ԱՄՆ-ը «դադար է վերցնում» Ռուսաստանի հետ հարաբերություները վերագնահատելու համար

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամա

Միացյալ Նահանգները հարկ է համարում «դադար վերցնել» Ռուսաստանի հետ հարաբերությունները վերագնահատելու համար։ Այդ մասին ուրբաթ երեկոյան հայտարարել է նախագահ Բարաք Օբաման՝ երկրի գլխավոր քաղաքական թեմաներին նվիրված ասուլիսի ժամանակ:

Հատկանշական է, որ ԱՄՆ նախագահին ուղղված առաջին իսկ հարցը վերաբերում էր Ռուսաստանի հետ հարաբերություններին, բավական կտրուկ էր և ուղիղ՝ «Ո՞րն է Պուտինի մեղքի բաժինը ստեղծված իրավիճակում և արդյոք ավելի արդյունավետ չէին Օբամայի հարաբերությունները Պուտինի նախորդի՝ Մեդվեդևի հետ»։ Ի պատասխան ԱՄՆ-ի նախագահը համաձայնեց, որ Մեդվեդևի հետ համագործակցությունը առավել հաջող էր և թերևս առաջին անգամ հրապարակավ քննադատեց Ռուսաստանի ներկայիս նախագահին:

«Ճիշտ է, երբ նախագահ Պուտինը վերադարձավ իշխանության, առավել տեսանելի դարձավ ռուսական կողմի հակաամերիկյան հռետորաբանությունը՝ վերադարձնելով մեզ սառը պատերազմի ժամանակ առկա կարծրատիպերին», - հայտարարեց Օբաման՝ հավելելով.- «Ես փորձում էի համոզել Պուտինին նայել ապագային, բայց կարծես թե իմ փորձերն անարդյունք էին»:

Իր նախագահության առաջին իսկ օրվանից Ռուսաստանի հետ հարաբերությունները վերաբեռնել ցանկացող Օբաման խոստովանեց, որ Սնոուդենին տրված ժամանակավոր ապաստանը այս լարվածության վերջին կաթիլն էր միայն։

«Ռուսաստանը առաջընթաց չարձանագրեց մի ամբողջ շարք հարցերում, որտեղ, մեր համոզմամբ, կարող էր դա անել»,- նշեց ԱՄՆ նախագահը՝ հիշատակելով տարաձայնությունները սիրիական պատերազմի, ինչպես նաև Ռուսաստանում մարդու իրավունքների պաշտպանության շուրջ:

«Անհրաժեշտ է, որ մենք դադար վերցնենք, նորովի վերանայենք՝ որ ուղղությամբ է գնում Ռուսաստանը, որոնք են մեր շահերը, և ինչպես կարող ենք վերագնահատել հարաբերությունները»,- հայտարարեց Օբաման:

Փորձագետները, սակայն, փաստում են, որ այդ գործընթացը հեշտ չի լինելու և որ հարաբերություններն իսկապես բավական սրված են: Ասուլիսի ժամանակ, օրինակ, Բարաք Օբաման բավական կոշտ արձագանքեց սեռական փոքրամասնությունների դեմ ընդունված ռուսական օրենքին, Պուտինի հետ իր հանդիպումների մասին խոսելիս էլ փաստեց, որ «դրանք անկեղծ են, ուղղամիտ, հաճախ՝ կառուցողական, չնայած Պուտինը դասասենյակի վերջում հոգնած երեխայի տպավորություն է թողնում»:

Անդրադառնալով ամերիկյան հատուկ ծառայությունների շուրջ ստեղծված վերջին սկանդալին՝ Օբաման ընդգծեց, որ դրանք գործում են օրենքի սահմաններում, բայց և խոստացավ վերահսկողության հավելյալ միջոցներ մտցնել, ինչպես նաև հնարավորինս շատ տեղեկատվություն տրամադրել հասարակությանը՝ առկա մտահոգությունները ցրելու համար:

«Մենք կարող ենք և պետք է ավելի թափանցիկ լինենք, այդ իսկ պատճառով հանձնարարել եմ հետախուզական մարմիններին որքան հնարավոր է շատ տեղեկատվություն հրապարակել իրենց ծրագրերի մասին: Մենք արդեն իսկ աննախադեպ տվյալներ ենք բացահայտել Ազգային անվտանգության գործակալության մասին, բայց կարող ենք ավելին անել»,- ասաց Օբաման։