Խոջոյանին տեղափոխել են Երևան

Your browser doesn’t support HTML5

Խոջոյանին տեղափոխել են Երևան

Ադրբեջանական գերությունից ազատ արձակված Մամիկոն Խոջոյանը, ում երեկ Իջևանից տեղափոխել են Երևանի «Սբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, չի ճանաչում իրեն այցելած հարազատներին: 77-ամյա Խոջոյանի ողջ մարմինը ծածկված է վնասվածքներով ու վերքերով:

Բժշկական կենտրոնի փոխնօրեն Գագիկ Մանուկյանը «Ազատության» հետ զրույցում փոխանցեց, որ Խոջոյանը իրենց կենտրոն է տեղափոխվել կայուն ծանր վիճակում և անմիջապես հետազոտվել․ - «Ռենտգեն քննությունով ունենք կողերի հինգ կոտրվածքներ, ունենք աջ բազկոսկրի միջին երրորդի բեկորային կոտրվածք՝ ոչ ճիշտ համակցումով․ առաջացել է կեղծ հոդ, որը վիճակի կայունանալուց հետո հետագայում կարիք ունի տրավմատոլոգների կողմից վիրահատական միջամտության»:

Հայաստանի նախկին օմբուդսմեն, «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ բացի միջազգային ամբիոններից նման բռնությունները դատապարտելը, պետք է նաև հարցին իրավական լուծում տալ: Ալավերդյանն ասաց, որ իրենց հանդիպել են Խոջոյանի հարազատներին և պայմանավորվել, որ նրան խոշտանգելու փաստով պետք է դիմել Եվրադատարան:

Ալավերդյանը գոհունակությամբ նշում է, որ Հայաստանում գերության մեջ հայտնված ադրբեջանցիների հետ երբեք այդպես չեն վարվել․ - «Բոլոր՝ առաջին, երկրորդ և երրորդ, նախագահների ժամանակ արվել է այն ամենը, ինչ հնարավոր է, որ պետական մակարդակով, պետական մարմինների, պետական պաշտոնատար անձանց կողմից բացառվի այդպիսի գործողությունը»:

Նա պատմեց, որ նախկինում գործող գերիների ու պատանդների հարցերով միջազգային խումբը ևս նկատել է, որ Հայաստանում ու Ադրբեջանում գերիների նկատմամբ վերաբերմունքը էականորեն տարբերվում է․ - «Նրանք տեսել են, որ այդ ադրբեջանցիները, որոնք գերի են եղել Հայաստանում և պահվել են մեր պետական մարմինների ներքո, ինչ վիճակում են եղել, և բարվոք են բնութագրել: Հետագայում մենք նրանց վերադարձրել ենք Ադրբեջան, նրանք պահվել են նույն «Գոբուստան» կոչվող ճամբարում, որտեղ պահվում էին և հայ գերիները: Եվ երբ նույն խումբը այցելել է այդտեղ և տեսել է, թե ինչ վիճակի մեջ են հայտնվել նույն այդ ադրբեջանցի գերիները, որոնց վերադարձրել ենք, նրանք դրա մասին գրել են, որ ահավոր վատ վիճակում են եղել»:

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանին նույնպես ուրախացնում է այն, որ Հայաստանում երբևէ գերության մեջ հայտնված որևէ ադրբեջանցու նկատմամբ բռնության փաստ չի արձանագրվել․ - «Տարեց մարդու, ակնհայտ հիվանդ մարդու նկատմամբ նման ոտնձգությունները, իհարկե, շատ բանի մասին են խոսում: Խոսում են այն բարքերի մասին, որ տիրում են մեր հարևան պետության իշխանավորների շրջանում: Որովհետև դա գալիս է վերևներից: Ես չեմ կարծում, որ ներքին օղակներում կան ժողովուրդների մեջ այդ թշնամությունը կա»:

Գերիների, պատանդների ու անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովին առընթեր աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ հայ գերիների նկատմամբ դաժան ու անմարդկային վերաբերմունքով Ադրբեջանը խախտում է միջազգային մարդասիրական իրավունքի վերաբերյալ Ժնևի կոնվենցիան:

«Եթե բոլոր դեպքերում Հայաստանի իշխանություններն աշխատում են լրջորեն հետևել կոնվենցիաներով ամրագրված դրույթների պահանջներին, ապա, ցավոք, չեմ կարող նույնը ասել Ադրբեջանի համապատասխան իշխանությունների մասին»:

Մամիկոն Խոջոյանի գերեվարության առաջին իսկ օրվանից Ադրբեջանը շրջանառությամ մեջ դրեց այն վարկածը, թե 77-ամյա ծերունին դիվերսանտ է, ինչը լուրջ չընկալվեց անգամ ադրբեջանական հանրության շրջանում:

Կապրիելյանի փոխանցեց նաև, որ իրենց տեղեկություններով, այսօր Ադրբեջանում գերության մեջ են պահվում մի քանի տասնյակ հայեր: Բաքուն, մինչդեռ, պաշտոնապես հաստատում է միայն Հակոբ Ինջիղուլյանը գերեվարման փաստը, ով ադրբեջանական գերության մեջ է արդեն 8 ամիս:

Հայաստանում, ըստ պաշտոնական տվյալների, այսօր գերեվարված ադրբեջանցի չկա: