Դավութօղլուի այցը «դեր չի խաղա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում»

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլու

Ազգային ժողովի հանրապետական փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը չի կարծում, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի Հայաստան այցը դեր կխաղա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում։

Դավութօղլուի այցը Երևան նախատեսված է այսօր։ Ըստ Հայաստանի արտգործնախարարության, նա համաձայնել է մասնակցել Երևանում այսօր կայանալիք Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների հավաքին։ Ահմեթ Դավութօղլուն առաջին թուրք պաշտոնյան է, ով 2009-ին ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների տապալումից ի վեր ժամանում է Հայաստան։

«Նախ ասեմ, որ Թուրքիայի արտգործնախարարի այցը Հայաստան հայ-թուրքական հարաբերությունների կոնտեքստում չէ, դա Սևծովյան տնտեսական հանձնաժողովի նիստին մասնակցելու կոնտեքստում է, որի կենտրոնակայանը գտնվում է Ստամբուլում, և, բնականաբար, նա գալիս է դրա համար»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Էդուարդ Շարմազանովը,- «Ինչ վերաբերում է հայ-թուրքական մերձեցման կամ հաշտեցման գործընթացին, ապա Հայաստանի իշխանությունները բազմիցս նշել են, որ գնդակը գտնվում է Թուրքիայի կիսադաշտում, և Թուրքիան պետք է իրականացնի քայլը: Այսինքն Թուրքիան պետք է վավերացնի պրոտոկոլները: Եվ այստեղ Դավութօղլուի գալ-չգալը չեմ կարծում, որ որևէ բան պետք է փոխի: Եթե Թուրքիան որոշել է պրոտոկոլները վավերացնել, իրենք պետք է իրականացնեն քայլեր։ Այլ քայլեր, այդ թվում նաև Ղարաբաղի գործընթացին միջամտությունը անթույլատրելի է: Ղարաբաղա-ադրբեջանական կարգավորման գործընթացով զբաղվում է Մինսկի խմբի համանախագահության ֆորմատը՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան, և Թուրքիայի ցանկացած միջամտություն անընդունելի է»:

Երևան այցից առաջ Թուրքիայի արտգործնախարարը, հայ-թուրքական հարաբերությունների ներկա վիճակին անդրադառնալով, որպես Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման նախապայման օրերս հիշատակել էր «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հարգելու» անհրաժեշտությունը։ Դրան ի պատասխան՝ Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը «սադրիչ» որակեց այդ հայտարարությունները,Դավութօղլուին խորհուրդ տալով այցելել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր։ Էդուարդ Շարմազանովը ևս նույն կարծիքին է։

«Ես համակարծիք եմ ոչ միայն Շավարշ Քոչարյանի հետ, այլ նաև տիկին Քլինթոնի հետ, ով նախկինում ասել է, որ գնդակը գտնվում է Թուրքիայի դաշտում»,- ասաց ԱԺ փոխխոսնակը:

Դիտարկմանը, թե տարբեր կուսակցություններ և կազմակերպություններ մտադիր են բողոքի ցույցերով դիմավորել Դավութօղլուին, Շարմազանովը պատասխանեց.- «Յուրաքանչյուր քաղաքացու, քաղաքական ուժի իրավունքն է ներկայանալ բողոքի ցույցերով, կամ ոչ բողոքի ցույցերով: Եթե դրանք օրենքի սահմաններում են, շատ նորմալ: Եվ դա մարդկանց իրավունքն է, այստեղ որևէ արտառոց բան ես չեմ տեսնում»։