Մատչելիության հղումներ

Քննչական մարմինը վերացրել է Հարությունյանին տեսակցելու արգելքը


Քննչական մարմինը վերացրել է Շանթ Հարությունյանին և նույն գործով մյուս կալանավորվածներին տեսակցելու արգելքը:

Նոյեմբերի 5-ի իրադարձություններից հետո անազատության մեջ հայտնված Շանթ Հարությունյանն ու իր ընկերները, հիշեցնենք, առ այսօր հարազատներին հանդիպելու հնարավորություն չէին ունեցել:

Արգելքի վերացման լուրը ստանալուն պես Շանթ Հարությունյունյանի որդին և կինը շտապել էին դատապարտյալների հիվանդանոց:

Շանթի հետ շուրջ չորս ժամ շփվելուց հետո նրա կինը` Ռուզան Բադալյանի փոխանցեց, որ նրա առողջական վիճակն արդեն բավարար է. - «Առողջական վիճակը Շանթի չեմ ասի շատ լավ է, բայց, հաշվի առնելով, որ գրեթե տասնյոթ օր հացադուլի մեջ է եղել, նորմալ է: Հոգու արիությունը բացարձակապես չէր կորցրել, նույն Շանթն էր, ոչինչ չէր փոխվել: Անձնակազմից գոհ է, վերաբերմունքից նույնպես գոհ է: Հիմա դեռ վերականգնման փուլում է»:

Հարությունյանը, հիշեցնենք, հիվանդանոց է տեղափոխվել ավելի քան երկշաբաթյա հացադուլից հետո: Դատապարտյալների հիվանդանոցում նա դադարեցրեց հացադուլը, սակայն շարունակում է մնալ բժիշկների հսկողության ներքո:

Ընտանիքի անդամներից առաջ Հարությունյանին տեսակցել էր ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը պատգամավորին վստահեցրել էր, որ Շանթն ամբողջական բժշկական հետազոտություն է ենթարկվել, և նրա առողջությանը անվերականգնելի վնասներ հասցված չեն:

Փաշինյանի հետ զրույցում Շանթ Հարությունյանը վերահաստատել է, որ ոստիկանապետը բռնության է ենթարկել իրեն, որոշ մանրամասներ է պատմել նոյեմբերի 5-ի իրադարձությունների վերաբերյալ: Պատգամավորի խոսքով` պայմանավորվել են, որ Շանթն ինքը կխոսի այդ մասին:

«Իրեն հիմնականում մտահոգում է Հայաստանի Հանրապետության իրավիճակը և Հայաստանի Հանրապետության հետագա ճակատագիրը», - փոխանցեց Նիկոլ Փաշինյանը:

Քննիչները պնդում էին, որ տեսակցությունները կարող են խոչընդոտել նախաքննության ընթացքը: Փաշինյանի կարծիքով, մինչդեռ, էական ազդեցություն է ունեցել հանրային ճնշումը. - «Այստեղ հացադուլը դեր կատարեց, հանրային ճնշումը դեր կատարեց, և, ի վերջո, չկա որևէ տրամաբանական բացատրություն, թե ինչու պիտի նախաքննությունն ընթանա հարազատների և ընդհանրապես տեսակցության արգելանքով: Դա, իհարկե, քաղաքական հաշվեհարդար էր»:

Որդու ու կնոջ միջոցով Շանթ Հարությունյանը փոխանցել էր մի ուղերձ, որում պնդում է, որ երկիրը կփրկի հեղափոխությունը: «Դիմում է ակտիվ հայ հասարակությանը, Հայաստանի բոլոր քաղաքացիներին, նրանցից յուրաքանչյուրին, որ չվախենան այս ողորմելի և ներսից փտած իշխանություններից»:
XS
SM
MD
LG