Մատչելիության հղումներ

Խորհրդարանը վավերացրեց գազային համաձայնագրերը


Խորհրդարանը վավերացրեց գազային համաձայնագրերը
please wait

No media source currently available

0:00 0:04:41 0:00

Ընդդիմությունը պնդում է, որ վիճահարույց փաստաթղթերը վավերացվել են կանոնակարգի խախտմամբ: Ազգային ժողովի նիստը ուղեկցվեց բողոքի ակցիայով:

Հայաստանի Ազգային ժողովը երկուշաբթի օրը բաց քվեարկությամբ վավերացրեց Ռուսաստանի հետ գազային երեք համաձայնագրերը, որոնք ստորագրվել են դեկտեմբերի 2-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Երևան կատարած այցի ժամանակ:

Վիճահարույց փաստաթղթերի վավերացման օգտին քվեարկեցին 77 պատգամավորներ՝ իշխող կոալիցիայի ներկայացուցիչները, դեմ և ձեռնպահ քվեարկողներ չեղան, քանի որ ոչ իշխանական խմբակցությունների պատգամավորները քվեարկության ժամանակ լքեցին խորհրդարանի նիստերի դահլիճը:

Խորհրդարանական ոչ իշխանական չորս ուժերը` «Բարգավաճ Հայաստան»-ը, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն ու «Ժառանգություն»-ը կարծում են, որ փաստաթղթերը չեն վավերացվել, քանի որ կոպտորեն խախտվել է «ԱԺ կանոնակարգ» օրենքը:

«Ռուսաստանի Դաշնությունը, աշխարհը պետք է իմանա, որ այս համաձայնագիրը չի վավերացվել», - ասաց Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով․ - «Եթե չվավերացված արձանագրության հիման վրա որևէ մեկը Հայաստանի Հանրապետության սեփականությունը կփոխանցի ուրիշին, ուրեմն՝ այդ ուրիշի հետ մենք կունենանք խոսակցություն արդեն սահմանված կարգով»:

Ազգային ժողովի նախագահն ուրբաթ օրը ռիսկի չդիմեց. «Հանրապետական» և «Օրինակ երկիր» խմբակցությունների սակավամարդ լինելու պատճառով քվեարկության չդրեց այդ համաձայնագիրը:

Այսօր քվեարկությունը տապալելու նպատակով գործի անցան ընդդիմադիրները: Զարուհի Փոստանջյանը («Ժառանգություն»), օգտվելով քվեարկությունից առաջ հայտարարված 20 րոպե ընդմիջումից, հավաքեց որոշ հանրապետականների էլեկտրոնային քվեարկության քարտերը` անհնար դարձնելով էլեկտրոնային քվեարկությունը:

«Ուրիշ արդյունավետ տարբերակ` կանխելու այս խայտառակ համաձայնագրի քվեարկությունը, չկար», - ասաց նա:

«Ամոթ է, ամոթ», - արձագանքեց Հովիկ Աբրահամյանը: - «Ազգային ժողովի համար ամոթ է, որ նման պատգամավորներ կան այս դահլիճում նստած, որ այլընտրանք չունեն, իրենց մտավոր կարողությունները չի հերիքում, որպեսզի այդ ձևաչափ օրենքի շրջանակներում կազմակերպեն, փորձում են խարդախությամբ, նենգությամբ, անկարգությամբ տապալել մեր աշխատանքները»:

ԱԺ նախագահը հայտարարեց բաց քվեարկություն անցկացնելու մասին: Հիմնականում այդ քվեարկությանը մասնակցելու համար խորհրդարանում հայտնված ՀՀԿ-ականները կողմ քվեարկեցին: Ոչ իշխանական ուժերը չմասնակցեցին քվեարկությանը. նրանք փորձեցին նախագահության ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, քվեարկությունը չի կայացել, սակայն արդյունքի չհասնելով` լքեցին դահլիճը:

«Այ, որ դուք դահլիճը լքեք, մենք կքվեարկենք», - ասաց ԱԺ խոսնակը:

Լրագրողների սենյակը նիստերի դահլիճից բաժանող ապակու հետևից որոշ լրագրողներ փորձում էին հորդորել իշխանական պատգամավորներին չքվեարկել: Քվեարկությունը, սակայն, կայացավ, և օրինագիծը, ինչպես հայտարարեց Հովիկ Աբրահամյանը, վավերացվեց:

Բաց քվեարկության դեպքում ձայները հաշվում է հաշվիչ հանձնաժողովը, որի որոշումներն ընդունվում են ձայների մեծամասնությամբ: Ընդդիմադիրները պնդում են, որ հենց այդտեղ է խախտում կատարվել. հանձնաժողովի 7 անդամներից 4-ը չեն մասնակցել ձայների հաշվարկին, ուստի համաձայնագիրը չի կարող վավերացված համարվել:

«Այդ հաշվիչ հանձնաժողովը իր գործունեության ավարտին պետք է կազմի արձանագրություն, և արձանագրության տակ պետք է ստորագրեն առնվազն անդամների կեսից ավելին: Տվյալ պարագայում մենք հասկանում ենք, որ այդ կեսը իրենք չունեն: Հետևաբար այդ արձանագրությունը չկա, հետևաբար չունենք ընդունված և քվեարկված օրենք», - ասաց Զարուհի Փոստանջյանը:

Մինչդեռ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը (ՀՀԿ) այդպես չի կարծում. - «Պատգամավորը եթե կողմ է քվեարկում, ո՞վ իրավունք ունի իր ձայնը չհաշվի»:

Արծվիկ Մինասյանի փոխանցմամբ` այսօրվա քվեարկության օրինականությունը ընդդիմադիրները վիճարկելու են Սահմանադրական դատարանում. - «Բավարար հիմք է, որպեսզի Սահմանադրական դատարանն անվավեր ճանաչի Ազգային ժողովի այս որոշումը: Իսկ դա նշանակում է, որ չվավերացված որևէ պայմանագիր չի կարող մտնել գործողության մեջ»:

Ըստ քվեարկության արդյունքի` ՌԴ նախագահի այցի օրը Երևանում ստորագրված գազային երեք համաձայնագրերը վավերացվեցին:

Ընդդիմադիրները իրենց ելույթներում ի ցույց դնելով համաձայնագրերի վտանգները` ասացին, որ դրանց վավերացումը «մեր ազգային անվտանգության, արժանապատվության և պետականության կորուստ» կնշանակի, «սերունդները այդ քայլը դավաճանություն կորակեն:

«Դավաճանը ինքն ա, իրա պապան ա, իրա եղած-չեղածն ա: Էղա՞վ», - այդ որակումներին հակադարձեց Առաքել Մովսիսյանը (ՀՀԿ):

Ազգային ժողովի նիստը ուղեկցվում էր խորհրդարանի շենքի մոտ անցկացվող բողոքի ակցիայով, որի
Բողոքի ակցիան խորհրդարանի շենքի դիմաց, Երևան, 23-ը դեկտեմբերի, 2013թ․
Բողոքի ակցիան խորհրդարանի շենքի դիմաց, Երևան, 23-ը դեկտեմբերի, 2013թ․
մասնակիցները խորհրդարանականներից պահանջում էին չվավերացնել այդ համաձայնագրերը, քանի որ այդ փաստաթղթերով, նրանց համոզմամբ, Հայաստանի կորցնում է իր էներգետիկ անկախությունը:
XS
SM
MD
LG