Քաղաքապետի թեզի պաշտպանության ժամանակ խոչընդոտել են լրագրողների աշխատանքը

Your browser doesn’t support HTML5

Հասարակությունն այդպես էլ չիմացավ, թե այսօր ինչպես անցավ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գիտական աշխատության պաշտպանությունը, որովհետև մի խումբ երիտասարդներ կոպտորեն խոչընդոտեցին լրագրողների աշխատանքը՝ թույլ չտալով ներկա գտնվել Տնտեսագիտական համալսարանում Բարձրագույն որակավորման հանձնաժողովի թիվ 014 խորհրդի բաց ու հրապարակային պաշտպանությանը:

Գիտական աստիճան հայցող Տարոն Մարգարյանն ամենայն հավանականությամբ բուհի շենք էր մտնել ոչ գլխավոր մուտքից՝ խուսափելով լրագրողների հետ հանդիպումից։

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ բուհի ռեկտորը անձամբ կոպտորեն հրահանգեց իջնել և հեռախոսով միայն իր թույլտվությունը ստանալուց հետո բարձրանալ նիստերի դահիճ։ Թույլտվություն այդպես էլ չստացանք: Այնուհետև բուհի մուտքը շրջափակեցին մի քանի տասնյակ երիտասարդներ, ովքեր հրաժարվեցին ներկայանալ, բայց իրենք իրենց իրավունք էին վերապահել որոշել, թե ով կարող է ներս մտնել, ով ոչ: Նրանցից մի քանիսը վիրավորական, անգամ սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրին իրենց նկարահանող լրագրողների հասցեին։

Երբ լրագրողների փոքրիկ խումբը, այնուամենայնիվ, բարձրացավ 2-րդ հարկ, նույն երիտասարդները փակեցին միջանցքը, որը տանում էր դեպի նիստերի դահլիճ։ Շուտով, այնուամենայնիվ դահլիճից դուրս եկավ բուհի ռեկտոր, Տարոն Մարգարյանի գիտական ղեկավար Կորյուն Աթոյանը։

«Շոու չէ: Դուք եկել եք համալսարան: Հրապարակային պաշտպանություն է, բայց մուտքը ազատ չէ բուհի: Դուք գիտեք, որ բուհի մուտքը թույլտվությամբ է», - հայտարարեց Կորյուն Աթոյանը:

Ըստ ռեկտորի՝ լրագրողները իրավունք չունեն նկարահանում կատարելու պաշտպանության ժամանակ։

Կապվեցինք ԲՈՀ-ի նախագահ Լիլիթ Արզումանյանի հետ, ով ասաց որ չկա որևէ իրավական ակտ, որտեղ նշվում է, թե կարելի է որոշել ով է ներս գա և ով ոչ կամ այնպիսի կետ, որտեղ նշվի, թե ատենախոսության պաշտպանության ժամանակ տեսագրություն անելն արգելվում է:

Լարված զրույցի վերջում ռեկտորը համաձայնեց լրագրողներին ներս թողնել, այն պայմանավ, որ նկարահանումներ չիրականացվեն, բայց դրանից հետո պարզապես շրջվեց և հեռացավ:

Ավելի ուշ պարզեցինք, որ լրագրողներին հրող, վիրավորող ու ծաղրող երիտասարդներին հրահանգներ տվողներից երկուսը՝ Սերգո Խառատյանը և Սևակ Խաչատրյանը, Տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի անդամ են, Հանրապետական և Երիտասարդական պառլամենտի անդամ, նրանցից շատերը Ֆեյսբուք սոցցանցում լուսանկարներ ունեն իշխող կուսակցության կարկառուն ներկայացուցիչների հետ, նաև խմբակային նկար՝ ՀՀ նախագահի հետ։