Կապանում պահանջում են ազատել Շանթ Հարությունյանին և մյուս ընդդիմադիրներին

2013 թվականի նոյեմբերի 5-ի իրադարձությունները Երևանում

«Հայաստանն առանց քաղբանտարկյալների» պահանջով ստորագրահավաքին միանում են հազարավոր կապանցիներ։
Սյունիքի մարզկենտրոն Կապանում անցյալ շաբաթվանից ստորագրահավաք է սկսվել «Հայաստանն առանց քաղբանտարկյալների» պահանջով:

Նախաձեռնող խմբի ներկայացուցիչ Գևորգ Գասպարյանն «Ազատության» հետ զրույցում հիշեցրեց, որ նոյեմբերի 5-ին Երևանի Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած դեպքերից հետո կալանավորված Շանթ Հարությունյանը, ինչպես նաև Արմեն Հովհաննիսյանն ու Ալեք Պողոսյանը ծնունդով Կապանից են։

«Ամսի 3-ից Կապանում ստորագրահավաք է՝ «Հայաստանն առանց քաղբանտարկյալների», մի խումբ կապանցիներ որոշել են, որ ի պաշտպանության քաղբանտարկյալների, որովհետև Հայաստանում այնպիսի իրավիճակ է, որ ամեն գիտակից քաղաքացի պոտենցիալ քաղբանտարկյալ է, դրան պլյուս՝ որ Շանթը Կապանից է, և կան Կապանից էլի քաղբանտարկյալներ՝ Արմեն Հովհաննիսյանը և Ալեքը՝ Դավիթ Բեկից, ու այդպես որոշել ենք ի պաշտպանություն քաղբանտարկյալների ստորագրահավաք կազմակերպենք», - ասաց Գասպարյանը։

Գասպարյանն ասաց, որ արդեն հավաքվել են հազարավոր ստորագրություններ։ Ստորագրահավաքին միացած կապանցիները պահանջում են դադարեցնել «ամոթալի հետապնդումը և ազատ արձակել քաղբանտարկյալներին». - «Այսօր բանտերում են նրանք, ովքեր ելել են յուրաքանչյուրիս ազատության, մարդկային արժանապատվության, երկրի անկախության համար։ Մենք չենք կարող անտարբեր հանդիսատես լինել ու հաշտվել այս աղաղակող անարդարության հետ, ուստի մեր ստորագրությամբ պահանջում ենք դադարեցնել 21-րդ դարի մեր հայրենիքի և քաղաքացիների համար ամոթալի քաղաքական հետապնդումը և ազատ արձակել քաղբանտարկյալներին»։

«14 քաղբանտարկյալ, պլյուս՝ [ազատամարտիկ] Վոլոդյա Ավետիսյանը, ու մենք ի պաշտպանություն իրենց ստորագրահավաք ենք կազմակերպել», - ասաց Գևորգ Գասպարյանը։

Շանթ Հարությունյանը 90-ականների սկզբին՝ նախքան հայկական բանակի կազմավորումը, ղեկավարել է Կապանից ոչ հեռու գտնվող Ուժանիս գյուղի ինքնապաշտպանությունը, ջոկատի հրամանատարն էր:

Ստորագրահավաքը շարունակվում է։ Ըստ նախաձեռնող խմբի անդամների՝ կապանցիները պատրաստվում են իրենց ստորագրություններով կոչը հանձնել միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին։