Լուկաշենկան խնդիր չի համարում Ուկրաինայի եվրաինտեգրումը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկան ասել է, թե հետխորհրդային տարածքի համար ոչ մի խնդիր չի ծագի, եթե Ուկրաինան Եվրամիության հետ ստորագրի Ասոցացման պայմանագիրը։

«Ինչպես էլ Ուկրաինան իրեն պահի, նույնիսկ եթե ՆԱՏՕ մտնի, մենք բոլորս միևնույն է ստիպված կլինենք որոնել կապեր Ուկրաինայի հետ։ Մենք` տարբեր պատճառներով, պարզապես դատապարտված ենք դա անել», - ասել է Լուկաշենկան` Մինսկում ընդունելով Ուկրաինայի վարչապետ Նիլոլայ Ազարովին։

«Ուկրաինայի իրավունքն է ընտրել, թե որ ուղղությամբ է շարժվելու, մեր իրավունքն է` հաշվի նստել Ուկրաինայի իրավունքի հետ, հասկանալ, որ դա ինքնիշխան և անկախ պետություն է», - ասել է Բելառուսի ղեկավարը։

BBC ռադիոկայանի փոխանցմամբ, Լուկաշենկան Մաքսային միության երկրների անունից առաջարկել է «գտնել բանաձև, որն Ուկրաինային թույլ կտա բնականոն կերպով մասնակցել Մոսկվայի նախաձեռնած ինտեգրման գործընթացներին»։

Միաժամանակ, նա ասել է, որ եթե Ուկրաինայի ինտեգրման առաջարկները խեղաթյուրում առաջացնեն կամ հաշվեկշիռը խախտվի հօգուտ Եվրամիության, ապա ո'չ Ռուսաստանը, ո'չ Բելառուսը և ո'չ էլ Ղազախստանը նման առաջարկ չեն ընդունի։

«Բելառուս-1» հեռուստակայանի փոխանցմամբ, Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը Մինսկում շնորհակալություն է հայտնել Բելառուսի ղեկավարներին Եվրամիության հետ Ասոցացման պայմանագիր կնքելու վերաբերյալ Ուկրաինայի որոշումը զուսպ և հավասարակշռված ընդունելու համար։

«Եթե հարևանը այդպիսի որոշում է ընդունել, ապա եկեք միասին մտածենք, թե ինչ կարելի է անել, որ դրանից երկուսի համար լավ լինի, այլ ոչ թե վատ։ Եվ այստեղ մենք պատրաստ ենք առավելագույնս համագործակցել», - ասել է Ազարովը։

Նա հավաստիացրել է, որ Ուկրաինան մտադիր է հետագայում ևս համատեղ ծրագրեր իրականացնել Բելառուսի հետ։

«Իհարկե, Ուկրաինան հենց այնպես չէ իր առջև դնում Եվրամիության և Մաքսային միության երկրների հետ լինելու նպատակը։ Ուկրաինան դատապարտված է այդ համագործակցությանը։ Չէ՞ որ մենք հարևաններ ենք, մենք սահմաններ ունենք Բելառուսի, Ռուսաստանի և Եվրամիության հետ։ Բուն աշխարհագրական դիրքն է պարտադրում բազմակողմանի համագործակցությունը», - ասել է Ազարովը։

Դեռ Մինսկ մեկնելուց առաջ վարչապետ Ազարովը, պատասխանելով «Սովետսկայա Բելառուս» թերթի հարցերին, ասել է, որ Եվրամիության հետ Ասոցացման պայմանագիրը ստորագրելուց հետո Ուկրաինան չի հակադրվի Եվրասիական տարածքին և եվրասիական ինտեգրմանը։ Նրա խոսքերով` հարկ չէ մտածել, որ Եվրամիությունը միատարր հասկացություն է։ Միության երկրները կարող են տարբեր տեսակետներ ունենալ։

Նա պնդել է, որ ստորագրելով Ասոցացման պայմանագիրը` Ուկրաինան ինքնիշխանությունից և սեփական որոշումներն ընդունելու իրավունքից չի զրկվի։

«Պայմանագրում կա հատուկ հոդված, և Եվրամիությունը դա պաշտոնապես հաստատել է, որը մեզ թույլ է տալիս միանալ ազատ առևտրի գոտիներին, պայմանագրեր կնքել մաքսային միությունների հետ։ Դա մեր ինքնիշխան իրավունքն է», - ասել է Ազարովը և ավելացրել. - «Եթե երբևէ Ուկրաինան հանգի այն եզրակացության, որ ավելի հարմար է անդամակցել Մաքսային միությանը, ապա կանցկացվի հանրաքվե։ Ուկրաինայի ժողովուրդն իր խոսքը կասի, հանրաքվեով որոշում կընդունվի, և ոչ ոք երբեք չի կարողանա խոչընդոտել դրա իրականացումը»։