Մատչելիության հղումներ

Քննիչը հիմնավոր է համարել Ավետիսյանին առաջադրված մեղադրանքները


Քննիչը հիմնավոր է համարել Ավետիսյանին առաջադրված մեղադրանքները
please wait

No media source currently available

0:00 0:03:56 0:00
Պահեստազորի գնդապետ, ղարաբաղյան պատերազմի վետերան Վոլոդյա Ավետիսյանի պաշտպանը բողոքարկել է օրեր առաջ քննիչի կայացրած որոշումը։ Ավետիսյանի գործով քննիչը նախաքննությունն ավարտելու մասին որոշում է կայացրել՝ այսպիսով հիմնավոր համարելով նրա նկատմամբ առաջադրված մեղադրանքները։

Ազատամարտիկը մեղադրվում է խարդախության և խարդախության փորձի համար։ Նա, ըստ նախաքննական մարմնի, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով քաղաքացի Հ. Զաքարյանի թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու պատրվակով 2000 դոլար է հափշտակել։

Ավետիսյանը չի ընդունում մեղադրանքը։

Փաստաբան Արա Զաքարյանն «Ազատությանն» ասում է, որ քննիչը չպետք է ավարտած համարեր նախաքննությունը, քանի որ դեռևս չպարզված հանգմաանքներ կան։ Նա նշում է, որ անցած կես տարում նախաքննական մարմինը Ավետիսյանին կալանավորելու որոշումից զատ այլ քննչական գործողություններ չի կատարել։ Քննիչը մերժել է փաստաբանի ներկայացրած տարբեր միջնորդությունները՝ անգամ Ավետիսյանի դեմ բողոք ներկայացրած քաղաքացու հետ առերեսում չանցկացնելով։

«Դատախազը կարող է բողոքը բավարարի և ցուցում տա քննիչին՝ որոշակի գործողություններ և որոշումներ կայացնելու վերաբերյալ, ինչը մենք պահանջում ենք»,- ասաց Զաքարյանը։

Փաստաբանը սպասում է դատախազին ներկայացված իր բողոքի պատասխանին։ Այն, ըստ ամենայնի, կլինի երկու օրից։ Դատախազի որոշումից կախված արդեն Ավետիսյանի գործը կամ կուղարկվի դատարան, կամ էլ կշարունակվի նախաքննությունը։

Սոցիալական պահանջներով անցած մայիսին պայքարի ելած Ավետիսյանին մարտական ընկերներն ու համախոհները քաղաքական բանտարկյալ են համարում։ Նրանք դատարանից ակնկալիք չունեն, իսկ նախաքննական մարմնի որոշումը համարում են ամենաթողության հետևանք։

«Վոլոդյայի շուրջ սկսեցին հավաքվել բազում մարդիկ։ Մեր վերջին հավաքներին այնքան մարդ էր հավաքվում, որ այսօր ցանկացած քաղաքական կուսակցություն կերազեր այդքան ազատամարտիկ հավաքվեր իր շուրջը։ Ըստ երևույթին իշխանությունների համար շատ վտանգավոր թվաց դա՝ տենդենց, որ ազատամարտիկները ընդհանուր գաղափարի շուրջ հավաքվում են, և Վոլոդյա Ավետիսյանին մեկուսացրեցին»,- ասաց ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը։

Ազատամարտիկի ընտանիքում արդարության հույսը չի մարել։ Նրա մայրը, կինը, վեց երեխաները շարունակում են պնդել, որ Ավետիսյանն արդար է։ Մայրը՝ Սուսաննա Պողոսյանը հպարտ է որդու թե՛ անցյալով, թե՛ ներկայով։

«Ոչ մեկը չի եկել, ասել՝ իմ տղուն ազատի, ինքը ասում էր՝ էդ հարցերով իմ տունը չմտնեք»,- ասաց Պողոսյանը։

Ազատամարտիկի 76-ամյա մայրն ասում է, որ մինչև որդու ազատազրկումը ինքն աշխույժ էր, առողջ, հող էր մշակում։ Որդուն ձերբակալելու մասին լուրը լսելուց հետո ուշագնաց է եղել։ Հիվանդացել է ու մինչ օրս ի վիճակի չէ ընտանքին որևէ բանով օգնել.- «Ո՞նց մշակեմ հողը, մի բուռ դեղ եմ խմում»։

Ազատամարտիկի կինը՝ Մարգարիտա Բաղրամյանը հազիվ է ծայրը ծայրին հասցնում։ Բազմանդամ ընտանիքում ոչ ոք չի աշխատում։ Գոյատևում են սկեսուրի, ամուսնու և իր թոշակներով։ Ասում է՝ եթե ամուսինը ընդունակ լիներ ինչ-որ մեկի որդուն բանակից ազատելու, ապա նախ և առաջ իր տղաներին կազատեր։

«21 տարի աշխատել է, ես չեմ տեսել, որ ինքը մեկից կաշառք վերցնի, ինչ-որ բանի համար։ Սա կաշառակերի տո՞ւն է։ Իրա էրեխուն կազատեր, եթե ազատելու լիներ, հիվանդ էրեխա է, զոբ ուներ, սրտի պրոբլեմ, ոտքերի պրոբլեմ...»,- ասաց կինը։

Ավետիսյանի ընտանիքում հպարտությամբ են ցույց տալիս ազատամարտիկի անցյալի մասին պատմող անկյունը։ Պատվոգրեր, մեդալներ, շնորհակալագրեր. ընտանիքն ասում է, թե սրանք են պատերազմում հաղթանակած զինվորի պարգևները։

Պատերազմում հաղթանակած Ավետիսյանը չէր դադարեցրել պայքարը նաև խաղաղության մեջ և պայքարում էր հանուն ազատամարտիկների սոցիալական խնդիրների։ Այսօր սակայն, ըստ մարտական ընկերոջ, նրան կալանավորելով՝ իշխանությունները այդ պայքարը վերջնականապես մոռացության տվեցին։
XS
SM
MD
LG