Րաֆֆի Հովհաննիսյանը «համախմբման ժամանակաշրջան» է ակնկալում

«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր և առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց, թե «առաջիկա շաբաթները դառնալու են համախմբման ժամանակաշրջան»:

Երեկ, հիշեշնենք, նախագահի նախկին թեկնածուն Ազատության հրապարակում կոչով դիմեց ոչ իշխանական քաղական ուժերին ու քաղաքացիական նախաձեռնություններին՝ սեպտեմբերից երկրում իրականացնել փոփոխություններ:

«Եթե ոչ իշխանական քաղաքական հիմնական ուժերը, քաղաքացիական հիմնական նախաձեռնությունները կանգնեն այս հարթակում՝ ազատամարտիկների, երիտասարդ ակտիվիստների, շարքային քաղաքացիների հետ, այդ համակարգափոխությունը, այդ կեղծ իշխանության փոփոխությունը տեղի կունենա»:

Իսկ մինչ այդ «Ժառանգություն»-ում պատրաստվում են թիվ 38 ընտրատարածքում կայանալիք ընտրություններին, որտեղ առաջադրել են կուսակցության Կապանի տարածքային կազմակերպության պատասխանատու, ազատամարտիկ Սամվել Հայրապետյանի թեկնածությունը:

Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ անձամբ մասնակցելու է քարոզարշավին՝ շեշտելով, թե հաղթանակն իրատեսական է․ - «Այս երեք ամսիների ընթացքում ես համոզվեցի, որ այս կեղծ իշխանությունը ջախջախիչ պարտություն է կրել: Եվ ես կարծում եմ, որ այդ պարկեշտ, նվիրված ազատամարտիկը՝ Սամվել Հայրապետյանը, ում նույն պարոն Լիսկան բերման ենթարկեց, որովհետև ինքը իմ շտաբի պետն էր Կապանում, այդ մարդը, որ անգամ այդ պայմաններով ապահովեց հաղթանակը Կապանում, ինքը իրական այլընտրանք է: Եվ մենք ամեն ինչ պիտի անենք, որ արդար ընտրության դեպքում ինքը հաղթի»:

Վերջին օրերի զարգացումները՝ քաղաքապետարանի շենքի մոտ ավելի քան մեկ ամիս շարունակվող նստացույցը, մայրաքաղաքի տարբեր հատվածում բռնկված բողոքի ակցիաները և այլն, Րաֆֆի Հովհաննիսյանը գնահատում է որպես պատասխան Երևանի ավագանու ընտրություններում տեղ գտած կեղծիքներին:

Նա բավարար չի համարում Հենրիկ Նավասարդյանի և Միսակ Համբարձումյանի հրաժարականի պահանջը․ - «Այո, այդ պաշտոնյաները պետք է հեռանան: Բայց պետք է հեռանան նաև բոլոր պաշտոնյաները, ովքեր կեղծ ընտրությամբ նստում են ժողովրդի վզին»: