ՀԱՊԿ-ը չի արձագանքում սահմանին տեղի ունեցած մարտական գործողություններին

Your browser doesn’t support HTML5

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) չի արձագանքում Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած մարտական գործողություններին, որոնց ժամանակ գնդակոծվեցին հայկական բնակավայրերը, վիրավորվեց առնվազն մեկ խաղաղ բնակիչ, իսկ Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի սահմանին հակառակորդի իրականացրած դիվերսիոն հարձակումը քաջաբար հետ մղելիս՝ զոհվեց կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, Հայաստանը հանդիսանում է ՀԱՊԿ հիմնադիր անդամներից մեկը և 1992 թվականի մայիսի 15-ից Ռուսաստանի ու կազմակերպության այլ անդամ պետությունների հետ ռազմական դաշինքի մեջ է, սակայն անցած օրերին կազմակերպությունն այդպես էլ անգամ հայտարարության տեսքով չարձագանքեց հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած մարտական գործողություններին:

ՀԱՊԿ պայմանագրի 4-րդ հոդվածում կարդում ենք.- «Եթե կազմակերպության անդամ-պետություններից մեկը ենթարկվում է ագրեսիայի (զինված հարձակման, որը սպառնում է [նշված անդամ-պետության] անվտանգությանը կայունությանը, տարածքային ամբողջականության և ինքնիշխանությանը), ապա անդամ-պետությունների կողմից այդ ագրեսիան կդիտարկվի ագրեսիա ընդդեմ պայմանագրի բոլոր անդամ-պետությունների: Անդամ-պետություններից որևէ մեկի նկատմամբ ագրեսիայի դեպքում (զինված հարձակման, որը սպառնում է [նշված անդամ-պետության] անվտանգությանը կայունությանը, տարածքային ամբողջականության ու ինքնիշխանությանը), մյուս բոլոր անդամ-պետությունները՝ այդ անդամ-պետության խնդրանքով, անհապաղ կերպով նրան են տրամադրում անհրաժեշտ օգնություն, այդ թվում՝ ռազմական»:

Այսօր «Ազատությունը» կապ է հաստատել ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովի հետ՝ հարցնելով, թե ի՞նչ են մտածում կազմակերպության անդամ Հայաստանի ու կազմակերպության մաս չկազմող Ադրբեջանի միջև շարունակվող զինված ընդհարումների վերաբերյալ, որոնց արդյունքում հայկական կողմում կան կորուստներ:

Պարոն Զայնետդինովն ուղղակի ասաց, որ զինված ընդհարումների մասին ինքը առաջին անգամ է տեղեկանում և այն էլ մեզնից, ու հետևաբար որևէ կարծիք հայտնել չի կարող, ինչպես նաև չի կարող փոխանցել, թե այդ կապակցությամբ ինչ են մտածում ՀԱՊԿ-ում:

Ինչ վերաբերում է ընդհանրապես ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ՀԱՊԿ դիրքորոշմանը, ապա Զայնետդինովն ասաց, թե այն չի փոխվել և ևս մեկ անգամ հնչեցվել է կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի կողմից հունվարի 21-ին Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Բորդյուժան կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա հակամարտությունը կարող է լուծվել միայն քաղաքական ճանապարհով»,- ասաց ՀԱՊԿ մամուլի քարտուղարը և հավելեց, թե կազմակերպության կանոնադրության համաձայն՝ ՀԱՊԿ անդամներից որևէ մեկի նկատմամաբ ագրեսիայի դեպքում, այդ պետությունը պետք է դիմի կազմակերպությանը օգնության խնդրանքով, իսկ առայժմ պաշտոնական Երևանից նման դիմում չի եղել:

Հիշեցնենք, անցած ուրբաթ օրը տեղի ունեցած մամուլի ասուլիսին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին հենց այդ հարցն էինք ուղղել, թե, հաշվի առնելով հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած մարտական գործողությունները, պաշտոնական Երևանը բարձրացրե՞լ է ՀԱՊԿ-ից աջակցություն ստանալու կամ կազմակերպության կողմից դիրքորոշում հայտնելու հարցը:

Ավելի վաղ Եռաբլուրում կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի հուղարկավորության ժամանակ նախարար Օհանյանը հայտարարել էր, թե լարվածությունը շփման գծում հասել է իր գագաթնակետին:

Պաշտպանության նախարարը այսպես պատասխանեց մեր հարցին.- «Այդ ուղղությամբ մենք համապատասխան աշխատանք տանում ենք, որպեսզի ՀԱՊԿ-ը ամբողջությամբ և իր հնարավորության սահմաններում ներառնված լինի և աջակցի անվտանգության ապահովման գործընթացին»:

ՀՅԴ բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանն այսօր «Ազատությանը» փոխանցեց, թե Հայաստանի իշխանությունները պետք է հետևողական լինեն և դիրքորոշում պահանջեն ՀԱՊԿ-ից:

«Հաշվի առնելով նաև ՀԱՊԿ-ի մյուս անդամների նկատմամբ Հայաստանի գնահատականը, հատկապես ինչ վերաբերում է քաղաքական կեցվածքներին նույն Ղարաբաղի հարցում միջազգային այլ կառույցներում և այլն, կարծում եմ, իրատեսական չէ, որ ակնկալենք նման քաղաքական հակազդեցություն, բայց դա չպետք է մեզ հետ պահի ակնկալելուց։ Առնվազն քաղաքական գնահատական պետք է»,- ասաց Մանոյանը։

«Տեղի ունեցածը ցույց է տալիս, որ ՀԱՊԿ-ում և Մոսկվայում պարզապես թքած ունեն Հայաստանի անվտանգության ապահովման վրա»,- «Ազատությանը» ասաց «Ժառանգություն» կուսակցություն գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը:

Նա նաև հիշեցրեց, որ 2010 թվականի հայ-ռուսական ռազմական պայմանագրով, ըստ որի մեր երկրում ռուսական ռազմակայանի ներկայության ժամկետը երկարաձգվեց մինչև 2044 թվականը, Մոսկվան ստանձնել է Հայաստանի բոլոր սահմանների պաշտպանությունը:

«Իսկ թե ինչու ռուսական կողմը չի կատարում իր պայմանագրային պարտավորությունները, սա արդեն մտահոգիչ է, որովհետև կասկածի տակ է դնում ոչ միայն հայ-ռուսական ռազմաքաղաքական համագործակցությունը այլ նաև ՀԱՊԿ-ի նպատակահարմարությունը ընդհանրապես՝ որպես Հայաստանի Հանրապետության համար անվտանգության հովանի»,- ասաց Սաֆարյանը։