Բարձրաստիճան զինվորականները խուսափում են խոսել ձերբակալված ազատամարտիկի մասին

Your browser doesn’t support HTML5

Անկախության տոնի առթիվ «Եռաբլուր» պանթեոն այցելած բարձրաստիճան զինվորականներից շատերն այսօր գերադասեցին չխոսել ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի ձերբակալության մասին:

Ավետիսյանը, հիշեցնենք, սոցիալական պայմանների բարելավում պահանջող ազատամարտիկների՝ ամիսներ առաջ մեկնարկած շարժման նախաձեռնողներից է:

«Ես լիազորված չեմ շատ բանի պատասխան տալ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց բարձրաստիճան զինվորականներից մեկը՝ շարունակելով․ - «Հետո շատ պրոբլեմների մեջ ես ընդգրկված չեմ, որ կարողանամ ճիշտ պատասխաններ տալ»:

Երկրապահ կամավորականների միության նախագահ, ԱԺ պատգամավոր (ՀՀԿ) Մանվել Գրիգորյանը արցախյան պատերազմի մասնակիցների բողոքի ակցիաների և, մասնավորապես, գնդապետ Ավետիսյանի ձերբակալության մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց․ - «Չգիտեմ ինչի համար են ձերբակակել: Պիտի հիմքեր ունենային․ առանց հիմքերի ոչ մեկը բարոյական իրավունք չունի որևէ մի ազատամարտիկի ձերբակալելու»:

Իսկ բողոքի ակցիաների մասին Գրիգորյանն ասաց․ - «Իրոք դժգոհություն կա: Բայց այդ ձևով չեն անում, այլ խելացի պիտի անենք: Այսօր հա՛մ լավ պրոբլեմներ ունենք, հա՛մ վատ խնդիր կա․ պիտի դիմանանք: Այսօր ազատամարտիկները պիտի ամեն ինչին դիմանան»:

Հիշեցնենք, Պաշտպանության նախարարության քննչական ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, Վոլոդյա Ավետիսյանը ձերբակալվել է խոշոր չափերով խարդախություն կատարելու կասկածանքով: