Ազգային ժողովի մոտ բողոքի ցույց անցկացվեց ընդդեմ «գազային» համաձայնագրերի

Your browser doesn’t support HTML5

Ազգային բողոքի երկու մուտքերի մոտ այսօր միաժամանակ բողոքի ցույց մեկնարկեց:

Խորհրդարանում այսօր քվեարկության էին դրվել Ռուսաստանի հետ գազային երեք համաձայնագրերը, որոնք ստորագրվել էին դեկտեմբերի 2-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Երևան կատարած այցի ժամանակ: Այդ վիճահարույց համաձայնագրերի վավերացման դեմ բողոքող ցուցարարներն այսօր քվեարկության գնացող պատգամավորներին դիմավորելու էին հավաքվել ինչպես ԱԺ Բաղրամյան փողոցին հարող մուտքի, այնպես էլ Դեմիրճյան փողոցին հարող ծառայողական մուտքի մոտ: Ոչ իշխանական «Ժառանգություն» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների անդամները ողջունեցին ցուցարարներին, իսկ իշխանական պատգամավորները հարկադրված էին անցնել նրանց աղմուկի ներքո։

Ազգային ժողովի` Բաղրամյան պողոտային հարող հատվածում ընթացող ցույցը մարդաշատ էր, քանակությամբ ցուցարարներին չէին զիջում ոստիկանության ուժերը: Տարածքում մեծ թիվ էին կազմում ոստիկանական մեքենաները: Ցուցարարների թիվը գնալով մեծացավ, և ոստիկանությունը նրանց թույլ տվեց կանգնել նաև փողոցի հատվածում, ինչը մինչ այդ արգելում էր։

Ցուցարարները կոչ էին անում ամեն գնով կանխել համաձայնագրերի հաստատումը։ Հնչեց անգամ ուժով ԱԺ ամբիոնը գրավելու կոչ, ցուցարարները փորձեցին ուժով բացել ԱԺ դարպասները, սակայն դա հարուցեց ոստիկանության կոշտ հակազդեցությունը։ Արդյունքում ցուցարարներից մեկի առողջական վիճակը կտրուկ վատացավ, և ոստիկանները նրան հեռացրին ցույցի վայրից։ Այս միջադեպից մոտ 20 րոպե անց ակտիվիստներից մեկը բարձրախոսով հայտարարեց, որ Ազգային ժողովի բոլոր 4 ոչ իշխանական խմբակցությունները բոյկոտել են քվեարկությունը։ Սկսեցին իշխանության հրաժարականը պահանջող կոչեր հնչել: Րոպեներ անց հայտարարվեց, որ ԱԺ կողմից օրինագիծը քվեարկությամբ վավերացվել է, ինչը հարուցեց ցուցարարների բուռն դժգոհությունը: Րոպեներ անց նրանց միացան ոչ իշխանական 4 խմբակցությունների ղեկավարները, ովքեր հայտարարեցին որ իրենց համար համաձայնագրերը հաստատված չեն։

«Օրենքի խախտումներով է քվեարկությունը տեղի ունեցել», - հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ իր հերթին ասաց. - «Գազպրոմի հետ կապված քվեարկությունը ուղղակիորեն կեղծվել է»:

Պատգամավորները հայտարարեցին, որ ավելի ուշ ոչ իշխանական 4 խմբակցությունները հանդես կգան հետագա գործողություններին վերաբերող հայտարարությամբ, իսկ մինչ այդ կոչ արեցին տեղում սպասել։

Ցույցի մասնակիցներից մի քանիսը անվճար ուտելիք և թեյ էին բաժանում ցուցարարներին: Դերասան, «Կարգին հաղորդումից» հայտնի Հայկ Մարությանն էլ իր հետ իբրև բողոքի խորհրդանիշ իրանական արտադրության գազի բալոն էր բերել, որով ջերմացնում էր ներկաներին և կոչ անում իր օրինակով բոյկոտել ռուսական գազը։

Ցույցի ավարտին ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հնչեցրեց 4 խմբակցությունների համատեղ հայտարարությունը, որում ասվում էր, թե առաջիկա օրերին պատգամավորները դիմելու են Սահմանադրական դատարան՝ ԱԺ-ում տեղի ունեցած քվեարկության օրինականությունը վիճարկելու համար։ Ընդդիմադիր պատգամավորները շեշտեցին, որ դատարանի հետ հույսեր չեն կապում, ուստի կարևոր է, որ ժողովուրդը առաջիկայում կրկին պատրաստ լինի դուրս գալ փողոց և այդպիսով ճնշում գործադրել դատարանի վրա։