Մատչելիության հղումներ

Ընդդիմախոսները վիճարկում են նոր կենսաթոշակային համակարգի պայմանները


Կենսաթոշակայինի վիճելի պարտադրանքը
please wait

No media source currently available

0:00 0:03:45 0:00
Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին ընդդիմախոսների և կառավարության փաստարկները տրամագծորեն տարբերվում են։

Կառավարությունը պնդում է, որ նոր համակարգը արդարության սկզբունք է մտցնում՝ մարդը կստանա այնքան թոշակ, որքան կկուտակի աշխատանքի ընթացքում։ Մինչդեռ հակառակ ճամբարը հակասահմանադրական խնդիրներ է տեսնում:

Ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար Կարեն Թամազյանը հակադարձելով այն բողոքներին, թե մարդիկ անգամ այսօր չեն կարողանում ապրել, ինչպե՞ս մտածեն վաղվա մասին, ասում է՝ նույն տրամաբանությամբ 20 տարի հետո կարող են ասել՝ ինչպե՞ս ապրենք հիմա: Հարցին՝ իսկ ի՞նչ կլինի մեր փողերի հետ 20 տարի հետո, հատկապես որ հեռու անցյալում չեն խորհրդային տարիների փոշիացած ավանդները, կառավարության ներկայացուցիչն ասում է.- «Քաղաքացին ցանկացած պահի իրավունք ունի տեղափոխել իր միջոցները այստեղից այնտեղ, ում որ ինքը հավատում է։ Հնարավորինս արված է, որ չլինի դա [գումարի փոշիացումը]։ Լինելու դեպքում այստեղ գալիս է այն երաշխիքային ֆոնդի գաղափարը, եթե անձը հասնում է կենսաթոշակային տարիքի՝ 63 տարեկան, հաշվարկ է կատարվում՝ գնաճով հաշվված, այդ գումարը, ասենք, 2037 թվականին ի՞նչ գնողունակություն ունի, 5000 դրամը, օրինակ, դարձել է 9700 դրամ, տեսնում են՝ իր հաշվին այդ 9700 դրամը կա՞, թե՝ չկա։ Եթե չկա, ապա տարբերությունը փոխհատուցվում է երաշխիքային հիմնադրամից»։

Թեև պետությունը երաշխավորում է գումարների վերադարձը, այդուամենայնիվ, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի իրավական վերլուծության վարչության պետ Արամ Վարդևանյանը վստահության խնդիրը վերջնականապես լուծված չի համարում։

«Արդյոք դա ենթադրո՞ւմ է ուղղակի երաշխիքը, որ անձը կստանա այնպիսի գումար այն տեսքով, որով նա տվել է»,- ասում է Վարդևանյանը։

Անպատասխան են մնում նաև մի շարք այլ հարցեր՝ ինչ չափորոշիչներով է ընտրվել աշխատավարձից հենց 5 տոկոսի պահումը, կամ ինչու հենց 1974-ից հետո ծնվածների վրա պետք է միայն տարածվի այս օրենքը: Բաց է մնում նաև մի շատ կարևոր հարց՝ պարտադիր կուտակային համակարգը հա՞րկ է, տո՞ւրք է, թե՞ այլ վճար, ու քանի դեռ սա հստակեցված չէ, իրավաչափ չէ մարդուն պարտադրելը:

Համաձայն օրենքի՝ քաղաքացին մինչև 63 տարեկանը գումարը կարող է ստանալ միայն այն դեպքում, երբ անբուժելի հիվանդ է, երրորդ կարգի հաշմանդամ է կամ ընդմիշտ մեկնում է Հայաստանից՝ հրաժարվելով քաղաքացիությունից: Մինչդեռ, ըստ պաշտպանի գրասենյակի, այս ցանկը սպառիչ չէ: Նույնիսկ այս դեպքում քաղաքացին, ըստ ֆինանսների նախարարության աշխատակցի, ստիպված է լինելու մի շարք խնդիրներ լուծել իր կուտակած ետ ստանալու համար:

«Պետք է փոխանցել այնպիսի համակարգ, որը համահունչ է մեր համակարգին։ Եթե գնա մի երկիր, որտեղ պարտադիր չէ, պետք է բերի համապատասխան փաստաթուղթ, որ այդ երկրում չկա նման համակարգ»,- ասում է Վարդևանյանը։

Նույնիսկ 63-ից հետո գումարը միանվագ ստանալու համար բարդություններ են ստեղծված, քաղաքացին լիարժեք չես տնօրինում կուտակած գումարը: Կառավարության ներկայացուցիչն այս առիթով ասում է.- «Եթե միանվագ ստանաք, մտնեք կազինո և կրվեք այդ գումարը... Պետության ընտրությունը այն է, որ մարդուն ապահովի բարեկեցիկ ծերություն»։

Մինչդեռ պաշտպանի գրասենյակի իրավաբանի պնդմամբ՝ պետությունը չունի ուղղակի պարտավորություն՝ քաղաքացիների փոխարեն որոշելու, թե ինչպես նրանք տնօրեն իրենց սեփականությունը։

Կուտակված թոշակը բացառապես անձի սեփականությունն է: Մինչդեռ ընդդիմախոսները պնդում, որ նոր օրենքը խախտում է այդ իրավունքը: Եվ հենց այս հակափաստարկները բերելով վաղը Ազգային ժողովում ոչ իշխանական ուժերը փորձելու են գոնե մեկ տարով հետաձգել օրենքի կիրառումը, հաջողության չհասնելու դեպքում դիմել նաև Սահմանադրական դատարան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG