Մատչելիության հղումներ

Հովհաննիսյանը համոզված է՝ իշխանափոխությունն իրականություն է դառնալու այս տարի


«Ժառանգություն» կուսակցություն առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր Երևանի Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքում կոչ արեց ոչ իշխանական ուժերին և քաղաքացիական նախաձեռնություններին առաջիկա մեկ ամսվա ընթացքում համախմբվել կերտելու ուժը, որն արդեն սեպտեմբերին երկրում փոփոխություններ պետք է իրականացնի:

«Ամբողջ ազգը՝ պաշտոնավոր, հրամանատար, մարզպետ, շարքային քաղաքացի և առաջին հերթին՝ ազատամարտիկ, գիտի, որ իշխանական մեծագույն կեղծիքի պատճառով բոլորս այսօր գտնվում ենք կախման մեջ, Հայաստանի Հանրապետությունը փաստացի արտակարգ իրադրության մեջ է գտնվում», - իր ելույթում ասաց Հովհաննիսյանը, - «Այսպես շարունակել չենք կարող, և սա վերկուսակցական համազգային գիտակցություն է ամենուր՝ գյուղում և քաղաքում․․․ Մենք ունենք մի եղանակ վերջին այս փակուղային ժողովրդագրական տագնապից հետ կանգնելու համար, մեր ներքին և արտաքին մարտահրավերներին պատասխան տալու համար»:

Րաֆֆի Հովհաննիսյանը համոզմունք հայտնեց, որ իշխանափոխությունն իրականություն է դառնալու այս տարի:

«Այս սեպտեմբեր ոչ [թե] թեժ աշուն է սպասվում մեզ, այլ հրամայական պայքար՝ յուրաքանչյուրս իրեն հաղթահարելու համար և կերտելու այդ միասնական հրապարակը, որ բերելու է նոր Հայաստան», - ասաց անցած ընտրություններում պաշտոնական արդյունքներով երկրորդ տեղը զբաղեցրած նախագահի նախկին թեկնածուն, նշելով, որ հաջորդ հանրահավաքը հրավիրելու է սեպտեմբերի սկզբին, մինչ այդ հավաքներ է անցկացնելու Վանաձորում և Գյումրիում, ապա Սյունիքի մարզում և Լեռնային Ղարաբաղում:

Անդրադառնալով ապրիլի 9֊ի հետընտրական զարգացումներին՝ Րաֆֆի Հովհաննիսյանը գնահատեց․ - «Ես ուրախ եմ, որ այն բանից հետո, երբ ինձ, իմ կնոջը, երեխաներին, գործընկերներին մեր ոստիկաններից ոմանք Բաղրամյանի ասֆալտի հոտը և համը ցույց տվեցին, ոստիկանապետը որոշեց ժողովրդի կողմից ընտրված քաղաքացու հետ քայլել և աղոթել հիմնական ընտակեղծարարների հոգիների համար: Ես գոհ եմ, որ արյուն չթափվեց՝ ոչ քաղաքացու, ոչ ոստիկանի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG