ՄՄ-ին անդամակցությամբ Հայաստանում «որևէ խնդիր չի լուծվի»

Your browser doesn’t support HTML5

Արևելյան գործընկերության քաղաքացիական պլատֆորմի համակարգող, Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի կարծիքով, Մաքսային միությանն (ՄՄ) անդամակցությամբ Հայաստանում որևէ խնդիր չի լուծվելու, հակառակը՝ երկրում իրավիճակն ավելի է վատթարանալու:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Նավասարդյանը համոզմունք հայտնեց, որ Հայաստանը ոչինչ չի շահելու, ընդամենը «մեծանալու է Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի վրա»:

«Դա նշանակում է նաև, որ տարբեր ոլորտներում Ռուսաստանում կիրառվող մոդելները կկիրառվեն Հայաստանում, այդ թվում նաև՝ քաղաքացիական հասարակության նկատմամբ։ Այսինքն՝ իրական, բաց երկխոսության բացակայություն, խիստ վերահսկողություն քաղաքացիական հասարակության ինստիտուտների [նկատմամբ]: Գիտեք, ինչ է ընդհանրապես պայմանագրային որևէ հարաբերություն Ռուսաստանի հետ․ դա նշանակում է, որ դու պետք է կատարես քո պարտավորությունները Ռուսաստանի նկատմամբ, Ռուսաստանը որևէ պարտավորություն չունի քո նկատմամբ, և երկրի ինքիշխանությունը սահմանափակվում է նրանով, որ հնարավորություն է տրվում գործընկեր երկրին անել իր ժողովրդի հետ այն, ինչ ինքը ցանկանում է: Եթե Հայաստանի իշխանությունները սկսեն կրկնօրինակել վատագույն արտացոլումները ռուսական ներքին քաղաքականության նաև Հայաստանում, մենք կունենք լուրջ պրոբլեմներ, լուրջ բախումներ»:

Հարցին, թե պետք է արդյոք նախագահ Սարգսյանը հայաստանցիներին ներկայացնի այն հիմնավորումները, թե ինչու որոշվեց անդամակցել այդ միությանը, Բորիս Նավասարդյանը պատասխանեց․ - «Եթե այդպիսի որոշում ընդունվում է, ապա դա նշանակում է, որ ընդհանրապես ժողովրդի, քաղաքացիների հետ որևէ բան քննարկելու, կամ քաղաքացիների շահերի, հետաքրքրությունների հետ հաշվի նստելու ցանկություն գոյություն չունի: Ես համոզված եմ, որ ոչ մի իրական հաշվարկ ո՛չ արտաքին քաղաքականության առումով, ո՛չ տնտեսության առումով չի արվել: Հաշվի են առնվել առաջին հերթին Հայաստանի օլիգարխիայի շահերը, երկրորդ հերթին՝ որոշակի քաղաքական ճնշումներ, որ Ռուսաստանը կիրառում էր Հայաստանի նկատմամբ: Բայց այդ կարգի ճնշումներ, միգուցե ավելի ուժգին, Ռուսաստանը կիրառում էր նաև այլ երկրների նկատմամբ, բայց իրենք, ինչպես տեսնում ենք, դիմացան կամ դեռ դիմանում են»:

Դիտարկմանը, թե ստացվում է, որ ՄՄ-ին անդամակցելու որոշումը պայմանավորված է ոչ թե անվտանգության խնդիրներով, այլ օլիգարխիայի շահերի պաշտպանությամբ, փորձագետն արձագանքեց․ - «Ես չեմ ուզում շատ պատասխանատու հայտարարություններ անել, որովհետև անվտանգության մասնագետ չեմ, բայց գտնում եմ, որ մենք շատ արագ կտեսնենք, որ անվտանգության առումով մենք միայն կորցնում ենք»:

Ի պատասխան հարցին, թե ինչու երկրի ներսում չկա քաղաքական-հասարակական զանգվածային ընդվզում ՄՄ-ին անդամակցելու որոշման դեմ, Նավասարդյանն ասաց, թե հասարակական լուրջ ընդվզում չի կարող լինել, քանի որ մեր քաղաքացիների ճնշող մեծամասնությունը չի էլ պատկերացնում, թե ինչ է Ասոցացման համաձայնագիրը կամ Մաքսային միությունը: Նրա խոսքով՝ ուղղակի այնպիսի իրավիճակ է, որ ժողովրդի մեծ մասն իր կենսական խնդիրները փորձում է լուծել Ռուսաստանի միջոցով՝ գնալ այնտեղ աշխատել և ընտանիք պահել:

«Պարզ է, որ կապելով իր հարցերի լուծումը այդ երկրի հետ՝ մարդիկ չեն կարող ընդվզել այդ երկրի հետ հարաբերությունների խորացման դեմ: Բայց, բնականաբար, երբ չեն ընդվզում, նրանք ակնկալում են, որ դա որոշակի փոփոխություններ Հայաստանի կյանքում կբերի: Բայց շատ արագ կհամոզվեն, որ չի բերելու: Այսինքն՝ Մաքսային միությունը Հայաստանի կյանքը չի բարելավելու: Այս իրավիճակում, ինձ թվում է, արտագաղթի տեմպերը միայն կարող են արագանալ: Իսկ երկրի ներսում որևէ խնդիր չի լուծվելու, վիճակը միայն վատթարանալու է, քանի որ նաև երկիրը զարգացնելու այլընտրանքային հնարավորությունները չեն լինելու»:

Բորիս Նավասարդյանի համոզմամբ, քաղաքական, մասնավորապես, նաև ընդդիմադիր ուժերը այս ամենի մասին չեն խոսում, քանի որ վերջին տարիներին քաղաքական ուժերը շատ լուրջ ազդեցության և կախվածության մեջ են գտնվում «փողատերերից» և իրենց գոյությունը պահպանելու հնարավորությունը տեսնում են նրանց ծառայելու մեջ:

«Եվ պարզ է, որ իրենց գործունեության մեջ նրանք չեն կարող որպես սկզբունք վերցնել մեկ այլ զարգացման ուղղություն, որ ձեռնտու չէ մեր օլիգարխիային: Իսկ մեր օլիգարխիային բարեփոխումները ձեռնտու չեն: Այդ պատճառով, բնականաբար, այն ուղղությունը, որ ընտրել է մեր իշխանությունը, ավելի բարենպաստ է օլիգարխների համար», - նշեց Երևանի մամուլի ակումբի նախագահը:

Նա ուշագրավ համեմատություն արեց, որ, օրինակ, Ուկրաինայում օլիգարխները առավելապես շահագրգռված են ԵՄ Ասոցացման համաձայնի ստորագրմամբ, և դրա պատճառն այն է, որ այդ երկրում խոշոր բիզնեսն արդեն եվրաինտեգրման լուրջ փուլ է անցել: Այն օգուտները, որ օլիգարխները ստանում են Եվրամիության հետ համագործակցությունից, շատ ավելի մեծ են: Ուկրաինացի գործարարը նաև հասկանում է այն կորուստները, որ կարող է կրել, եթե մտնի Մաքսային միություն և հայտնվի ռուսական խոշոր բիզնեսի ազդեցության տակ: Հետևաբար, ուկրաինացի օլիգարխների շահերը համընկնում են եվրաինտեգրման գործընթացներին, ինչը չի կարելի ասել Հայաստանի մասին:

«Մեր դեպքում լրիվ հակառակն է, քանի որ պարզ է, որ խոշոր ռուսական բիզնեսը Հայաստանի նկատմամբ ոչ մի հետաքրքրություն չունի և չի պատրաստվում ուտել, խժռել մեր օլիգարխներին: Իսկ աշխատել կանոնների բացակայության պայմաններում այսօր շատ ավելի ձեռնտու է մեր փողատերերին», - եզրափակեց Բորիս Նավասարդյանը: