Մատչելիության հղումներ

Գիշերը աննախադեպ քանակով կրակոցներ են արձակվել սահմանամերձ շրջանների ուղղությամբ


Գիշերը աննախադեպ քանակով կրակոցներ են արձակվել սահմանամերձ շրջանների ուղղությամբ
please wait

No media source currently available

0:00 0:04:19 0:00
Երեկ երեկոյան և այսօր գիշերը ադրբեջանական կողմը աննախադեպ քանակով կրակոցներ է արձակել Հայաստանի սահմանամերձ շրջանների ուղղությամբ. այս մասին պաշտոնապես տեղեկացնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

Նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ գիշերվա ընթացքում հակառակորդը սահմանի տարբեր հատվածներում հրաձգային զենքերով, գնդացիրներով ու ինքնաձիգներով մոտ 300 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը։ Դա 10-12 անգամ գերազանցում է խախտումների միջին թվին։

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ հայտարարել էր, որ ադրբեջանական դիվերսիան կանխելուց և հակառակորդին մեծ կորուստներ պատճառելուց հետո շուրջ երկու օր է լարվածությունը հասել է իր գագաթնակետին։

Այսօր Կառավարության նիստը սկսվեց այս իրավիճակի պարզաբանմամբ։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի հարցին ի պատասխան, Սեյրան Օհանյանը կրակոցներով արտահայտված լարվածությունը որակեց Ադրբեջանի կողմից «խուճապահար գործողություններ» այն մտավախությամբ, որ հայկական կողմը արժանի պատասխան կտա։

«Որոշակի լարվածություն կա ոչ միայն Լեռնային Ղարաբաղի շփման գծում, այլ նաև Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան սահմանում արտահայտված կրակոցներով։ Մենք անկանոն կրակոցներին չենք պատասխանում, մենք պատասխանում ենք միայն նպատակային և դիպուկահարների կրակոցներին»,- ասաց Սեյրան Օհանյանը.- «Այսօր իրավիճակը շփման գծում և մեր սահմաններում վերահսկելի է, մեր դիրքապահներն իրենց խնդիրը կատարում են ամենօրյա զգոն ռեժիմի համաձայն, և որևիցե մտավախություն չպետք է լինի մեր ժողովրդի մոտ, որովհետև մեր զինծառայողները ինչպես կատարել են իրենց խնդիրը, այնպես էլ պատշաճ կերպով կատարում են»։

Նախարարի խոսնակը «Ազատությանը» փոխանցեց, որ գիշերը կրակոցները եղել են Տավուշի սահմանամերձ գյուղերի և Պաշտպանության բանակի պահպանության տեղամասերի ուղղությամբ։ Հայկական կողմը տվել է համարժեք պատասխան։ Այժմ վիճակը հանգիստ է։ Մարդկային կորուստներ չկան, Մովսես գյուղի գազատարն է վնասվել կրակոցներից, հրդեհ է բռնկվել, գազամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է։

Եվ Արծրուն Հովհաննիսյանը, և Մովսես գյուղի գյուղապետ Արարատ Ավալյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում «ապատեղեկատվություն» որակեցին լուրերը, որ սահմանամերձ գյուղերի բնակչության շրջանում խուճապ է և նրանց տարհանում են։

«90-ականների հրետակոծության ժամանակ, որ գրադի, տանկի, արկերից խուճապի չեն մատնվել մարդիկ, չեն փախել, խուճապ չի առաջացել, ո՞նց կլինի հիմա մի քանի կրակոցներից խուճապի մեջ ընկնեն»,- ասաց գյուղապետը.- «Չի կարելի ասել, որ մարդիկ չեն անհանգստանում։ Ո՞վ գնդակի դեմը տունը նստած լինի, պատին խփի, որ մի քիչ վատ չզգա, բայց որ խուճապ... նման բան չկա»։

Մովսես գյուղի գյուղապետը հավելեց, որ սա այս ամսվա ընթացքում արդեն երրորդ դեպքն է։

«Ինտենսիվ կրակներ են բացում երեկոյան ժամերին։ Անցյալ տարի էլ հունվարի վերջին, փետրվարի սկզբին.. փետրվարի 5-ին այստեղ զոհ էլ ունեցանք, դրանից հետո մի քանի անգամ եղավ, ու ամառվա ընթացքում համարյա չի եղել։ Մեկ էլ՝ հիմա են արդեն ակտիվացել։ Նրանց ի՞նչ, ժամ ու պատարագ չկա, Բաքվի դեպքերի օր է՝ կրակոցներ են, Սումգայիթի դեպքերի օր է՝ կրակոցներ են, Խոջալուի դեպքերի օր է՝ կրակոցներ են... Իրենց գրաֆիկն ունեն երևի։ Բանավոր ասում են՝ տարածքները հետ կգրավենք, էս կանենք, էն կանենք, երևի չեն կարողանում, սկսում են էսպիսի խաղերը»,- ասաց Արարատ Ավալյանը։

Սահմաններում լարվածությունը, հունվարի 20-ի գիշերը ադրբեջանական կողմի դիվերսիան, փաստորեն նախորդում են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ վաղը Փարիզում կայանալիք հանդիպմանը։ Պաշտպանության նախարարի խոսնակը հնարավոր համարեց, որ այս ակտիվությունը կարող է կապված լինել այս հանդիպման հետ։

«Ամեն ինչ հնարավոր է. թե ներքին, թե արտաքին լսարանի համար, թե քաղաքական շարժառիթներով, թե ռազմական շարժառիթներով, որ պարտվածի բարդույթը հաղթահարեն, տապալված դիվերսիոն հարձակման հետքը մաքրեն։ Ամեն ինչ հնարավոր է»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը։

Այն, որ վերջին զարգացումները կազդեն բանակցությունների վրա, չի կասկածում Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։

«Բնական է, որևէ դրական ազդեցություն չեն կարող թողնել, որովհետև հիմնական պահանջը նաև համանախագահների՝ այն է, որ պետք է ժողովուրդները պատրաստվեն ոչ թե պատերազմի, այլ խաղաղության։ Բնական է, որ այդպիսի գործողությունները չեն կարող դրական արդյունք տալ»,- այսօր Կառավարությունում լրագրողներին ասել է փոխարտգործնախարարը.- «Այսինքն, այն, ինչի համար ամբողջ օրը իբր ողբում է Ադրբեջանը, որ պահպանվում է ստատուս քվոն, նա ամեն ինչ անում է ստատուս-քվոն պահպանելու համար»։

Այսօր հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմի դիվերսիոն խմբերի ներթափանցման վերջին փորձի և հակառակորդին հետ մղելու ժամանակ կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի մահվան փաստի առնչությամբ պաշտպանության նախարարության քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, կրոնական ատելության շարժառիթներով սպանության հատկանիշներով։ Դեպքի վայրում հայտնաբերված սպառազինության և հագուստի նմուշները ուղարկվել են փորձաքննության։ Պաշտպանության նախարարությունը պատրաստվում է այդ նմուշները հանձնել նաև ղարաբաղյան կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
XS
SM
MD
LG