Կենսաթոշակային համակարգին ընդդիմացողները կառավարության մոտ ցույց անցկացրեցին

Ընդդեմ կենսաթոշակների պարտադիր կուտակային համակարգի ցույցը այս անգամ կայացավ կառավարության շենքի դիմաց:

Համակարգին ընդդիմացող հանրությունը հերթական անգամ պահանջում էր հանել պարտադիր բաղադրիչը օրենքից, գոնե մեկ տարով հետաձգել օրենքի կիրառումը՝ այդ ընթացքում այստեղ առկա հակաիրավական հարցերին լուծում տալու ակնկալիքով:

«Այս օրենքը կհանգեցնի ծայրահեղ վատ հետևանքների, դրա պատճառով մենք բոլորս իրար հետ կողք կողքի դուրս ենք եկել, որ կառավարությանը ուղիղ խոսք ասենք՝ ետ կանչել օրենքը, մենք դեմ ենք պարտադիր կուտակային կենսաթոշակներին։ Կուտակային կենսաթոշակների պարտադիր օրենքը վատացնում է մարդկանց ներկա սոցիալական իրավիճակը, քանի որ մարդկանց աշխատավարձերը պակասում են։ Մարդիկ չունեն վստահություն, որ փողերը, որ պիտի գան թոշակի տեսքով, կգան»,- բարձրախոսով հայտարարեց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։

Ցույցի դուրս եկած մարդիկ ընդդիմադիր պատգամավորներին խնդրել են ևս մեկ անգամ արտահերթ նիստ հրավիրելու պահանջով ստորագրահավաք կազմակերպել։ Այսօր էլ կառավարությանը դիմելով պահանջեցին առաջիկա նիստերից մեկի օրակարգում ներառել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հարցը: Այս պահին սպասում են նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի միջնորդությանը Սահմանադրական դատարան դիմելու հարցում:

«Պատասխա՛ն, պատասխա՛ն»,- վանկարկում էին ցուցարարները։

Կոչերը, սակայն, կառավարության ուշադրությանը չարժանացան: Շենքի մոտից իրավիճակին հետևում էր կառավարության քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչություն ղեկավար Ալեքսանդր Ղազարյանը:

«Եթե այս մարդկանց բազմաթիվ անգամ հեռուստատեսությամբ բոլոր դրական կողմերը, հետագա ընթացքը լրիվ մեկ առ մեկ բացատրվել է... դեմ առ դեմ հանդիպումը ինչպե՞ս եք պատկերացնում։ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությա՞ն հետ դեմ առ դեմ նստենք... ես այստեղ չլսեցի որևէ մի բացասական երևույթ, որ իրենք ներկայացրեն։ Այն, ինչ ներկայացրին, դա կրկին դրական է»,- պնդեց Ղազարյանը։

Ցուցարարները կարողացան միայն նամակ հանձնել կառավարության ներկայացուցչին, իսկ նրա մուտքը կառավարություն ուղեկցվեց «վախկոտ» վանկարկումներով ու սուլուցներով։

Փաստորեն համակարգին ընդդիմացող քաղաքացիների բողոքն այս անգամ էլ սահմանափակվեց գոռում-գոչյուններով, քննադատող պաստառներով ու համակարգը խորհրդանշող փուչիկներով․ պայթում է փուչիկը, կորչում են փողերդ: