Մատչելիության հղումներ

Ազատամարտիկները «բանսարկություն» են որակում Ավետիսյանի ձերբակալությունը


Վոլոդյա Ավետիսյանը (ձ) զրուցում է լրագրողների հետ, արխիվ
Վոլոդյա Ավետիսյանը (ձ) զրուցում է լրագրողների հետ, արխիվ
Սոցիալական պահանջներով ամիսներ շարունակ նստացույց անցկացրած ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի ձերբակալության մասին լուրերը հաստատվեցին ժամեր առաջ:

Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը տարածեց պաշտոնական հաղորդագրություն: Ըստ հաղորդագրության, Վոլոդյա Ավետիսյանն այսօր ձերբակալվել է խոշոր չափերով խարդախություն կատարելու կասկածանքով:

«Ավետիսյանը, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով քաղաքացի Հ. Զաքարյանի թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու պատրվակով, Հ. Զաքարյանից հափշտակել է 2000 ԱՄՆ դոլար»,- ասված է հաղորդագրությունում։

Այսօր Էրեբունիի Ձերբակալվածների ժամանակավոր պահման վայր են այցելել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները: Պաշտպանի գրասենյակի հաղորդագրության մեջ նշված է, թե Ավետիսյանը ձերբակալումը չի կապել իր՝ վերջին շրջանում ծավալած հասարակական ակտիվ գործունեության հետ:

Վոլոդյա Ավետիսյանի պաշտպանությունը ստանձնել է փաստաբան Արա Զաքարյանը: Նա «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ դեռ որպես պաշտպան ներգրավվելու փուլում է և Ավետիսյանի դիրքորոշումը և նրա ձերբակալման գնահատականը կներկայացնի ավելի ուշ:

Ամիսներ շարունակ իշխանություններին սոցիալական պահանջներ ներկայացրած ազատամարտիկի մարտական ընկերները «բանսարկություն» են որակում այս կասկածանքով Վոլոդյա Ավետիսյանին ձերբակալելու քայլը։

«Սա արժանապատիվ ազատամարտիկի հանդեպ տեռոր է, փորձեցին այս քայլով իրեն արժանապատվությունից զրկել։ Սրանք բանսարկուներ են, բան են սարքել, որպեսզի պայքարից ետ պահեն»,- ասաց Ավետիսյանի մարտական ընկերներից մեկը։

Ազատամարտիկները տեղեկացել են, որ իրենց գործընկերոջ տուն երեկ ուշ երեկոյան այցելել են 4 անձինք, որոնք ներկայացել են իբրև ռազմական ոստիկանության ներկայացուցիչներ: Ապա, իրենց պատմելով, Վոլոդյա Ավետիսյանին մեքենայով տարել են, ընտանիքին հայտնի չի եղել՝ ուր: Առավոտյան արդեն ընտանիքի անդամներն իմացել են, որ Վոլոդյա Ավետիսյանը պաշտպանության նախարարության քննչական ծառայությունում է: Ապա նրան տեղափոխել են Էրեբունիի ժամանակավոր պահման վայր:

Արդեն մի քանի ժամ է՝ Ավետիսյանի մարտական ընկերները հավաքվել են Հանրապետության հրապարակին մերձակա տարածքում և քննարկում են իրենց մարտական ընկերոջ հետ կապված իրավիճակը.- «Ուզում են սրել իրավիճակը, կսրենք մենք էլ վիճակը, մեղքը իրենց վիզը», «Այսօրվա իշխանությունների աշխատելաոճն է, ու կոնկրետ [զինդատախազ Գևորգ] Կոստանյանի։ Ով կարողանում է բացել իրենց դեմքը, ուրեմն կիրառում են իրենց վերջին ձևերը՝ մեկին խաբեն, մեկին խփեն, մյուսին վախեցնեն»։

«Երևի տարել են իր Անկախության օրը շնորհավորելու»,- հեգնեց ազատամարտիկներից մեկը.- «Մի գնդապետ, մի ազատամարտիկ, որը պահանջում է կառավարությունից արժանապատիվ կյանք ազատամարտիկին, նրան կալանավորում տանում են»։

«Եթե վաղը Վոլոդյա Ավետիսյանը տանը չեղավ, մենք պարտադրված ենք դիմել ուրիշ քայլերի»,- ասաց մեկ ուրիշը։

Վոլոդյա Ավետիսյանի ազատամարտիկ ընկերները բացառում են, որ, «այս բանսարկությունը» կարող է ազդեցություն ունենալ իրենց պայքարի վրա: Նրանք հստակեցնում են Վոլոդյա Ավետիսյանին ձերբակալելու հետ կապված իրենց քայլերը:
XS
SM
MD
LG