Շանթ Հարությունյանը իր կալանավորման որոշումը չի բողոքարկի

Your browser doesn’t support HTML5

«Ես սկսում եմ հեղափոխություն» կարգախոսով Ազատության հրապարակում բողոքի ակցիա սկսած, անցյալ շաբաթ կալանավորված Շանթ Հարությունյանն իրեն երկամսյա կալանքի ենթարկելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը չի բողոքարկի:

Հարությունյանի պատճառաբանությամբ՝ իր նկատմամբ կատարվում են ոչ թե իրավական, այլ քաղաքական գործողություններ: Նա իրեն կալանավորելը ևս որակել է քաղաքական որոշման հետևանք, ուստի անիմաստ է համարել դատական կարգով կալանի որոշման բողոքարկումը: Այս տեղեկությունը «Ազատությանը» փոխանցեց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի փորձագետ, Հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

«Իր քաղաքական գործունեության տրամաբանությունից ելնելով՝ պատրաստվում է ամեն ինչ ներկայացնել դատաքննության ժամանակ։ Այսինքն ինքը փորձում է ոչ թե իրավական դաշտում ինչ-որ գործողություններ կատարել, համարելով դրանք ոչ բովանդակային, ուղղակի սառը դատողությամբ գնահատում է, որ դա այն գործողությունն է, որ իշխանությունը կարող է անել իր քաղաքական գործունեությունը կասեցնելու ուղղությամբ, և դա միանշանակ պատվեր է, որ Շանթ Հարությունը մինչև Պուտինի այցելությունը կալանքի տակ վերցնեին, որ հնարավոր քաղաքացիական ակտիվությունը ճնշվեր»,- փոխանցեց Սաքունցը։

Իրավապաշտպանը վկայեց, որ Հարությունյանի թևերին եղել են բռնության հետքեր: Նա պնդեց ավելի վաղ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, ըստ որի՝ Շանթ Հարությունյանի նկատմամբ բռնություն է գործադրվել ոստիկանությունում՝ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի անմիջական մասնակցությամբ։

«Ոստիկանապետը միանշանակ է, որ խփել է, [և նրա նկատմամբ պետք է քրեական գործ հարուցվի], ոստիկանապետին ուղեկցող անձինք նույնպես խփել են, ավելին՝ եղել է սպառնալիք. անբարոյական պետք է գնահատել Շանթ Հարությունյանի անչափահաս տղայի նկատմամբ բռնության սպառնալիքով փորձել Շանթի վրա ճնշում գործադրելը»,- հայտարարեց Սաքունցը։

Միաժամանակ Սաքունցի տպավորությամբ՝ Շանթ Հարությունյանը «ընկճված չէ և տրամադրությունն էլ տեղն է»։

Հարությունյանի շահերը, Փաստաբանների պալատի խոսնակի փոխանցմամբ, նախաքննական մարմնի որոշմամբ մի քանի օր պաշտպանել է հանրային պաշտպան Գարիկ Մալխասյանը: Փաստաբանն «Ազատությանը» տեղեկացրեց, որ այսօր Շանթ Հարությունյանին տեսակցել է, նա իրեն է հանձնել ձեռագիր գրություն՝ հրաժարվելով իր ծառայություններից։

Ի՞նչ պետք է անի այս դեպքում նախաքննական մարմինը: Ոստիկանության քննչական գլխավոր վարչության քննչական խմբի ղեկավար Սամվել Տոնոյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, թե դեռ չի ստացել Շանթ Հարությունյանի գրությունը: Նաև նշեց, թե գործում կա փաստաթուղթ, ըստ որի՝ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ Շանթ Հարությունյանը եղել է «անմեղսունակ»:

«Բայց դա որևէ հիմք չէ այս քրեական գործով եզրահանգումներ անելու համար»,- ընդգծեց քննչական խմբի ղեկավարը։

Նոյեմբերի 5-ի դեպքերի հետևանքով կալանավորված Տիգրան Պետրոսյանի պաշտպան Արա Զաքարյանն այսօր Վերաքննիչ քրեական դատարանում բողոքարկել է իր պաշտպանյալին երկու ամսով կալանավորելու որոշումը: Տիգրան Պետրոսյանը մեղադրանքը չի ընդունում և, փաստաբանի փոխանցմամբ, պնդում է, որ որևէ ոստիկանի նկատմամբ բռնություն չի գործադրել: Ի դեպ, Արա Զաքարյանն ասաց, թե Տիգրան Պետրոսյանը լրագրող է, աշխատում է «Բիզնես FM» ռադիոկայանում։

Արա Զաքարյանն ասաց, որ Տիգրան Պետրոսյանին կալանավորելիս՝ դատարանի տրամադրության տակ չի եղել որևէ հիմնավոր կասկած, որ իր պաշտպանյալը ոստիկանի նկատմամբ բռնություն է գործադրել։

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության քննչական խմբի ղեկավարն ասաց՝ կան ապացույցներ: Հարցին՝ իսկ ինչո՞ւ դեռ ճանաչման չեն ներկայացրել այն ոստիկանին, որի նկատմամբ, ըստ նախաքննական մարմնի, բռնություն է գործադրել Տիգրան Պետրոսյանը, Սամվել Տոնոյանը պատասխանեց.- «Եթե Տիգրան Պետրոսյանը իր մեղքը չի ընդունում, ի՞նչ ճանաչման ներկայացնենք։ Նախաքննության տվյալ փուլում դեռ ոչ մեկին ճանաչման չենք ներկայացրել»։

Քննչական խմբի ղեկավարի խոսքով՝ նախաքննության շահերից է բխում նոյեմբերի 5-ի կապակցությամբ կալանավորված անձանց տեսակցությունների և հեռախոսային զրույցների սահմանափակումը: Իսկ փաստաբան Արա Զաքարյանն ապօրինի որակեց այդ որոշումը՝ նշելով, որ դա անպայման բողոքարկելու է: