Ուկրաինական զարգացումների հայաստանյան արձագանքները

Իշխող քաղաքական ուժը՝ Հանրապետականը, համարում է, որ Ղրիմում ստեղծված լարված իրավիճակը պետք է հանգուցալուծվի միջազգային իրավունքի նորմերի համապատասխան:

Այսօր լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը:

Շաբաթ օրը, հիշեցնենք, Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատը՝ Սենատը, իր որոշմամբ իրավունք տվեց այդ երկրի նախագահ Պուտինին անհրաժեշտության դեպքում զորք մտցնել Ուկրաինա: Սակայն մինչ այդ, առանց Ուկրաինայի իշխանությունների թույլտվության, ռուսական զորքերը Ղրիմում տեղակայված իրենց ռազմաբազաներից սկսել էին բռնազավթել տեղի վարչական կենտրոնները, ուկրաինական զինված ուժերի ռազմակայանները, օդանավակայանները և կարևոր ճանապարհային հանգույցները: Ռուսական զորքերի գործողությունները շարունակվեցին Ռուսաստանի Սենատի նշված որոշումից հետո: Այսօր էլ հաղորդագրություններ են ստացվում Ղրիմում ռուսական զորքերի նմանատիպ քայլերի մասին:

Ղրիմում շարունակվող իրադարձությունների կապակցությամբ Ուկրաինայի իշխանությունները հայտարարել են, թե Ռուսաստանը անթաքույց ագրեսիա է իրականացնում, որի նպատակը ուկրաինական տարածքների բռնազավթումն է: Միացյալ Նահանգները, եվրոպական ազդեցիկ երկրները և միջազգային հանրության բազմաթիվ այլ ներկայացուցիչներ կոչ են արել Մոսկվային հարգել միջազգային իրավունքի նորմերը՝ սպառնալով պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ:

Հովհաննես Սահակյանն այսօր ընդգծեց՝ կարևոր է, որ բոլոր հարցերը լուծվեն խաղաղ ճանապարհով. - «Մենք տեսանք, որ Ռուսաստանի Դաշնության և’ նախագահը, և’ բարձրաստիճան պաշտոնատար անձինք հայտարարեցին, որ իրենց պաշտպանում են ռուսախոս մարդկանց հանրությանը, ժողովրդին: Մենք տեսանք, թե ինչպիսի իրավիճակ է նաև ծավալվել այստեղ օբյեկտիվորեն: Բայց միևնույն ժամանակ ես նորից պետք է կոչ անեմ, նաև հորդորեմ, նաև իմ ընկալմամբ կարևոր է, որպեսզի բոլոր գործընթացները իրականանան միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համահունչ և համապատասխան»:

Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, և այսօր փորձեցինք ԱԳՆ-ից ճշտել, թե ի՞նչ դիրքորոշում ունի պաշտոնական Երևանը Ուկրաինայում խորացող ճգնաժամի վերաբերյալ: Սակայն «Ազատության» հարցերին ի պատասխան արտգործնախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը «Ազատությանը» միայն փոխանցեց, թե «Հայաստանի դեսպանը գտնվում է Կիևում և ուշադրությամբ հետևում է զարգացումներին»:

Իսկ ավելի վաղ՝ շաբաթ օրը, «Ազատության» հարցին ի պատասխան փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը նշել էր, թե Հայաստանը շարունակելու է իր հարաբերությունները Ուկրաինայի հետ՝ անկախ ուկրաինացի ժողովրդի ընտրությունից:

Հայաստանի խորհրդարանում մեծությամբ երկրորդ ուժի՝ «Բարգավաճ Հայաստան»-ի ներկայացուցիչ Տիգրան Ուրիխանյանը այսօր դժվարացավ միանշանակ գնահատական տալ Ուկրաինայում և մասնավորապես Ղրիմում տեղի ունեցող իրադարձություններին․ - «Որևէ միանշանակ կարծիք հիմա արտահայտելը Ուկրաինայի ներքին գործերի վերաբերյալ, կարծում եմ, անշնորհակալ գործ է: Որովհետև իրենց ժողովուրդը պետք է որոշի»:

«Հայ ազգային կոնգրեսում շատ մտահոգված են Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ», - ասաց ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Կարապետյանը՝ միաժամանակ փոխանցելով, որ Կոնգրեսն այսօր չի կարող «ճշգրիտ իրավական գնահատական» հայտնել ուկրաինական զարգացումների վերաբերյալ՝ Ռուսաստանի քայլերը ագրեսիա՞ են, թե՞ ոչ․ - «Որպեսզի ճշգրիտ իրավական դիրքորոշում, կարծիք հայտնել մանավանդ նման նուրբ հարցերում, որ վերաբերվում են երկու բարեկամական երկրներին, ժողովուրդներին, մենք կարիք ունենք լիարժեք, լրացուցիչ ինֆոորմացիայի»:

ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն էլ իր մտահոգությունը հայտնեց, թե տեղի ունեցողը կարող է հետ բերել սառը պատերազմը, ինչը բացասական հետևանքներ կունենա Հայաստանի համար: Իսկ ինչ վերաբերում է ուկրաինական զարգացումներին Դաշնակցության գնահատականին՝ Վարդանյանը հակիրճ էր․ - «Գիտեք, ես նման պարտավորվածություն չեմ զգում կողմերից որևէ մեկի տեսակետներին միանալու կամ գնահատականներ տալու: Նույն Ուկրաինայի իշխանությունները կարծես պատրաստվում են նաև այցելել Մոսկվա և բանակցել Ռուսաստանի հետ»:

«Սա ոչ այլ ինչ է, քան անկախ պետության տարածքի բռնազավթում: Սա ագրեսիա է Ուկրաինայի նկատմամբ», - Ղրիմում Ռուսաստանի քայլերը այսպես բնորոոշեց «Ժառանգության» գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը: - «Դա բացարձակապես ներխուժում է և միջազգային նորմերի խախտում: Եվ այսօր մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը, դժգոհ լինելով Ուկրաինայում տեղի ունեցող ներքաղաքական պրոցեսներից, պարզապես ոտնձգություն է իրականացնում այդ երկրի նկատմամբ»:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն այսօր խստորեն դատապարտել է «ռուսական զինված ուժերի ներխուժումն անկախ Ուկրաինայի տարածք»:

«Ժամանակակից քաղաքակիրթ աշխարհում յուրաքանչյուր ժողովուրդ ազատ ինքնորոշման և ազատ կամարտահայտման իրավունք ունի, քանզի դա է պետությունների և ազգերի խաղաղ գոյակցության և բեղմնավոր համագործակցության հիմնական նախապայմանը և միևնույն ժամանակ՝ ամենահզոր երաշխիքը», - ասված է կուսակցության տարածած հայտարարությունում:

Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը կարծիք հայտնեց, թե նման քայլերով Պուտինի վարչակազմը մարտահրավեր է նետել միջազգային հանրությանը. - «Ռուսաստանը իրեն փորձում է շրջապատել չճանաչված կամ կիսաճանաչված տարածքներով` դրանով իսկ փորձելով լուծել այն խոր համակարգային խնդիրները, որ կան Ռուսաստանի ներսում»:

Շահնազարյանը եզրափակեց, թե ըստ միջազգային իրավունքի՝ Ռուսաստանի քայլերը «ագրեսիա են ու բռնազավթում» և «աշխարհը կարծես թե չի ուզում գիտակցել, որ այսօրվա Ռուսաստանը վերածնվել է որպես չարիքի կայսրություն»: