Արգիշտի Կիվիրյանի դատ. «Վկաները դասը լավ չեն սովորել»

Your browser doesn’t support HTML5

Ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող Արգիշտի Կիվիրյանի գործով այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանում ցուցմունք տվեց երկու վկա ոստիկան:

Ինչպես նախորդ դատական նիստի ժամանակ ցուցմունք տված ոստիկանները, Պարեկապահակային ծառայության գնդի զինծառայողներ Արման Դանիելյանը և Արարատ Հարությունյանը նույն բառերով, նույն նկարագրություններով պնդում էին, որ այդ օրը Արգիշտի Կիվիրյանը եղել է «ագրեսիվ»:

Հարցադրումներից պարզվեց, որ ագրեսիվ ասելով նկատի են ունեցել այն, որ օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 հասցեում ապօրինի շինարարության դեմ բողոքողները, մասնավորապես, Արգիշտի Կիվիրյանի և մի քանի այլ քաղաքացու կոչերի հետևանքով շարունակել են ակցիան անգամ այն բանից հետո, երբ ոստիկաններն այդ քաղաքացիներին փողոցից տեղափոխել են մայթ, իսկ վերջիններս կրկին վերադարձել են և շարունակել իրենց ակցիան՝ պահանջելով դադարեցնել շինարարությունը:

Նախորդ դատական նիստին ցուցմունք տված ոստիկանները պնդել էին, թե Արգիշտի Կիվիրյանը բերման ենթարկվելիս գլխով հարվածել է մեքենայի բռնակին, վնասվել է և վնասել է տուժող ճանաչված ոստիկանին: Այսօր ցուցմունք տված ոստիկանը Կիվիրյանին բերման ենթարկելու նկարագրության մեջ ներառեց նաև ինքնավնասման տեսությունը.- «Գրկելու միջոցով զգուշությամբ տեղափոխել ենք, որպեսզի իրենք իրենց չվնասեն»։

Ինչպես նախորդ նիստին, այսօր էլ Արգիշտի Կիվիրյանի պաշտպանները փորձեցին պարզել ոստիկանների իրավական գիտելիքները: Հայտնի է, որ ոստիկանները դրամաշնորհներ են ստանում և ուսուցում կազմակերպում: Բայց այսօր ոստիկանների պատասխաններից պարզվեց, որ չեն սովորել, թե ինչ է նշանակում ժողովրդավարական հասարակությունում բողոքի ակցիաների ազատությունը: Վկա Արման Դանիելյանն ասում էր՝ բոլոր դեպքերում, երբ փորձ լինի փակել փողոցը, անհրաժեշտ է այն ազատել: Մեղադրող կողմն առարկում էր, երբ Կիվիրյանի պաշտպանները հարցնում էին՝ եթե հանրապետության նախագահն է անցնում, փողոցը փակվում է, ոստիկանները պիտի միջամտե՞ն, կամ, ասենք, եթե Հանրապետականի հավաքն է տեղի ունենում, անհրաժե՞շտ է, որ միջամտեն։

«Տարբեր իրավիճակներում մենք տարբեր գործողությունների ենք դիմում»,- պատասխանեց վկան՝ դժգոհելով, թե ինչո՞ւ հարցը վերաբերում հենց Հանրապետական կուսակցությանը։

Փաստաբանների հարցերից պարզվեց, որ այս գործով նախաքննության ժամանակ ոստիկաններին Հատուկ քննչական ծառայություն են հրավիրել առանց ծանուցագրի։

Թե ի՞նչ արդյունք են տվել այս վկաների բացատրությունները, հայտնի կդառնա դատավարական հաջորդ փուլում:

Վկա ոստիկանների հարցաքննությունը գնահատեցին ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող Արգիշտի Կիվիրյանի պաշտպանները:

«Հստակ է, որ որոշակի հրահանգավորում են ստացել, թե ինչ ցուցմունք պետք է տան, բայց իրենց ունակությունները չեն բավականացնում այդ ցուցմունքներից դուրս հարցերին պատասխանել այնպես, որ գոնե իրենց տված ցուցմունքներին չհակասեն»,- ասաց Լուսինե Սահակյան։

Արգիշտի Կիվիրյանի պաշտպան Երվանդ Վարոսյանն ամփոփեց.- «Ակնհայտ երևում է, որ ինչ-որ դասեր են տալիս ոստիկաններին, բայց դասերը խիստ թերի են։ Օրինակ, եթե ես լինեի գնահատողը, «երկու» կգնահատեի, որովհետև գոնե էս մարդկանց տեսանյութում ակնհայտ երևացող բաները պիտի ասեն՝ ինչ ասեն»։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց ապրիլի 28-ին: