Ոստիկանությունն ու քաղաքացիները դատարանում էին հակընդդեմ հայցերով

Հայաստան - Ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիական ակտիվիստին քաղաքապետարանի մոտ անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ, արխիվ, Երևան, 31-ը հոկտեմբերի, 2013թ․

Ոստիկանությունը պահանջում է քաղաքացիներին պատասխանատվության ենթարկել Երևանի քաղաքապետարանի մոտ «ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար»:

Այսօր առավոտից Վարչական դատարանում 6 քաղաքացու դեմ ներկայացրած ոստիկանության հայցերի քննություն էր նշանակված:

Ոստիկանությունը պահանջում է քաղաքացիներին ենթարկել վարչական տույժի՝ յուրաքանչյուր հայցի դեպքում մինչև 50 հազար դրամի չափով:

Քաղաքացիներն իրենց հերթին ներկայացրել են հակընդդեմ հայցեր՝ ոստիկանների կողմից իրենց խոսքի, խաղաղ հավաքների, ազատ տեղաշարժվելու, անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքների խախտումների փաստերը, ինչպես նաև ոստիկանների գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջներով:

Վարչական գործերը քննող դատավորները վարույթ են ընդունել ոստիկանության դեմ ներկայացրած հայցերը ևս:

Հայց՝ բարձրախոսով խոսելու համար


Քաղաքացի Վահագն Մինասյանի նկատմամբ տարբեր բողոքի ակցիաների ժամանակ հարուցվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 13 արձանագրություն, դրանց հիման վրա ոստիկանությունը 13 հայց է ներկայացրել Վահագն Մինասյանի դեմ և պահանջել է նրան ենթարկել վարչական տույժի, տույժերի ընդհանուր գումարը 600 հազար դրամ է:

«Ոստիկանությունը եղել է ոչ թե նրա իրավունքների պաշտպանը, այլ եղել է Երևանի քաղաքապետարանի պաշտպանը: Այլ նպատակ է հետապնդել մեր վստահորդին ազատությունից զրկելը, և մինչև վերջ՝ այդ երեք ժամը սպառելը, հետապնդել է նպատակ, որպեսզի նա հնարավորություն չունենա իր բողոքի ձայնը արտահայտել», - դատարանում հայտարարեց Վահագն Մինասյանի փաստաբան Արտակ Զեյնալյանը:

Վահագն Մինասյանի դեմ, մասնավորապես, հայց է ներկայացվել՝ բողոքի ակցիայի ժամանակ բարձրախոսով կոչեր հնչեցնելու առնչությամբ:

«Բարձրախոսով 8 ժամվա աղմուկը իհարկե հանդուրժելի չէ», - ակտիվիստի դեմ հայցը փորձեց հիմնավորել ոստիկանության կենտրոնի բաժնի իրավախորհրդատու, փոխգնդապետ Սոնա Մելիքյանը:

Մինասյանի փաստաբանն արձագանքեց, թե՝ փաստորեն աղմուկը այնքան չի եղել, որ քաղաքապետարանը կատարի իր վստահորդի և տասնյակ այլ քաղաքացիների պահանջը՝ պաշտոնանկ չեն արվել քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետն ու «Երևանտրանս» ընկերության տնօրենը:

Որպես վկա ցուցմունք տվեց Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության դասակի հրամանատար Գոռ Սահակյանը: Դատավորը նրան հարցրեց, թե ինչո՞ւ է վկան բերման ենթարկել Վահագն Մինասյանին: Վկան ասաց՝ նպատակահարմար չէր տեղում արձանագրություն կազմելը: Սակայն Արտակ Զեյնալյանի հարցին ի պատասխան ասաց՝ իր մոտ ուներ վարչական պատասխանատվության վերաբերյալ արձանագրություն կազմելու պարագաներ:

Այս գործով նիստը հետաձգվեց, քանի որ նույն դատավորի վարույթում նշանակված էին բողոքի ակցիաներին մասնակցած այլ քաղաքացիների ևս վարչական պատասխանատվության ենթարկելու գործերով դատական նիստեր:

Հայց՝ քնելու համար


Վարչական դատարանն այսօր քննեց նաև քաղաքացի Կարեն Հարությունյանին վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հայցը:

Ըստ ոստիկանության, օգոստոսի 27-ի գիշերը ժամը 1-ին Կարեն Հարությունյանին բերման են ենթարկել ոստիկանության բաժին, այն հիմնավորմամբ, թե նա քնել է քաղաքապետարանի աստիճանահարթակին:

Ո՞ր իրավական ակտով է արգելված քաղաքապետարանի աստիճանահարթակին պառկելը՝ Կարեն Հարությունյանի փաստաբանի, ինչպես նաև դատավոր Արման Թովմասյանի այս հարցերին ոստիկանության ներկայացուցիչը՝ փոխգնդապետ Սոնա Մելիքյանը, արձագանքեց՝ «չեմ կարող ասել»:

Այս գործով նիստը ևս հետաձգվեց, քանի որ դատարանը պատրաստվում էր հաջորդ քաղաքացու գործի քննությանը:

Սահմանադրական իրավունքի մասնագետն՝ օրինախա՞խտ


Դատարանն այսօր քննեց նաև սահմանադրական իրավունքի մասնագետ, ներկայումս իրավական թեզը եվրոպական հեղինակավոր ինստիտուտում պաշտպանող Մհեր Արշակյանին վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ոստիկանության հայցն ու իրավաբանի ներկայացրած հակընդդեմ հայցը:

Ոստիկանությունը պնդում է, որ իրավագետը օգոստոսի 24-ին չի ենթարկվել ոստիկանի օրինական պահանջին: Այդ օրը տեղի է ունեցել ֆլեշ-մոբ, ոստիկանները խոչընդոտել են ակցիան և բերման ենթարկել ակցիա անցկացնելու փորձ կատարող քաղաքացիներին, այդ թվում՝ Մհեր Արշակյանին: Միջադեպի առնչությամբ կազմված վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության մեջ նշված է, թե Արշակյանը չի կատարել ոստիկանի օրինական պահանջը, խոչընդոտել է տրասնպորտային միջոցների երթևեկությունը:

Մհեր Արշակյանի փաստաբանը հակընդդեմ հայցով պահանջել է ճանաչել Մհեր Արշակյանի՝ կարծիքն ազատ արտահայտելու, խոսքի ազատության, հավաքների ազատության, ազատ տեղաշարժվելու, անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքների խախտման փաստը, ինչպես նաև ոչ իրավաչափ ճանաչել Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժնի ոստիկանների գործողությունները, մերժել ոստիկանության հայցը: Մհեր Արշակյանն «Ազատության» հետ զրույցում պնդեց, որ ոստիկանների գործողությունները եղել են ոչ իրավաչափ, հակասահմանադրական:

«Ոստիկանությունը շատ ծիծաղելի վիճակում է հայտնվել, որովհետև սահմանադրական իրավունքները սահմանափակելու համար արդեն անցել են կեղծ միջոցների, կեղծ հիմնավորմամբ են բերման ենթարկում, որը դատաքննության ընթացքում չեն կարողանում ապացուցել», - մեկնաբանեց սահմանադրական իրավունքի մասնագետը:

Դատավորն այս գործերով հաջորդ նիստերի օրերը չնշանակեց․ վարչական դատարանում հարյուրից ավելի գործեր կան, տեղում նման որոշում կայացնելու համար դատավորը պետք է հաշվի առնի ծանրաբեռնվածությունը: