանսկ ռուս անջատողականներին սատարելու համար։

«Գործողությունները կարգավորվել են մեկ կենտրոնից»

Նախօրեին Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Օլեքսանդր Տուրչինովը «5-րդ ալիք» հեռուստակայանին ասել է, թե «Ռուսաստանն Ուկրաինայի հետ պատերազմի մեջ է»։

«Եվ արևելքում, և հարավում նրանք փորձում են ամբողջությամբ ապակայունացնել իրավիճակը։ Բայց եթե նրանք դա կարողացել են անել արևելքում, ապա, երբ խոսքը Ռուսաստանի Դաշնության հիմնական թիրախների` Օդեսայի և Խարկովի մասին է, եկեք շիտակ լինենք` այնտեղ նրանք իրական դիմադրության են հանդիպել»,- ասել է Տուրչինովը։

Նրա խոսքերով, «հայրենասեր ուկրաինացիները կարողացել են չեզոքացնել բռնություններ կազմակերպելու և Օդեսան ծնկի բերելու տեղացի սադրիչների և անջատողականների փորձերը»։

«Այդ գործողությունները կարգավորվել են մեկ կենտրոնից, որը երկրի սահմաններից դուրս է` Ռուսաստանում։ Եվ կազմակերպիչների ու կատարողների շարքում եղել են մարդիկ Ռուսաստանի քաղաքացու անձնագրով, ինչպես նաև Մոլդովայի Մերձդնեստրից «գաստրոլների» եկածներ»,- ասել է Տուրչինովը։

Նրա փոխանցմամբ, Ուկրաինայի արևելքում ծառայող ոստիկաններից շատերը սատարում են անջատողականներին, ինչն էլ ավելի է բարդացնում վիճակը հատկապես Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում։

«Նրանց 20 տարի վարժեցրել են պաշտպանել իշխանավորներին և մարդկանց բիզնեսները խլել, և հիմա ոստիկանները չեն կարողանում կատարել բնակիչների կյանքն ու առողջությունը պաշտպանելու սահմանադրական պարտականությունը, դա հսկայական բարդություն է»,- ասել է Ուկրաինայի նախագահի պաշտոնակատարը։

Կիևը և Մոսկվան միմյանց են մեղադրում Օդեսայի ողբերգության համար

Օլեքսանդր Տուրչինովն այս մեկնաբանություններով հանդես է եկել Օդեսայում մայիսի 2-ին տեղի ունեցած ահավոր իրադարձություններից հետո։

Օդեսայում ռուսամետների և ուկրաինացի ազգայնականների բախումների հետևանքով սպանվել է ավելի քան 40 մարդ։ Ռուս անջատողականների մեծ մասը զոհվել է Օդեսայի արհմիությունների հրդեհված շենքում։

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի պնդմամբ, Օդեսայի բախումները Ռուսաստանն է կազմակերպել։

Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինն, իր հերթին, ասել է, թե «Օդեսայի իրադարձությունները վկայում են, որ Ուկրաինայի իշխանությունները չեն ցանկանում երկխոսություն սկսել երկրի ռուսախոս բնակչության հետ», ավելացնելով, որ «Օդեսայի դեպքը պետք է ահազանգ դառնա ամբողջ աշխարհի համար»։

Ամերիկայի Միացյալ Նահանգները, Կանադան, Եվրամիությունը և Ճապոնիան շարունակում են սատարել Կիևի իշխանություններին և Մոսկվայի նկատմամբ նոր պատժամիջոցներ են նախատեսում։