Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ի ակտիվիստները կրկին բերման են ենթարկվել


Չորեքշաբթի երեկոյան ժամը 18-ին Մաշտոցի պողոտայից ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման են ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) յոթ ակտիվիստները, ովքեր թռուցիկների միջոցով փորձել են հանրությանը իրազեկել մարտի 1-ին կայանալիք հանրահավաքի մասին։

Ականատես, ՀԱԿ-ի անդամ Տաթևիկ Պողպատյանն «Ազատության» հետ զրույցում պատմեց, որ Մաշտոցի պողոտայում նախ իրենց մոտեցել են քաղաքացիական հագուստով մոտ տասը երիտասարդ ու պարտադրել դադարեցնել թռուցիկների տարածումը։

«Սկսեցին մեզ հրել, մեր ձեռքից փորձում էին վերցնել այդ թռուցիկները, քաշքշոց սկսվեց, նրանք ասում էին, որ չեն թողելու, որ բաժանենք, նաև աղջիկներին էին հրում, քաշքշում։ Երբ նրանք սկսեցին ավելի համակարգված մեզ հրել, մենք հրավիրեցինք ոստիկանությանը, ոստիկանությունը չմոտեցավ, տեսնելով քաղաքացիական հագուստով այդ տղաներին, գնաց, դրանից հետո սկսեցին բերման ենթարկել որոշ տղաների՝ Արեգ Գևորգյանին, Սարգիս Գևորգյանին, նաև Անի Գևորգյանին, Սերգեյ Գասպարյանին, ով ընդհանրապես ոչ մի բան չէր բաժանում, ուղղակի անցնում էր, վեց կամ յոթ հոգու»,- ասաց Պողպատյանը։

ՀԱԿ ակտիվիստները բերման էին ենթարկվել նաև երկու օր առաջ՝ փետրվարի 10-ի լույս գիշերը, երբ փորձել էին Երևանի կենտրոնում նախագահ Սերժ Սարգսյանի դիմանկարը պատկերող և «Պետական դավաճան» գրությամբ գրաֆիտի նկարել։

Երիտասարդները կարծում են, որ քաղաքացիական հագուստով անձինք ոստիկանության աշխատողներ էին.- «Քրեականի տղերքը, էսպես ասեմ... քաղաքացիական հագուստով էին, որովհետև օրենք էին խախտում, որևէ իրավական հիմք չունեին ինչ-որ բան ասելու, դրա համար չէին ասում։ Թռուցիկների վրա պատկերված էր Սերժ Սարգսյանը, և ինձ թվում է՝ դրանով էր հիմնավորվում այդ գործողությունները»,- ասաց Տաթևիկ Պողպատյանը։

ՀԱԿ անդամ Արեն Հակոբյանն ասում է, որ հերթական անգամ ոստիկանությունը բերման է ենթարկում ակտիվիստներին՝ առանց օրենքի որևէ կետի հղում անելու։

«Էլի ձերբակալություններ, երբ մարդիկ խաղաղ, թռուցիկներ են բաժանում, իրազեկել են մեր հանրահավաքի մասին, որն արտոնված է, այսինքն որևէ ապօրինություն չի եղել քաղաքացիների կողմից։ Լրագրող են նաև ձերբակալել, փորձել են նրա ձեռքից գողանալ այն տեսանյութը, որը նկարվել, այսինքն ոստիկանության ապօրինությունը»,- ասաց Հակոբյանը։

ՀԱԿ վարչության անդամ Սարգիս Թամազյանը դեպքն այսպես է մեկնաբանում.- «Վախենում են տարածումից, ժողովրդի ավելի լայն ընդվզումից։ Նորմալ երկրում նման բան չէին անի։ Թռուցիկ բաժանող երիտասարդներին կբարևեին, կանցնեին։ Բայց դա էլ իզուր ջանք է, որովհետև այս իշխանություններին ոչինչ չի օգնի, ուղղակի որքան հնարավոր է փորձում են ետ պահել մասսայական ընդվզումները, երկարաձգել»։

Ոստիկանությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ երիտասարդներին բերման են ենթարկել խուլիգանության կասկածանքով։

Ուշ երեկոյան Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստները ազատ արձակվեցին:
XS
SM
MD
LG