Մատչելիության հղումներ

Շանթ Հարությունյանը շարունակում է կարծել, որ Հայաստանին հեղափոխություն է անհրաժեշտ


Շանթ Հարությունյանը շարունակում է համարել, որ Հայաստանին և հայ ժողովրդին հեղափոխությունն ուղղակի անհրաժեշտ է։

Կիրակի օրը նրա ծննդյան տարեդարձը նշելու համար Ազատության հրապարակում մի քանի տասնյակ քաղաքացիներ էին հավաքվել։ Միջոցառման ընթացքում հնչեցվեց նաև Հարությունյանի ուղերձը, որտեղ նա ասում էր, որ շարունակում է մնալ նույն կարծիքին՝ հեղափոխությունը պետք է լինի օրակարգում։

«Հեղափոխության իմ այս կոչն արդեն երկու ամիս է՝ իրականացվում է Ուկրաինայում, որին աշխարհի հետ միասին ականատես են նաև Հայաստանի քաղաքացիները։ Վախկոտ ժողովուրդները միշտ էլ պատճառաբանություն կգտնեն իրենց վախը քողարկելու, հեղափոխությունից հրաժարվելու և իրական հեղափոխականներին վարկաբեկելու համար։ Պատմությունը ցույց է տվել, որ նման ժողովուրդները երբեք չեն արժանանում ոչ ազատության, ոչ էլ երջանիկ ու բարեկեցիկ կյանքի»,- ասված էր Հարությունյանի ուղերձում։

Միջոցառման սկզբում մասնակիցները թվեցին բոլոր այն կալանավորված քաղաքացիների անունները, որոնց իրենք քաղբանտարկյալ են համարում. նրանք են նոյեմբերի 5-ի բախումների արդյունքում ձերբակալվածները և ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը։

Կազմակերպիչներից Վրեժ Զատիկյանի խոսքով՝ իրենց ամեն կերպ խոչընդոտում էին, որպեսզի միջոցառումը չանցկացվի, անգամ տոնական տորթը տեղափոխել են գիշերը։ Երեկ էլ Զատիկյանը և Շանթ Հարությունյանի կինը՝ Ռուզաննա Բադալյանը հրավիրվել են Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի մոտ։

«Ասացին, որ վաղը ոգելից խմիչքներ չեք կարող ունենալ, նման օրենք կա, մենք որոշեցինք հետևել, տեսնել, օրենքը ճիշտ է, թե՝ ոչ, որոշեցինք՝ քանի որ այստեղ լինելու են ոստիկաններ, որոնք իսկապես ծառայության ընթացքում իրավունք չունեն խմելու, և մենք իրավահավասարություն ենք քարոզում, միգուցե ճիշտ չի լինի իրենց մոտ խմիչք ըմպել, երբ իրենք չեն կարող մասնակցել, այդ պատճառով որոշեցինք ընդառաջել իրենց խնդրանքին»,- ասաց Զատիկյանը։

Միջոցառման ընթացքում հնչում էին ելույթներ, որոշ մասնակիցներ էլ ասմունքում և երգում էին, ընթացքում կտրեցին նաև տորթը, որի վրա գրված էր՝ «Հայաստանն առանց քաղբանտարկյալների»։ Շանթ Հարությունյանի կնոջ՝ Ռուզաննա Բադալյանի խոսքով՝ ամուսնու ծննդյան օրը նշելու են միայն այստեղ՝ հրապարակում։

«Աստիճանաբար կազդուրվում է, նույն կարծիքին է, ոչինչ չի փոխվել իր մոտ, պետք է կազդուրվի, հետագան ցույց կտա»,- ասաց Բադալյանը։

Բացի կալանավորվածների հարազատներից, միջոցառմանը ներկա էին նաև քաղաքացիական ակտիվիստներ, կուսակցությունների ներկայացուցիչներ։ «Ժառանգությունից» Անահիտ Բախշյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ եկել է աջակցելու Շանթ Հարությունյանին և նրա կողմնակիցներին։

«Շանթը տեսակ է, Շանթը որակ է, Շանթը էն խելառ հայրենասերն է, որոնց թիվը պակասում է մեր հասարակության մեջ։ Տա Աստված, որ Շանթի կայծից բռնկվեն շատ-շատ նման խելառներ։ Ես միայն ուրախ կլինեմ։ Իշխանությունները, բնական է, պիտի վախենան ամեն մի նման կայծից, որովհետև շատ լավ գիտեն, թե որքան մեկուսացած են ժողովրդից»,- ասաց Բախշյանը։

Ամբողջ ընթացքում միջոցառմանը հետևում էր նաև ոստիկանությունը. Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը նախ պահանջեց, որպեսզի հեռացնեն այն սեղանը, որի վրա գտնվում էր տորթը, քիչ անց էլ ասաց, որ պետք է անջատել նաև երաժշտությունը, և հենց ինքն էլ անջատեց այն։

Արդյունքում մասնակիցների մի մասը, ի նշան բողոքի, սկսեց երգել, իսկ մյուս մասը Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ թեժ վեճի բռնվեց։
XS
SM
MD
LG