Մատչելիության հղումներ

Շանթ Հարությունյանը պատմել է, թե ինչպես է ոստիկանապետն իրեն ծեծի ենթարկել


Ոստիկանությունը բերման է ենթարկում Շանթ Հարությունյանին Մաշտոցի պողոտայից, 5-ը նոյեմբերի, 2013
Ոստիկանությունը բերման է ենթարկում Շանթ Հարությունյանին Մաշտոցի պողոտայից, 5-ը նոյեմբերի, 2013
Շանթ Հարությունյանը մանրամասն պատմել է, թե ինչպես է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ծեծի ենթարկել իրեն, այս մասին այսօր «Ազատությանը» տված հարցազրույցում փոխանցեց ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով երեկ այցելել է ձերբակալվածների պահման վայր և հանդիպել Հարությունյանին և մյուս 19 ձերբակալվածներին:

«Շանթ Հարությունյանը ինձ տեղեկացրեց, որ ոստիկանության Կենտրոնի բաժնում իր նկատմամբ բռնություն է գործադրել անձամբ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, ինչպես նաև ոստիկանության պետի տեղակալ Հունան Պողոսյանը։ Շանթ Հարությունյանի պատմելով՝ վերջինս նաև սպառնալիքներ է տեղացել իր ընտանիքի անդամների, մասնավորապես, որդու հասցեին, ինչպես նաև սեռական բնույթի անպարկեշտ, նվաստացուցիչ հայհոյանքներ է տվել։ Ինչպես պատմեց Շանթը, այդ ընթացքում մի քանի ոստիկաններ իր ձեռքերը պահած են եղել։ Տեղեկացնեմ նաև, որ անձամբ Վլադիմիր Գասպարյանի կողմից բռնության ենթարկվելու մասին ինձ հայտնեց նաև ազատամարտիկ Վարդան Վարդանյանը, ով նույն գործով նույնպես ձերբակալված է։ Նա տեղեկացրեց նաև, որ ոստիկանները իր կրծքից պոկել են կրծքանշանները»,- ասաց Փաշինյանը՝ շեշելով, որ Հարությունյանը և Վարդանյանը ամենայն մանրամասնությամբ նկարագրել են, թե ինչպես են բռնության ենթարկվել ոստիկանապետի կողմից։

«Պատմել են, որ Վլադիմիր Գասպարյանը ապտակներ է հասցրել իրենց՝ ուղղորդված հայհոյանքներով։ Իմ ստացած տեղեկությունների համաձայն՝ առավել լկտի հայհոյանքներով հանդես է եկել Հունան Պողոսյանը։ Այդ նույն տեսարանը, ըստ էության, ներկայացրին և Շանթ Հարությունյանը, և Վարդան Վարդանյանը»,- ասաց պատգամավորը։

Նիկոլ Փաշինյանին հարցրեցինք, թե արդյոք Շանթ Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ նրա վրա բռնության հետքեր տեսե՞լ է:

«Հետաքրքրվել եմ՝ արդյոք իրենց նկատամամբ բռնություն կիրառվել է, ընդ որում հատուկ շեշտել եմ՝ բերման ենթարկվելուց հետո։ Շանթ Հարությունյանը ասաց, որ վնասվածքներ ունի, ես չեմ կարող մեկնաբանել, որովհետև դա արդեն առանձին թեմա է, ես չեմ կարող ասել՝ կոնկրետ վնասվածքը ով է հասցրել և ինչի արդյունքում»,- ասաց նա։

Հաշվի առնելով Շանթ Հարությունյանի և Վարդան Վարդանյանի՝ բռնությունների ենթարկվելու մասին հայտարարությունները, այսօր Նիկոլ Փաշինյանը գրությամբ դիմել է Հատուկ քննչական ծառայության պետին, որպեսզի վերջինս քննության առարկա դարձնի նրանց հայտարարությունները:

«Խոսքը քրեորեն պատժելի արարքների մասին է, առավելս ևս ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, ովքեր ուղղակի պարտավոր են պահպանել օրենքի տառը և պետք է այդ հայտարարությունները քննության առնվեն, և արդյունքներին մասին տեղյակ պահեն»,- ասաց նա։

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը այսօր «Ազատությանը» տված հարցազրույցում հերքել է, թե ծեծի է ենթարկել Շանթ Հարությունյանին՝ ասելով, թե «դա հիվանդ երևակայության արդյունք է, և եթե ինքը ծեծեր, ապա Շանթից բան չէր մնա»:

«Ոստիկանապետը ի՞նչ գիտի, նախկինում էդպիսի փո՞րձ ունի, որ մեկին ծեծել է և նրանից ոչինչ չի մնացել։ Եվ շատ զարմանալի կլիներ, որ ոստիկանության պետը հայտարարեր, որ այդպիսի բան եղել է»,- հակադարձում է Նիկոլ Փաշինյանը։

Ի դեպ, Փաշինյանը նշեց, թե Շանթ Հարությունյանը և Վարդան Վարդանյանը 20 ձերբակալվածներից միակ չէին, որ իրեն տեղեկություններ են փոխանցել: Բայց քանի որ այդ անձանց փոխանցած տեղեկությունները հրապարկայացնելու լիազորություն չի ստացել, հետևաբար ձեռնպահ կմնա այդ մասին խոսելուց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG