Հայաստանում անտեղյակ են Մինսկում ստորագրված փաստաթղթերի բովանդակությանը

Իշխող Հանրապետական խմբակցությունը խորհրդարանում

Թե իշխող Հանրապետականը, և թե ընդդիմադիր խորհրդարանական խմբակցությունները որևէ տեղեկատվություն չունեն երեկ Մինսկում ստորագրված որոշման նախագծի վերաբերյալ, որի համաձայն Հայաստանը միանալու է Մաքսային միությանը և Միասնական տնտեսական գոտուն:

Այդ որոշմանը նախագիծը երեկ ստորագրեցին Մաքսային միության անդամ երկրների` Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահները։ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյան պարզապես ներկա էր ստորագրմանը:

Թե ինչ բովանդակություն ունի այդ փաստաթուղթը և ինչ ժամկետում այն կդառնա որոշում, որևէ մեկը Հայաստանում տեղյակ չէ: Ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե ո՞րն է պատճառը, որ անգամ իշխող ուժը որևէ տեղեկատվություն չունի Հայաստանի համար ստորագրված կարևորագույն փաստաթղթերի մասին, Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանն ասաց, թե այդ տեղեկատվությունը իրենք կստանան նախագահի հետ հարցը քննարկելուց հետո:

«Այն ինֆորմացիան, որը տիրապետելի կդառնա ինձ և իմ գործընկերների համար, դա հանդիպումն է երկրի նախագահի հետ, որը դեռևս չի կայացել»,- ասաց Սահակյանը։

Այլընտրանքային «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը նույնպես տեղյակ չէ երեկ Մինսկում ստորագրված փաստաթղթերից: Ինչպես ընդգծեց ԲՀԿ պատգամավոր Վահե Հովհաննիսյանը, այնպիսի տպավորություն է, որ ոչ միայն քաղաքական ուժերը, այլև Հայաստանի իշխանությունները տեղեկատվությանը չեն տիրապետում։ Ի դեպ, նկատենք, որ երեկ Հայաստանի փոխարտգործնախարարը նույնպես խոստովանել էր, թե տեղյակ չէ Մինսկում ստորագրվելիք փաստաթղթերից:

«Ուղղակի տպավորություն է, որ Հայաստանի իշխանությունները վերջին պահին են տիրապետում ինֆորմացիային, էլ ուր մնաց քաղաքական կուսակցությունները։ Մենք երեկ երեկոյան Նարաբաևի խոսքերից ենք իմանում, որ Թուրքիան նույնպես ցանկություն ունի ինտեգրվել այս կառույցին։ Ինչքան ես գիտեմ, երեկ չէ առաջին օրվա տվյալներով, Հայաստանում ոչ ոք դրա մասին չգիտեր։ Շատ արագ է զարգանում ամեն ինչ, և ոնց որ թե ամենավերջում Հայաստանին իմիջիայլոց տեղյակ են պահում այդ մասին»,- ասաց Հովհաննիսյանը՝ դա բացատրելով երկրի վիճակով։

Նշենք, որ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հրաժարվեց ասել, ի վերջո «Բարգավաճ Հայաստանը» ողջունում է Հայաստանի Մաքսային միությանը անդամագրվելու այս ինտեսիվ գործընթացը։ Զոհրաբյանը կրկնեց, թե մինչև այդ փաստաթղթերը չգան Ազգային ժողովին, և իրենք չծանոթանան դրանց հետ, որևէ գնահատական չեն տա:

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը նույնպես առայժմ ձեռնպահ է մնում կոնկրետ գնահատական տալ՝ ի վերջո Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը դրական, թե՝ բացասական են գնահատում: ՀԱԿ նույնպես պնդում է՝ մինչև փաստաթուղթը չտեսնեն, գնահատական չեն տա: Ամեն դեպքում ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանն ասաց, թե այդ գործընթացի սուպերգաղտնիությունը որևէ լավ բանի մասին չի խոսում:

«Գաղտնի է, որովհետև հպարտանալու բան չունեն, որովհետև միայն կորուստի բանակցություններ են, կորուստի քաղաքականություն է դա»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Ի դեպ, չնայած Հայաստանի քաղաքական ուժերի անտեղյակությանը, Ռուսաստանի առաջին փոխվարչապետը Իգոր Շուվալովը երեկ ուշ երեկոյան Մինսկում հայտարարել է, որ Մաքսային միությանը և Եվրասիական տնտեսական գոտուն Հայաստանի անդամակցության ճանապարհային քարտեզը պատրաստ կլինի մինչև դեկտեմբեր: