Վոլոդյա Ավետիսյանը բողոքում է իր նկատմամբ «անմարդկային» վերաբերմունքից

Արխիվ – Պաշտոնաթող գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը (ձախից) և ղարաբաղյան պատերազմի վետերանները Երևանում բողոքի ակցիայի ժամանակ, Երևան, 13-ը մարտի, 2013թ․

Խարդախության մեջ մեղադրվող պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանն այսօր դատարանում հայտարարեց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կողմից իր նկատմամբ անմարդկային վերաբերմունքի մասին։

«Լավ չեմ զգում, նիստը հետաձգեք, որովհետև հիմնական խցից ինձ իջեցրել են ներքև՝ սպասողական խուցը, երեք ժամ պահել են այնտեղ զրոյական աստիճանի տակ: Սպասել եմ, մինչև մեքենան եկել է, ինձ ներկայացրել է այստեղ», - դատարանում պատմեց Ավետիսյանը:

Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանն իր հերթին հայտարարեց, թե այս գործով դատախազ Հենրիկ Պապիկյանը կոպիտ խախտումներ է թույլ տվել և նրան բացարկ հայտնելու միջնորդություն ներկայացրեց: Որպես հիմնավորում Զաքարյանը բերեց այն փաստը, որ Ավետիսյանի դեմ հարուցված քրեական գործը պետք է քննվեր ոչ թե պաշտպանության նախարարության քննչական ծառայությունում, այլ ոստիկանությունում, քանի որ խարդախության մեղադրանքով գործերը ոստիկանության իրավասության ներքո են։ Բացի այդ, ըստ փաստաբանի, չեն կայացել առերեսումներ վկաների հետ: Նա նշեց, որ Ավետիսյանն իր կալանավորման սկզբում հրաժարվել էր հարցաքննություններից, սակայն հետո նա փոխել էր մտադրությունը, բայց քննիչը այդպես էլ որևէ առերեսում չէր արել, նույնիսկ այն դեպքում, երբ վկաների ցուցմունքներում առկա են եղել հակասություններ:

Դատախազ Հենրիկ Պապիկյանը հայտարարելով, որ գործել է օրենքի սահմաններում, պնդեց Ավետիսյանին առաջադրված մեղադրանքը, նշեց, որ նա մի դեպքում քաղաքացուց 2000 դոլար է վերցրել վերջինիս որդուն բանակից ազատելու հարցում օգնելու համար, իսկ մյուս դեպքում՝ 500 դոլար է փորձել վերցնել՝ կրկին բանակում հարցեր լուծելու համար։

Դատավոր Լևոն Ավետիսյանը մերժեց Զաքարյանի միջնորդությունը՝ դատախազին բացարկ հայտնելու հիմքեր չտեսնելով։ Ավետիսյանի գործով տուժող չկա։ Կան վկաներ, որոնցից մի քանիսն արդեն հայտարարել են, թե Հայաստանում չեն ու չեն կարող մասնակցել դատավարությանը։

Փաստաբան Արա Զաքարյանն արդեն հայտարարել է, թե առանց տուժող քրեական գործը աբսուրդ է, ինչը ևս մեկ անգամ հաստատում է իրենց պնդումը, որ Ավետիսյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում: Ավետիսյանը չի ընդունում իր մեղքը ու արդեն հայտարարել է, որ իրեն ճաղերի ետևում են պահում քաղաքական հայացքների համար։

Հիշեցնենք՝ անցած մայիսին նա բարձրաձայնեց ազատամարտիկների սոցիալական խնդիրների մասին, բողոքի ակցիաներ նախաձեռնեց, ինչից հետո պաշտոնաթող գնդապետի դեմ քրեական հետապնդում սկսվեց:

Այսօրվա դատական նիստին ներկա ազատամարտիկները, Ավետիսյանի հարազատներն ու համախոհները պարբերաբար ծափահարում էին Ավետիսյանին ու նրա պաշտպանին։ Դատավոր Լևոն Ավետիսյանը զգուշացրեց լռություն պահպանել՝ դատարանի դահլիճից հեռացնելով ծափահարողներից մեկին։

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 16-ին։