ԵՄ արտգործնախարարները կքննարկեն ուկրաինական ճգնաժամը

Այսօր Լյուքսեմբուրգում Եվրամիության երկրների արտգործնախարարները սկսելու են երկօրյա հավաքը, որի ընթացքում քննարկման հիմնական թեման ուկրաինական ճգնաժամն է և այդ իրադարձություններին Եվրամիության արձագանքը:

Ակնկալվում է, որ Եվրամիությունը այսօր կհաստատի Ուկրաինային 1 միլիարդ 600 միլիոն եվրոյի օգնության փաթեթը, որը ուղղվելու է ուկրաինական տնտեսության կայունությանը և բարեփոխումների գործընթացին: Այդ մասին հաղորդում է «Բլումբերգ» պարբերականը` հավելելով, որ արտգործնախարարները պետք է վերջնականապես հաստատեն նաև Եվրամիության կողմից Ուկրաինայի համար մաքսատուրքերը միակողմանիորեն վերացնելու որոշումը, որը սկսելու է գործել այս տարվա նոյեմբերի մեկից:

Եվրոպացի դիվանագետների քննարկման առանցքում է լինելու նաև Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներն ավելացնելու հարցը, սակայն այսօր այդ հարցով որոշում դժվար թե լինի, գրում է ռուսական «Նովոստի» լրատվական գործակալությունը` Եվրամիության իր աղբյուրներին հղում անելով:

Լյուքսեմբուրգում Եվրամիության արտգործնախարարները խորհրդակցելու են նաև այն հարցի շուրջ, թե ինչ պատասխան հղեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ իրենց ուղղված նամակին:

Հիշեցնեմ, Ռուսաստանի նախագահը ապրիլի 10-ին Կրեմլի պաշտոնական կայքում նամակ էր հրապարակել ուղղված Ուկրաինայի տարածքով Ռուսաստանի գազը ստացող 18 եվրոպական երկրներին, որոնց թվում են Ավստրիան, Գերմանիան, Իտալիան, Ֆրանսիան, Թուրքիան, Լեհաստանը, Բալկանյան երկրները, Արևելյան Եվրոպան:

Պուտինը նամակում նշել էր, որ Ուկրաինայի կուտակած պարտքերի պատճառով իրենք ստիպված են անցում կատարել նախավճարի սկզբունքին, այլևս չեն կարող զեղչել գազի գինը այդ երկրի համար և կոչ էր արել անհապաղ հավաք հրավիրել ֆինանսների, էկոնոմիկայի և էներգետիկայի նախարարների մակարդակով` քննարկելու այդ հարցը:

Նամակի հրապարակման հաջորդ օրը ապրիլի 11-ին Պուտինը հրավիրել է խորհրդակցություն անվտանգության խորհրդի անդամների հետ, որտեղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը զեկուցել է, թե եվրոպական երկրներում շատ լուրջ են մոտեցել նամակին, խոստացել են պատասխանել հնարավորինս սեղմ ժամկետներում:

Լավրովը հավելել է, որ առայժմ դեռ պատասխան չկա Եվրոպայից, փոխարենը արձագանքել է Միացյալ Նահանգները` Պուտինի նամակը որակելով «գազային շանտաժ»:

Ռուսաստանի նախագահը այս տեղեկությանը նախ բավական հեգնական մի մեկնաբանություն է արել, թե «ուրիշի նամակները կարդալը լավ չէ, որ իր նամակը իրենց գազի եվրոպական սպառողներին էր ուղղված, ու չնայած արդեն բոլորը սովոր են, որ Միացյալ Նահանգները համատարած գաղտնալսում է, բայց դա այնուամենայնիվ գեղեցիկ չէ»:

Իսկ եթե ավելի լուրջ, շարունակել է Պուտինը, ապա 2009 թվականի պայմանագրով սահմանված գինը մինչ օրս գործում է, իրենք տարբեր տարիների զեղչեր սահմանել են Ուկրաինայի համար, նաև 2013 թվականին անգամ 3 միլիարդ դոլար վարկ են տվել, սակայն իրենց պայմանավորվածությունները պարտքերը մարելու վերաբերյալ չեն կատարվել:

«Իրավիճակի ողջ դրամատիզմը նրանում է, որ այս տարվա առաջին քառորդում ամենացածր գներն էին սահմանված, սակայն այդ ամենացածր գներով էլ ուկրաինացի մեր գործընկերները դադարել են վճարել: Մարտին սպառած գազի դիմաց 540 միլիոն դոլարից և ոչ մի դոլար և ռուբլի չի վճարվել և դա անընդունելի իրավիճակ է»,- հայտարարել է Պուտինը` հավելելով, որ եվրոպական գործընկերները փոխանակ գործուն աջակցություն ցուցաբերեն Ուկրաինայի` սնանկության շեմին գտնվող տնտեսությանը, միայն հայտարարություններ են անում, թե Ռուսաստանը քաղաքական նպատակներով է գազի թեման շահարկում, և կոչ են անում Ռուսաստանին գազի գինը իջեցնել Ուկրաինայի համար:

«Ռուսաստանն այլևս չի կարող միայնակ սուբսիդավորել Ուկրաինական տնտեսությունը, այդ պատճառով դիմել ենք մեր եվրոպացի գործընկերներին` հավաքվել միասին հնարավորինս արագ և որոշել, թե ինչպես կարող են Ուկրաինայի տնտեսությանն աջակցել, եթե իրոք նրանք լավ են վերաբերվում Ուկրաինային, եթե իրոք սիրում են ուկրաինական ժողովրդին, ապա պետք է նաև իրենց ներդրումն ունենան ուկրաինական տնտեսության սնանկացումը թույլ չտալու գործում: Մայդանում կարկանդակներ բաժանելով չես կարող սահմանափակվել, դա բավարար չէ ուկրաինական տնտեսությունը լիակատար քաոսից ետ պահելու համար»,- հայտարարել է Պուտինը: