Մատչելիության հղումներ

Թիվ 38 ընտրատարածքում մնաց պատգամավորի 3 թեկնածու


Հայաստան -- Հրապարակ Կապանում, արխիվ
Հայաստան -- Հրապարակ Կապանում, արխիվ

Սեպտեմբերի 29-ին Սյունիքում՝ թիվ 38 ընտրատարածքի պատգամավորի ընտրությանը, այս պահի տվյալներով, կմասնակցի 3 թեկնածու:

Երկու ժամ առաջ լրացավ ընտրագրավը մուծելու համար գործազուրկ թոշակառու Պավլիկ Սարգսյանին հատկացված լրացուցիչ 48 ժամը և նա, չի կարողացել մուծել մեկ միլիոն դրամ ընտրագրավը:

«Սկզբունքի խնդիր է: Ի վիճակի չեմ մուծելու, եթե ունենայի նույնիսկ՝ չէի մուծի: Վարչական դատարան եմ դիմել, և նախագահին ու վարչապետին՝ պաշտոնական նամակ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանեց Սարգսյանը:

Պավլիկ Սարգսյանն ընտրագրավը չէր մուծել նաև ՀՀ նախագահի ընտրությունների ժամանակ և դուրս էր մնացել ընտրապայքարից:

Երկու օր առաջ ինքնաբացարկի դիմում է ներկայացրել փաստաթղթերն ընտրատարածքային հանձնաժողով ներկայացրած մյուս թեկնածուն՝ 41-ամյա գործազուրկ Տիգրան Սարգսյանը: Վերջինիս լիազոր ներկայացուցիչն «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ բացարկ հայտնելու պատճառը քարոզարշավի համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների բացակայությունն է:

Այսպիսով, Սյունիքի 4 քաղաքները՝ Կապանը, Քաջարանը, Մեղրին, Ագարակը և ավելի քան 40 գյուղ ընդգրկող ընտրատարածքում պատգամավորական մանդատի համար ընտրապայքարի է պատրաստվում երեք թեկնածու՝ իշխող Հանրապետական կուսակցությունն առաջադրել էր Կապանի նախկին քաղաքապետ Արմեն Կարապետյանի թեկնածությունը, ընդդիմադիր «Ժառանգությունը»՝ կուսակցության Կապանի տարածքի պատասխանատու, ազատամարտիկ Սամվել Հայրապետյանի թեկնածությունը, երրորդ թեկնածուն՝ ինքնաառաջադրված «Կապանի հաշվապահական հաշվառման գրասենյակ» ընկերության տնօրեն Վահրամ Հովհաննիսյանն է:

Թեկնածուների գրանցման վերջնաժամկետը օգոստոսի 25-ն է: Քարոզարշավը կմեկնարկի սեպտեմբերի 1-ին, կավարտվի՝ սեպտեմբերի 27-ին:

Հիմնական պայքարն ակնկալվում է «Հանրապետականի» և «Ժառանգության» թեկնածուների միջև: «Ժառանգությունը» հայտարարում է, որ մարտահրավեր է նետում Հանրապետականին՝ նկատի ունենալով նախագահի վերջին ընտրությունների ժամանակ մասնավորապես Կապանում Հանրապետականի առաջնորդ Սերժ Սարգսյանի պարտությունը «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին:
XS
SM
MD
LG