Ուկրաինայի պաշտպանության նախարարին չեն թույլատրել մուտք գործել Ղրիմ

Ղրիմ -- Ռուսաստանի սևծովյան նավատորմի «Գեներալ Ռիբակով» ռազմանավը Սևաստոպոլի ափին, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երեկվա ելույթից մի քանի ժամ անց իրավիճակը Ղրիմում գտնվող մի շարք ուկրաինական զորամասերի մերձակայքում կտրուկ կերպով սրվեց:

Սկզբում կրակոցներ հնչեցին Սիմֆերոպոլում գտնվող ուկրաինական զորամասի դարպասների մոտ: Ուկրաինական աղբյուրները պնդում էին, որ զորամասը գրոհել են ռուսական Զինված ուժերի ստորաբաժանումները: Ղրիմի դատախազ Նատալյա Պոկլոնսկայան ներկայացնում էր տեղի ունեցած միջադեպի ռուսական կողմի վարկածը:

«Կրակոցներն արձակվել են միաժամանակ թե ուկրաինացի զինծառայողների, և թե Ղրիմի ինքնապաշտպանության ուժերի ուղղությամբ: Զոհվել է ինքնապաշտպանության ուժերի մեկ մարտիկ, երկրորդը վիրավորվել է: Մեկ զոհ և մեկ վիրավոր էլ կա ուկրաինական զինծառայողների շրջանում»,- հայտարարեց Ղրիմի դատախազը:

Պաշտոնական Կիևը Սիմֆերպոլում տեղի ունեցած միջադեպից հետո հայտարարեց, որ Ղրիմում իրավիճակի թեժացման ողջ պատասխանատվությունը կրում են ռուսական իշխանությունները: Այս մասին երեկ երեկոյան հայտարարեց Ուկրաինայի կառավարության ղեկավար Արսենի Յացենյուկը:

«Այն, ինչ կատարվում է այս պահին, վկայում է, որ հակամարտությունը քաղաքականից փոխադրվում է ռազմական հարթություն: Դրա ողջ մեղքը կրում են ռուսաստանցի զինծառայողները: Վլադիմիր Պուտինի այսօրվա ելույթից հետո ռազմական հակամարտության ծավալման ողջ պատասխանատվությունը կրում են անձամբ Ռուսաստանի Դաշնության նախագահն ու ռուսական ղեկավարությունը»,-հայտարարեց Յացենյուկը:

Չնայած Կիևից հնչող կոչերին՝ առավոտյան արդեն իրավիճակը սրվեց Սևաստոպոլում` Ուկրաինայի ռազմածովային ուժերի շտաբի մերձակայքում: Շտաբի մուտքի մոտ ընթացող ցույցի մասնակիցները պահանջում էին ուկրաինացի զինծառայողներից վայր դնել զենքը: Կեսօրին մոտ ցուցարարներն ու նրանց աջակցող զինված խմբի անդամները գրավեցին շտաբի շենքը: Դրանից հետո Ռուսաստանի Սևծովյան նավատորմի և Ուկրաինական ռազմածովային ուժերի հրամանատարներ ծովակալ Վիտկոյի և կոնտր-ծովակալ Հայդուկի միջև բանակցություններ սկսվեցին, որոնց նպատակն էր հստակեցնել ուկրաինացի զինվորականների հետագա կարգավիճակը թերակղզում:

Մի քանի ժամ տևած բանակցություններից հետո հայտնի դարձավ, որ ուկրաինացի ծովակալն անհետացել է: Ռուսական աղբյուրները պնդում էին, որ նրան տեղափոխել են Սևաստոպոլի դատախազություն` հարցաքննության նպատակով: Ուկրաինայի պաշտոնական UNIAN լրատվական գործակալությունը, պաշտպանության նախարարության աղբյուրները վկայակոչելով, հաղորդում էր, որ Հայդուկին առևանգել են ռուսական հատուկ ծառայությունները:

Սրան զուգահեռ բավական դրամատիկ իրադարձություններ էին ծավալվել Ղրիմի արևելքում գտնվող Սուդակ քաղաքի մոտ: Կիևցի ռազմական փորձագետ Դմիտրի Տիմչուկի տեղեկություններով՝ Ուկրաինայի Զինված ուժերի այստեղ տեղակայված ստորաբաժանումներից մեկի` 36-րդ հետևակային բրիգադի զինծառայողները գրեթե ողջ կազմով վայր էին դրել զենքը և դադարեցրել է դիմադրությունը՝ անձնակազմին ձեռքին գտնվող ողջ սպառազինությունը տեղափոխելով զինապահեստ:

Զորամասի հրամանատարությունը հայտարարել է, որ վերջնական հետագա գործողությունների մասին որոշումը կկայացվի մարտի 21-ին:

Յացենյուկի կառավարությունը այս պայմաններում փորձում է իր ազդեցությունը վերահաստատել թերակղզում ընթացող պրոցեսների վրա, բայց առայժմ անարդյունք: Վարչապետի հատուկ հանձնարարությամբ Ղրիմ ուղևորված փոխվարչապետ Վիտալի Յարեման և պաշտպանության նախարար Իգոր Տենյուխը այդպես էլ չեն կարողացել մուտք գործել թերակղզու տարածք: