Իշխանությունները կրկին բարեփոխում են Ընտրական օրենսգիրքը

Your browser doesn’t support HTML5

Մինչ իշխանությունները հայտարարում են, թե այս տարվա վերջին կամ առավելագույնը 2014-ի սկզբին արդեն պատրաստ կլինի Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հերթական փաթեթը, ընդդիմությունը համոզված է, որ այն կրելու է ձևական բնույթ և չի կարող բարելավել Հայաստանում անցկացվող ընտրությունների որակը:

Նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ 2012-ի օգոստոսին ստեղծված Ընտրական օրենսգրքի բարեփոխումները նախապատրաստող աշխատանքային խումբը բաղկացած է բացառապես պետական պաշտոնյաներից, այն գլխավորում է նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը։ Ինչպես ներկայացվում է, բարեփոխումների արդյունքում պետք է հանրության մոտ աճի ընտրությունների նկատմամբ վստահությունը:

Անցած ժամանակահատվածում աշխատանքային խումբ մի քանի քննարկումներ է անցկացրել՝ ծանոթանալու քաղաքական ուժերի, հասարակական ու միջազգային կառույցների առաջարկներին, թե ինչպե՞ս կարելի է բարեփոխել անցած տարիների ընթացքում Հայաստանի իշխանությունների կողմից բազմիցս բարեփոխված Ընտրական օրենսգիրքը:

Այսօր այդ քննարկումներից մեկն էր: «Ազատության» հետ զրույցում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, ով նույնպես աշխատանքային խմբում է, տեղեկացնելով, որ առաջարկությունների փաթեթը պատրաստ կլինի առավելագույնը 2014-ի սկզբին՝ ընդգծեց, որ հանրության շրջանում ընտրությունների նկատմամբ վստահությունը ամրապնդելու համար անհրաժեշտ է, որպեսզի «պետական մարմինները ապահովեն լիակատար թափանցիկություն քաղաքական գործընթացների նկատմամբ»։

Ըստ Մուկուչյանի, հիմնական առաջարկներից մեկը ընտրողների ցուցակների կազմման մեթոդի փոփոխությունն է.- «Առաջարկվում է, որ այն մեթոդոլոգիան, որով այսօր կազմվում է ընտրողների ցուցակները, այսինքն հաշվառումն է ընկալվում հիմք, դա փոփոխվի և օրինակ, ժամանակավոր բացակայող քաղաքացիները չներառվեն ընտրողների ցուցակում»։

Կա առաջարկ պարտադիր դարձնել նախընտրական հիմնադրամները, որպեսզի ցանկացած ընտրության մասնակցող անձ պարտադիր կերպով բացի հիմնադրամ և իր նախընտրական ծախսերը անի միայն այդ հիմնադրամի միջոցով, ինչը թույլ կտա ավելի արդյունավետ դարձնել հանրության կողմից վերահսկողությունը: ԿԸՀ նախագահի փոխանցմամբ, ինքը առաջարկել է հրաժարվել ընտրությունից հետո քաղաքացու անձնագրում կնիք խփելուց:

Ընդդիմությունը հիմնական առաջարկներից է ընտրություններից հետո հրապարակել ընտրությանը մասնակցած քաղաքացիների ցուցակները և անցնել մատների թանաքոտմանը: Մուկուչյանը փոխանցեց, թե այդ առաջարկները նույնպես քննարկվելու են աշխատանքային խմբում, թեև ինքը անձամբ դեմ է դրանց:

«Ընտրապայքարին մասնակցող կուսակցությունները ունեն հնարավորություն վերահաշվարկի դիմում ներկայացնելու պարագայում ծանոթանալ այդ ցուցակներին, առավել ևս մենք հանձնաժողովներում առաջին անգամ ամրագրեցինք մոտեցում, ըստ որի ընդդիմության ներկայացրած թեկնածուները նաև հանդիսանում են տվյալ տեղամասային ընտրական հանձնաժողովներում նախագահներ և քարտուղարներ»,- ասաց Մուկուչյանը։

Իսկ մատների թանաքոտման վերաբերյալ, Մուկուչյանը նշեց, թե դա անգամ կարող է խոչընդոտներ ստեղծել, որովհետև արդեն հայտնաբերվել են միջոցներ, որոնց օգնությամբ այդ թանաքը մաքրվում է, բացի այդ այն կարող է անցնել ձեռքից ձեռք, ու այն մարդը, ով չի քվեարկել, զրկվի ընտրելու հնարավորությունից, քանի իր մատների վրա թանաք է հայտնվել:

Ընդդիմության այդ առաջարկներին դեմ է նաև Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, հանրապետական Դավիթ Հարությունյանը, ում կարծիքով՝ հրապարակելով ընտրությանը մասնակցած անձի անունը, խախտվում է գաղտնիության սկզբունքը:

Իսկ թե ի՞նչ փոփոխություններ են լինելու, որոնք պետք է ամրապնդեն ընտրությունների նկատմամաբ մարդկանց վստահությունը. Հարությունյանն սա ներկայացրեց.- «Եթե այսօր դատարանը վերադարձնում է ստացված բողոքները, երբ հայցադիմումում ճիշտ նշված չէ ձևը, պահանջը համապատասխան պահանջ չէ, ապա առաջարկվելու է, որ դատարանը միևնույն է՝ ընդունելու է վարույթ և պրոցեսի ընթացքում անձը իրավունք ունի շտկել և դատարանը ուղղորդում է նրան, որպեսզի նա շտկի իր պահանջը»։

«Ժառանգության» վարչության անդամ Հովսեփ Խուրշուդյանի խոսքով, երբ իշխանությունների փաստարկը, թե հրապարակելով քվեարկությանը մասնակցած մարդկանց ցուցակը՝ խախտում են գաղտնիության սկզբունքը, համոզիչ չէ, որովհետև մարդիկ գաղտնի չեն մասնակցում ընտրություններին, առավել ևս 21-րդ դարում, երբ ընտրատեղամասերը նկարահանվում են: Ուստի, Խուրշուդյանի համոզմամբ, իշխանությունների առաջարկած փոփոխությունները կրում են ձևական բնույթ, որոնք չեն կարող խոչընդոտ հանդիսանալ ընտրակեղծիքների համար և չեն կարող հանրության մոտ ամրապնդել վստահությունը ընտրությունների և դրանց արդյունքների վերաբերյալ:

«Ես ինչքան հիշում եմ, իշխանությունները մի գլուխ բարեփոխում են Ընտրական օրենսգիրքը, բայց հենց գալիս է ընտրական գործընթացի պահը, նույնիսկ իրենց ընդունած օրենքները մեծ հաճույքով խախտում են»,- ասաց Խուրշուդյանը։