Մատչելիության հղումներ

«Վլադիմիր Պուտինին անկախ լրատվամիջոցներ պետք չեն»


The Guardian հեղինակավոր պարբերականը հրապակել է ռուսական Дождь հեռուստաընկերության գլխավոր խմբագրի տեղակալ Տիխոն Դզյադկոյի հոդվածն այն մասին, թե ինչպես է ռուսաստանյան իշխանություններին հաջողվել ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում վտանգի տակ դնել անկախ հեռուստաընկերության գոյությունը:

«Վլադիմիր Պուտինը Ղրիմի պատերազմում հաղթեց՝ առանց փամփուշտ կրակելու: Բայց որպեսզի նա հաջողակ լինի նաև մյուս պատերազմում՝ ռուսաստանյան անկախ լրատվամիջոցների դեմ, նրանից զորք մտցնել էլ չի պահանջվի. Դրա համար ժամանակակից Ռուսաստանում կան շատ այլ գործիքներ: Ես և իմ գործընկերներն այդ մասին լսելով չէ, որ տեղյակ ենք: Ռուսական միակ անկախ լրատվամիջոցը՝ Дождь-ը, որտեղ մենք աշխատում ենք՝ ընդամենը մի քանի ամսվա ընթացքում հայտնվել է փակման եզրին», - գրում է նա:

Дождь-ը գործում է 2010 թվականից, Պուտինի կոշտ նախագահության առաջին երկու ժամկետից հետո ռուսաստանյան հասարակությունում ավելի քան կարիք կար անաչառ լրատվության և արդար լրագրության, ինչի շնորհիվ էլ իր գոյության չորս տարիների ընթացքումը Дождь-ը դարձավ Ռուսաստանի տեղեկատվական գլխավոր աղբյուրներից մեկը: «Դրա համար հատուկ խորամանկություններ հորինելու կարիք չկար», - նշում է հոդվածագիրը: - «Մենք պարզապես վերադարձրինք այն, ինչը վերջին 15 տարիներին անհետացած էր ռուսական հեռուստատեսությունից. հաղորդումներ ուղիղ եթերում, սուր հարցազրույցներ քաղաքական և հասարականան գործիչների հետ»:

«Այդ չորս տարիների ընթացքում հյուրընկալել ենք ռուսաստանյան ընդդիմության առաջնորդներին, ովքեր պետական լրատվամիջոցների «սև ցուցակում են»: Մեզ մոտ նաև իշխանության ներկայացուցիչներն էին գալիս և ուղիղ եթերում պատասխանում սուր և անհարմար հարցերի: Ի տարբերություն մյուսների՝ մենք պատմում էինք բողոքի ակցիաների մասին, ուղիղ հեռարձակմամբ ցուցադրում հանրահավաքները: Հենց մեր հեռուստատեսություն էր անցած ցրտաշունչ ձմռանը ուղիղ եթերում լուսաբանում Կիևում ծավալվող իրադարձությունները՝ ներկայացնելով ինչպես իշխանությունների, այնպես էլ ընդդիմության տեսակետներն ու այնտեղ տեղի ունեցող բախումները:
Թվում էր, թե մենք որևէ արտառոց բան չենք անում՝ եթե հաշվի չառնենք կարևորը, որ այդ ամենը տեղի էր ունենում Ռուսաստանում, որտեղ այսօր անկախ լրատվամիջոցների գոյությունը Կրեմլի տեղեկատվական օրակարգի մեջ չի մտնում», - շարունակում է նա: - «Հենց դրա համար էլ առիթ էր պետք՝ անցկալի լրատվամիջոցի դեմ արշավ սկսելու համար»:

«Дождь»-ի դեպքում, ըստ Դզյադկոյի, այդ առիթը հայտնվեց հունվարին, երբ հեռուստաընկերության հաղորդումներից մեկի ընթացքում քննարկվում էր, թե արդյոք Հայրենական մեծ պատերազմի ընթացքում արժեր Լենինգրադը հանձնել գերմանական զորքին՝ խուսափելու համար հազարավոր մարդկային զոհերից․ այդ հարցը բազմիցս բարձրացվել է պատմաբաննների կողմից, ինչպես նաև ընդգրկված է ռուսական պաշտոնական դպրոցական դասագրքերից մեկում, սակայն «Дождь»-ի դեպքում այն ունեցավ պետական մասշտաբի արձագանք. - «Պաշտոնական տեսակետի ջատագովները նախ սկսեցին այդ մասին գրել սոցիալական ցանցերում և ապա պետական լրատվամիջոցներում՝ պատրաստելով ռեպորտաժների շարք այն մասին, որ մեր հեռուստաալիքը կասկածի տակ է դնում Մեծ հայրենական պատերազմի արդյունքներն ու Խորհրդային Միության ժողովրդի սխրագործությունը: Մեկ ամսվա ընթացքում մեզ զրկեցին մի շարք փաթեթային հեռարձակումներից՝ կաբելային և արբանյակային: Այդպիսով մենք կորցրինք մեր լսարանի 90 տոկոսը: Մեր լրատվամիջոցը հաջողակ բիզնեսից վերածվեց իր գոյությունը հազիվ պահպանող մի կառույցի: Եվ հիմա ամեն ինչ կախված է Կրեմլի որոշումից՝ կդադարեցնի՞ ճնշումը Дождь-ի նկատմամբ, թե՞ ոչ: Տարօրինակ է հնչում, բայց, այո, ինչպես Ռուսաստանում բոլոր հարցերը, մեր հեռուստաալիքի ճակատագիրը ևս որոշվում է նույն տեղում»:

«Մի բան ևս հստակ է․ որ հեռուստաալիքի դեմ արշավը Կրեմլի տեղեկատվական օրակարգի բաղկացուցիչ մասն է: Ժամանակակից ռուսական ղեկավարության պատկերացմամբ՝ լրատվամիջոցների գոյության հիմնական նպատակը քարոզչությունն է, քարոզչություն, որը կգտնի համապատասխան խոսքեր՝ բացատրելու այնպիսի դժվար գործընթացներ, ինչպիսիք են, օրինակ, Ուկրաինայի իրադարձությունները կամ անխուսափելի տնտեսական ճգնաժամը», - եզրափակում է Дождь հեռուստաընկերության գլխավոր խմբագրի տեղակալը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG