Մատչելիության հղումներ

Գազի պարտքը կուտակվել է «բանավոր պայմանավորվածությունների» հիման վրա


«Ոչ՝ գազային համաձայնագրին»
please wait

No media source currently available

0:00 0:06:15 0:00
Խորհրդարանն այսօր քննարկեց, բայց չքվեարկեց գազային երեք համաձայնագրերից ամենավիճահարույցի` «ՀայՌուսգազարդ»-ում Հայաստանի կառավարության 20 տոկոս բաժնեմասը «Գազպրոմ»-ին տալու հարցը:

Հանրապետական մեծամասնությունը, սակայն, իր որոշումը փոխանցեց խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի շուրթերով` համաձայնագիրը ստանալու է վավերացման համար անհրաժեշտ ձայները:

Ազգային ժողովում ոչ իշխանական չորս ուժերի ներկայացուցիչները բացասական որակումներ տվեցին այս պայմանագրին, «ստորացուցիչ», «ստրկացնող» անվանեցին այն:

ԱԺ-ում այսօր պարզվեց, որ Հայաստանի կառավարությունը 2011 թվականից թանկացող գազի դիմաց 300 միլիոն դոլար պարտքը կուտակել է բանավոր պայմանավորվածությունների հիման վրա:

«Պարզվում է` 11 թվից բարձրացել է, բայց մենք բանակցում էինք, դրա համար դրա մասին չէինք... Այս ձևի բանակցություն ո՞վ է տեսել աշխարհում, որ բանակցությունների արդյունքում չի բարձրանում, այլ բանակցությունների ընթացքում է բարձրանում», - տարակուսեց Արմեն Ռուստամյանը (ՀՅԴ) և շարուանկեց. - «Մենք դեմ ենք այս բանակցողներին: Եթե այս բանակցողները գնացել են և ստորացված վիճակում փաստաթուղթ են ստեղծել»:

Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը պարզաբանեց. - «Համաձայն մեր պայմանավորվածության` միայն բանակցությունների ավարտին կարելի էր իմանալ դա 300՞ միլիոն կլիներ, 150՞ միլիոն կլիներ, թե՞ ինչքան»:

«Ես հիմա ուզում եմ հասկանալ`Հայաստանի Հանրապետությունը պետությո՞ւն է, թե՞ սխոդկա», - վրդովվեց Նաիրա Զոհրաբանը (ԲՀԿ):

Իսկ Ռուբեն Հակոբյանը («Ժառանգություն») առաջարկեց. - «Եթե դուք եք խոստացել, դուք էլ վճարեք»:

Պատգամավորների մտահոգություններն այսօր բազմազան էին` էներգետիկ անվտանգությունից մինչև պետականության կորուստ:

Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը (ԲՀԿ) ասաց, թե իրեն խաբված է զգում. - «Չեք եկել, չեք ներկայացրել հարցը Ազգային ժողովին, հավանություն չունեք: Առավել ևս` երբ Ձեզ կոնկրետ հարցեր են տրվել, որ գազի գինը մենք գիտենք, որ բարձրացել է, պարոն Մովսիսյան, Դուք հերքել եք ուղղակի: Եվ այսօր, ահավասիկ, մենք կանգնել ենք այդ փաստի առաջ: Դուք եկել եք և ուզում եք, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը վավերացնի այս գործարքը: Մեզ ուզում եք մասնակից դարձնել մի գործարքի, որը մեզանից թաքցրել եք»:

«Ժառանգության» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը չի բացառում, որ ռուսական «Գազպրոմ»-ը կարող է մի օր իր բաժնեմասերը վաճառել Թուրքիային կամ Ադրբեջանին:

Նաիրա Զոհրաբյանը Արմեն Մովսիսյանին հիշեցրեց Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին ճակատագիրը. - «Դուք տեղյա՞կ եք այսօր ինչի համար է ազատազրկված Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն: Իր պետության շահերին վնասող գազային գործարք կնքելու և գազային գործարքի որոշ փաստաթղթեր իր երկրի ժողովրդին, իր երկրի խորհրդարանից գաղտնի պահելու համար: Երկրորդ մասին կարող եք չպատասխանել, որովհետև երկրորդ մասը միանշանակ Ձեր և ձեր կառավարությանը քրեական պատասխանատվության մասով սպասվում է: Եթե ոչ այսօր, ապա վաղը. դրանում մեկ րոպե անգամ կարող եք չկասկածել: Առաջին մասով, այս կառավարությունը հասկանո՞ւմ է վասսալի և ռազմավարական գործընկերոջ տարբերությունը»:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը կառավարության գաղտնի գործունեությունը, պետական պարտքը, օրենքի համաձայն, բյուջեում չարտացոլելը «պետական դավաճանություն» որակեց:

Այս համաձայնագրով, հիշեցնենք, Հայաստանը «Գազպրոմ»-ին տարեկան 9 տոկոս շահույթի ապահովում է խոստանում, նախևառաջ` սահմանած սակագներով: Արծվիկ Մինասյանը (ՀՅԴ) համոզմունք հայտնեց, որ Հայաստանի կառավարության հայտարարությունները, թե գազի սակագինը չի բարձրանալու մինչև 2019 թվականը, սուտ են: Մինասյանը պնդեց, թե գազի սակագինը ամեն տարի բարձրանալու է:

Նիկոլ Փաշինյանը (ՀԱԿ) հայտարարեց, թե Էներգետիկայի նախարարը` ասելով, թե գազը 2011-ից է թանկացել, այս տարվա մայիսին ընդդիմությանը թանկացումների մասին հերյուրանքներ տարածելու մեջ մեղադրած Սերժ Սարգսյանին դրեց անհարմար վիճակի մեջ: Փաշինյանն այդ համաձայնագիրն անվանեց «իշխանություն`գազի դիմաց», քանի որ գազի թանկացումը ժողովրդից թաքցվել է հենց ընտրությունների պատճառով:

«Սերժ Սարգսյանը մոսկովյան բազմաթիվ այցերից մեկում հասավ իր գերնպատակին` Հայաստանի անունը գրեց «Գազպրոմ»-ի նիսյաների ցուցակում», - հայտարարեց Փաշինյանը:

«Այս համաձայնագիրը ստորագրողները մեզ ինչ են ասում. որ, ի հեճուկս Հայաստանի ընտրողների մի քանի սերունդների տված քվեների, և ի հեճուկս մոտակա 30 տարվա ընթացքում ԱԺ ձևավորվող ուժերի հարաբերակցության, բոլոր գալիք պատգամավորները և նախագահները այս ոլորտում պարտավոր են առաջնորդվել Տիգրան Սարգսյանի և Արմեն Մովսիսյանի պատկերացրած քաղաքական կոնյունկտուրայի շահերով: Եվ առաջիկա 30 տարիների ընթացքում չքննարկել անգամ որևէ հարցը, որը 2013 թվականին տվյալ անձնավորությունների սրտովը չէր: Նույնիսկ ռուսական ցարերը այս աստիճան քմահաճ չեն եղել», - ասաց նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը:

Արմեն Մովսիսյանը ԱԺ ամբիոնից կրկնեց իր նախկին պնդումները` ասելով, որ այս համաձայնագիրը կնպաստի Ռուսաստանի հետ երկարատև համագործակցությանը: Իսկ «ՀայՌուստազարդ»-ում պետության ունեցած 20 տոկոս բաժնետոմսերը, նրա վստահեցմամբ` վաճառել են շուկայականից բարձր գնով, թեթևացրել են ժողովրդի բեռը:

Նախարարը, սակայն, անպատասխան թողեց բազմաթիվ հարցեր, ինչին Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. - «Կներեք այս համեմատության համար. եթե մենք լինեինք քրեակատարողական հիմնարկում, ես կհասկանայի հարցերին պատասխանելու այդ ձևը: Բայց չեմ կարծում, կներեք, հազար ներողություն այս բառի համար` կռուտիտը այն ժանրն է, որով նախարարը պետք է շփվի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և Ազգային ժողովի հետ»:
XS
SM
MD
LG